Կրեմլն արձագանքել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

օգոստոս 09, 2018 - 00:06        Viewed: 330       

«ՆԱՏՕ-ի ընդլայնումն անկասկած սպառնալիք է Ռուսաստանի Դաշնությանը: Եվ դա անկասկած մատահրավեր է: Համեմատաբար վերջերս է հերթական որոշումը կայացվել, որ Վրաստանին սպասում են և ընդունելու են Հյուսիսատլանտյան դաշինք: Ինչպե՞ս դա մեկնաբանել: Դա բացարձակ անպատասխանատու դիրքորոշում է: Դա պարզապես սպառնալիք է աշխարհին: Մենք բոլորս հասկանում ենք, որ Վրաստանի տարածքում որոշակի լարվածություն կա, որ Վրաստանը կից տարածքները, կամ, մեր տեսանկյունից, պետությունները դիտարկում է որպես իրենը: Այդինքն՝ չկարգավորված տարածքային հակամարտություն կա՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունենք մենք: Եվ նման երկիրը, նման պետությունն ընդունելու են ռազմական դաշի՞նք: Մենք հասկանո՞ւմ ենք, թե դա ինչ սպառնալիք է: Դա կարող է հանգեցնել պոտենցիալ հակամարտության, անկասկած, քանի որ մեզ համար Աբխազիան ու Հարավային Օսիան ինքնուրույն պետություններ են, որոնց հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք, և պետություններ են, որտեղ գտնվում են մեր ռազմաբազաները: Եվ մենք հասկանում ենք, որ եթե այլ երկիրը դրանք դիտարկում է որպես իր տարածք, ապա դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ: Այդ պատճառով էլ ես հույս ունեմ, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն այնքան խելամտություն կունենա, որ այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկի», -օգոստոսի 6-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Մոսկվան արձագանքել է զորավարժություններին, որոնք այժմ Վրաստանում անցկացնում է ՆԱՏՕ-ն: «Մենք չենք կարող համաձայնել Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե այդ զորավարժությունների նպատակը Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումն է», -մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կայունությունն ու անվտանգությունը հաստատվում է կառուցողական երկխոսության օգնությամբ, այլ ոչ թե ուղղաթիռների և տանկերի: Այդ վարժանքների իրական նպատակն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելն է, ինչը կհանգեցնի միայն իրավիճակի սրման»:

Կրեմլը դժգոհ է նաև նրանից, որ զորավարժություններին մասնակցում են Հայաստանն ու Ադրբեջանը: «Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Վրաստանի հարևան երկրները ներգրավվել են այդ կասկածելի ակտիվությանը», -հաղորդել է Զախարովան լրագրողներին:

«Արժանի գործընկեր 2018» միջազգային զորավարժությունները սկսվել են օգոստոսի 1-ին Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի ռազմաբազայում:

Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների և դաշինքի գործընկերների մի շարք զինվորականներ, այդ թվում՝ Վրաստանի 1300 ներկայացուցիչ, 1178 ամերիկացի և 500 զինվորական՝ այլ երկրներից: Ընդհանուր առմամբ, վարժանքներին ներկայացված է 12 երկիր՝ Վրաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանն ու Հայաստանը:

Ռազմական փորձագետները կարծում են, որ զորավարժությունների անցկացման փաստն ապացուցում է ՆԱՏՕ-ի համար Հարավային Օսիայի հսկայական աշխարհաքաղաքական կարևորությունը: Վրաստանն արդեն չորրոդ անգամ է մասնակցում «Արժանի գործընկեր» զորավարժություններին, սակայն այս տարի դրանք աննախադեպ են մասշտաբի առումով: Տեխնիկայի քանակն աճել է: Օրինակ, գերմանական և ամերիկյան զրահապատ փոխադրիչները, «Սթրայքեր», «Աբրամս» և «Բրեդլի» տանկերը Վրաստան են տեղափոխվել Ռումինիայից: Ամերիկյան «Ապաչ» և «Բլեքհոուք» ուղղաթիռները, որոնք առաջին անգամ են մասնակցում վարժանքներին, օդային ճանապարհով են հասցվել Վրաստան:

Օգոստոսի 1-ին կայացած բացման արարողությանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել զինվորականներին զորավարժություններին մասնակցելու համար, «որոնք կայունություն և խաղաղություն են երաշխավորում, որի համար էլ աշխատում են մեր կառավարությունները»:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն ընդգծել է, որ զորավարժությունները հստակ որևէ երկրի դեմ ուղղված չեն: «Արժանի գործընկեր» զորավարժությունների նպատակը տարածաշրջանում անվտանգությունն է, խաղաղությունն ու կայությունը», -վարչապետի խոսքերն է մեջբերում Civil.ge գործակալությունը:

Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է. «Այս զորավարժությունները ոչ միայն ամրապնդում են ռազմական ներուժը և ընդլայնում համագործակցությունն, այլ նաև մեզ մոտեցնում են ՆԱՏՕ-ի չափանիշներին»: «Վրաստանը բազմիցս ապացուցել է, որ վստահելի և նվիրված գործընկեր է, -հայտարարել է Իզորիան: «Մենք բազմիցս ասել ենք, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ համար առաջնահերթ խնդիր է արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում»:

Օրացույց