Սահմանը փակել է Թուրքիան. Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ

օգոստոս 01, 2018 - 00:04        Viewed: 209       

Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը պատմական հնարավորություն է: Հայկական լրատվամիջոցները մեջբերում են Թուրքիայի Հանրապետական ժողովրդական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մուստաֆա Սարիգյուլի տեսանկյունը. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Հայաստանի մեկնած ձեռքը պատմական հնարավորություն կարելի է համարել»:

Թուրքագետ Աստղիկ Իգիթյանը հայտնեց, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որը հնչել է Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, շարունակում է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվել, թեև հրապարակվել է մի քանի օր առաջ. «Գրեթե բոլոր հայտնի պարբերականներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին և հաղորդել Փաշինյանի հայտարարության մասին: Դրանք հիմնականում լրատվական բնույթի նյութեր են, սակայն վերնագրերում վերաբերմունք է երևում: Օրինակ, «Կարևոր ուղերձ Հայաստանից» կամ «Անսպասելի հայտարարություն Հայաստանից»: Սակայն, պաշտոնական արձագանք չկա: Այն, հնարավոր է, ավելի ուշ լինի՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա»:

Թուրքագետն ուշադիր հետևում է հարևան երկրում տիրող իրավիճակին և ասում է, որ Մուստաֆա Սարիգյուլի դիրքորոշումը դուր չի եկել սոցցանցերի թուրք օգտատերերից շատերին. «Մեծ մասը շատ կոշտ է արձագանքել: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հակառակորդներն ասում են, որ սկզբում պետք է լուծել Արցախի հարցը»:

Այն, որ Երևանի և Անկարայի հարաբերությունները պայմանավորված են երրորդ երկրով, խոստովանում է նաև Նիկոլ Փաշինյանը: Այնուամենայնիվ, այդ նույն հարցազրույցում արված այլ արտահայտություններից դատելով՝ Հայաստանի վարչապետը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել. «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ»:

Փաշինյանը խոսել է նաև այլ հանգամանքի մասին, որը խանգարում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. «Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է: Ցեղասպանության հարցը Հայաստանի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է»:

Օրացույց