Կայացավ Վիրահայոց թեմի հաշվետու ժողովը

օգոստոս 17, 2018 - 00:03        Viewed: 312       

Կայացավ թեմի հովվությունների, բաժինների և կրթա-մշակութային ու երիտասարդական կենտրոնների կիսամյա գործունեության հաշվետու ժողովը: Ժողովը նախագահեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ժողովին ներկա էին հոգևոր դասը, պաշտոնեությունը և բաժինների աշխատակիցները:

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, որից հետո մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը ներկայացրեց. Թեմի եկեղեցիների և հոգևոր հովվությունների. Բաժինների. Թեմի հովանու ներքո գործող կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների՝ 2018 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը: Հաշվետվությունը ներառում էր 12 հովվությունները, յոթ բաժինները և յոթ կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնները: Հաշվետվությունը սլայդների միջոցով, ամրագրված համապատասխան լուսանկարներով և համարժեք տեքստերով ներկայացվեց էկրանի վրա:

Թեմի աշխատանքային գործունեության արձանագրությունում նկատելի էր առաջընթաց պետական կառույցների, կրոնական համայնքների հետ հարաբերությունների, Վրաստանում հայկական հոգևոր արժեքների ուսումնասիրության և պահպանության, սոցիալական օգնության ուղղությամբ:

Հաշվետվության յուրաքանչյուր բաժնի մասին զեկույցին հետևում էին հոգևոր հովիվների, բաժնի տնօրենների և կենտրոնների ղեկավարների հավելումները, մեկնաբանությունները, տեսակետները, ներկաների հարցադրումները և մոտեցումները, բովանդակալից և հետաքրքիր քննարկումները: Այնուհետև Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարելով հայ քրիստոնյային Հայոց Եկեղեցու շուրջը համախմբելուն,Աստվածաշնչյան պատվիրաններով դաստիարակությանը, Սուրբ Մկրտության, Սուրբ պսակի և մյուս արարողակարգերի կարևորությանը, տալիս էր գնահատականը և նոր հանձնարարականներ:

Թեժ քննարկումների հարց դարձավ քաղաքամայր Թբիլիսիում հայոց դպրոց ընդունվողների խնդիրը, որի նախաշեմը թեմում Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանն է: Մշակութային բաժնի գործունեության մասին զեկույցը ներառում էր Թբիլիսիի «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն»,Բաթումիի Ալեքսանդր Մանթաշյանց, Ռուսթավիի Սբ.Գրիգոր Նարեկացի, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ, Ախալքալաքի Տ.Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի, Արակովայի Խրիմյան Հայրիկ և Ախալցիխեի հոգևոր տեսչության կատարած աշխատանքները, նկատելի դարձնելով կենտրոնների հոգևորին, բարեգործությանը, մշակույթին և հայապահպանությանը միտված աշխատանքների կատարելագործումը:

Առաջարկություն արվեց նախակրթարան սաներին ընդունելության ժամանակ առավելությունը շնորհել հայկական դպրոց ընդունվելու առաջնահերթությանը: Խոսվեց Ռուսթավիի հոգևոր կենտրոնում 7-9 տարեկանների համար շաբաթ օրերին մեկօրյա նախակրթարան բացելու հարցի շուրջ: Որոշվեց փոխառաջնորդության կիրակնօրյա դպրոցը կոչել Սբ.Գրիգոր Տաթևացու անունով:

Ամփոփելով հաշվետու ժողովը, Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքը բերեց թեմի հոգևոր դասին իրենց ծառայությունը բարեխղճորեն կատարելու համար, հորդորեց առաջիկայում ևս շարունակել ժրաջանությամբ և անմնացորդ սիրով տարածել Քրիստոսի լույս Ավետարանը, տեր ու պաշտպան լինեն Վրաստանում հայոց սրբություններին, հոգևոր և մշակութային արժեքներին և նվիրումով շարունակել բավարարել վիրահայոց հոգևոր կարիքները: Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը բաշխեց ժողովի մասնակիցներին, դրական գնահատեց բաժինների տնօրենների և կենտրոնների ղեկավարների կողմից կատարված աշխատանքները և տվեց նոր հանձնարարականներ որպես հետագա գործունեության ուղենիշ: Բարի երթի խոսք ուղղեց Մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանին, ով իր գործունեությունը շարունակելու է այլ ուղղությամբ, ներկայացրեց Թեմում կատարվող կադրային և աշխատանքային պայմանների փոփոխությունները:

Թեմի կիսամյակային հաշվետու ժողովն ավարտվեց Թեմակալ առաջնորդի «Պահպանիչ» աղոթքով: 

Օրացույց