Հարցվածների մեծ մասը չգիտի, թե ում համար է քվեարկելու ապագա ընտրություններին

օգոստոս 06, 2018 - 00:04        Viewed: 206       

Վրաստանի անդամակցմանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը կողմ է ավելի շատ մարդ, քան նախորդ տարիներին. այսպիսին են Վրաստանում ԱՄՆ ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է հունիսի 23-ից մինչև հուլիսի 8-ը:

ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է արտահայտվել հարցվածների 75 տոկոսը, ԵՄ-ին՝ 81 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ այդ կազմակերպություններին Վրաստանի անդամակցության կողմնակիցների թիվն աճել է մոտ 10 տոկոսով: Եվրատլանտյան ինտեգրացիայի ուղղությանը քաղաքացիների նման մեծ աջակցություն եղել էր միայն 2013թ-ին:

Արտաքին քաղաքականությունից բացի հարցումը վերաբերում էր այնպիսի հարցերի, ինչպիսիք են իրադարձությունները Վրաստանում, բյուջեի առաջնահերթությունները, ժողովրդավարությունն ու շրջակա միջավայրը:

Հարցվածների մեծ մասը պնդում է, որ իրենց հայացքներին չի համապատսխանում ոչ մի քաղաքական կուսակցություն: Հարցվածների 18 տոկոսը համակրում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը, իսկ 10 տոկոսը՝ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժմանը», 3 տոկոսը՝ «Լեյբորիստական կուսակցությանը»:

Այն հարցին, եթե վաղը նախագահական ընտրություններ լինեին, ում համար կքվեարկեիք, 74 տոկոսը պատասխանել է, որ չգիտի (դա աննախադեպ ցուցանիշ է): Հարցվածների շրջանում, որոնք արդեն որոշել են որ մասնակցելու են ընտրություններին, 20%-ը կաջակցի «Վրացական երազանքին», 8 տոկոսը՝ Միասնական ազգային շարժմանը, 7 տոկոսը՝ Դավիթ Բակրաձեի «Միասնական Վրաստան» կուսակցությանը:

Հարցվածները որպես գլխավոր խնդիր հերթական անգամ նշել են աղքատությունն ու գործազրկությունը: 59 տոկոսը հայտարարել է, որ նախորդ ամսում ոչ մի օր չի աշխատել: Այս հարցին դրական պատասխան է տվել հարցվածների 30 տոկոսը: 11 տոկոսը վստահ չէ, որ կկարողանա իր ներկայիս աշխատանքը հաջորդ ամսում էլ պահել:

Հարցման համաձայն՝ բնակչության կեսից ավելին ոչինչ չգիտի կենսաթոշակային բարեփոխման մասին, որի համաձայն՝ քաղաքացիները պետք է իրենց կենսաթոշակի համար գումար կուտակեն:

Վրաստանի բնակչությունը կրիտիկական է համարում երկրում շրջակա միջավայրի վիճակը և կարծում է, որ Վրաստանի համար արդիական են օդի աղտոտման, մթերքի անվտանգության, չմշակված աղբի, հողի և ջրի աղտոտման խնդիրները:

Թբիլիսիի բնակչության 90 տոկոսն աջակցում է այնպիսի միջոցների, ինչպիսիք են ավտոմեքենաների պարտադիր տեխսպասարկումը, աղբի տեսակավորումը, մթերքի պարբերական ստուգումները, պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելքը և հասարակական տրանսպորտի բարելավումը: Մեծամասնությունը կարծում է նաև, որ կառավարությունը պետք է պահպանի և ընդլայնի այգիներն ու կանաչ տարածքները և չեղարկի այգիներում շինարարարության թույլտվությունները:

Չնայած նրան, որ Վրաստանի բնակչության մեծ մասը բնապահպանական խնդիրները խնդրահարույց է համարում, միայն 15 տոկոսն է համարում, որ այդ ոլորտի ֆինանսավորումը պետք է ավելացվի: Մեծամասնությունն առաջնահերթություն է համարում առողջապահությունը (61%), կրթությունը (55%), կենսաթոշակներն ու սոցապահովումը (47%):

Օրացույց