Երևանը պատասխանե՞լ է Մոսկվային

օգոստոս 03, 2018 - 00:02        Viewed: 347       

Հայաստանում բուռն արձագանք է առաջացրել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են չեզոքացնել իրենց քաղաքական նախորդներին: Խոսքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի հովանու տակ գործող ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործերի մասին է: Երկուսն էլ «մարտի 1»-ի աղմկահարույց գործով մեղադրվում են «սահմանադրական կարգը տապալելու համար:

2008թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները: Նրանք պնդում էին, որ իրականում հաղթել է ԼՏՊ-նը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկության արդյունքում նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Բողոքի ցույցերը տևեցին 10 օր: 2008թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ տասը մարդ զոհվեց (2 ոստիկանն և 8 քաղաքացի): Այդ իրադարձությունների ժամանակ երկրի գործող նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա արտակարգ դրություն մտցրեց: Սերժ Սարգսյանն այդ ժամանակ դեռ չէր անցել իր պաշտոնին:

Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հայտարարել էր. «Ռուսաստանը որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ: Այդ պատճառով էլ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի խնդիրների տեսանկյունից, որոնց Հայաստանն անդամակցում է. Վերջին օրերին մենք մի քանի անգամ արտահայտել ենք մեր մտահոգությունը Հայաստանի ղեկավարությանը: Հույս ունենք, որ իրավիճակն, այնուամենայնիվ, կառուցողական ճանապարհով կընթանա»:

Լավրովի հայտարարությունը հասարակությունում բողոք առաջացրեց: Սակայն երկրի ԱԳՆ-ն պաշտոնական, դիվանագիտորեն հավասարակշռված պատասխանով հանդես եկավ, որն, ըստ փորձագետների գնահատականի, պետք է հանգստացնի Մոսկվային:

«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան», -հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նա հաստատել է նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը «հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդումն ու խորացումն է», և հիշեցրել է, որ այդ առաջնահերթությունն ամրագրված է խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում:

Օրացույց