Թվով յոթերորդ նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին

օգոստոս 21, 2018 - 00:07        Viewed: 367       

Բնակչությունը կընտրի Վրաստանի հինգերորդ նախագահին: Առաջին անգամ նա կընտրվի 6 տարի ժամկետով: Նախքան այս պահը նախագահի պաշտոնավարման ժամկետը կազմում էր 5 տարի: Այս ընտրությունները լինելու են վերջին համաժողովրդական ընրությունները: Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ապագայում նախագահն ընտրվելու է ոչ թե ուղղակի համընդհանուր ընտրությունների միջոցով, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից:

Վրաստանի նախագահ կարող է ընտրվել երկրի 35 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի: Միաժամանակ նա պետք է Վրաստանում ապրի վերջին 5 տարին և մինչև քվեարկության օրն՝ անընդմեջ 3 տարի: Վրաստանի նախագահ կարելի է լինել միայն երկու անգամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի ընտրություններին մասնակցելու համար արդեն 16 թեկնածու է գրանցել:

Գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դեռ չի կողմնորոշվել՝ արդյոք իր թեկնածությունն առաջադրելու է նախագահական երկրորդ ժամկետի համար: Նա սեփական քաղաքական թիմ չունի: 2013թ-ին նա հաղթեց նախագահական ընտրություններում՝ լինելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն և Բիձինա Իվանիշվիլիի ֆավորիտը: Սակայն շուտով նրանց ուղիները բաժանվեցին, իսկ Իվանիշվիլին նախագահին անվանեց իր «ամենամեծ հիասթափություն»: Իսկ իշխող թիմը վերջին տարիներին նախագահին ընդդիմադիր էր:

Ներկայիս ընտրություններում Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխող կուսակցությունն իր թեկնածուին չի առաջադրում և, ենթադրաբար, չի առաջադրի: Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իշխող թիմը չի պլանավորում թեկնածու առաջադրել: Ըստ նրա՝ իշխանությունը պատրաստ է «զիջել» այդ պաշտոնն ընդդիմությանը կամ սատարել անկախ թեկնածուներից մեկին:

«Ես կարծում եմ, որ իշխող թիմը չպետք է իր թեկնածուին առաջադրի… Իմ կարծիքով՝ երկրի ժողովրդավարական զարգացման համար դա լավագույն տարբերակը կլինի: Կուսակցական թեկնածուները մեր աջակցությունը չեն ստանա, սակայն պատրաստ ենք սատարելու արժանի անկախ թեկնածուի, եթե այդպիսին հայտնվի: Հակառակ դեպքում թող հաղթանակն ու նախագահի ինստիտուտն ընդդիմությանը բաժին ընկնի», -հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում:

Անկախ թեկնածուն, որին «Վրացական երազանքը» ենթադրաբար կսատարի, Սալոմե Զուրաբիշվիլին է: Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման տարիներին նա արտգործնախարարի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն հետագայում անցավ ընդդիմության շարքերը և դարձավ իշխանությունների ամենակատաղի քննադատներից մեկը: Զուրաբիշվիլին վրացի էմիգրանտների ժառանգ է, նա ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, և վրացերեն խոսում է ֆրանսերեն շեշտադրումներով:

Վրաստանում Սալոմե Զուրաբիշվիլիի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Հատկապես՝ 2008թ-ի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ նրա գնահատականներից և հայտարարություններից հետո: Զուրաբիշվիլին կարծում է, որ պատերազմը սկսել է Վրաստանն, ու դրա գլխավոր մեղավորը Միխայիլ սահակաշվիլին է: Դրա համար նրան քննադատեցին նույնիսկ «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչներ:

Միխայիլ Սահակաշվիլիի նախկին իշխող «Ազգային շարժումը» նախընտրական կոալիցիա է կազմել տասը մանր ընդդիմադիր կուսակցությունների հետ, որը կոչվում է «Ուժը միասնության մեջ է», և որպես թեկնածու առաջադրել է Գրիգոլ Վաշաձեին:

Վաշաձեն փորձառու դիվանագետ է, որը նախագահ Սահակաշվիլիի կառավարման տարիներին նույնպես գլխավորել է Վրաստանի ԱԳՆ-ն (2008թ-ի դեկտեմբեր-2012թ-ի հոկտեմբեր): Նրա դիվանագիտական կարիերան կապված է Ռուսաստանի հետ: Երկար տարիներ նա ապրել է Մոսկվայում և հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից միայն 2008թ-ին: Վաշաձեն պրիմա-պարուհի Նինո Անանիաշվիլիի ամուսինն է:

«Եվրոպական Վրաստանը» (այս կուսակցությունը ստեղծել են Սահակաշվիլիի նախկին համախոհները, որոնք լքել են «Ազգային շարժումը» 2016թ-ին) նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրել է Դավիթ Բակրաձեին: Բակրաձեն Սահակաշվիլիի կառավարման տարիներին եղել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը: Այս քաղաքական գործիչն, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, վստահության բավականին բարձր տոկոս ունի: 2013թ-ին նա արդեն մասնակցել է նախագահական ընտրություններին՝ առաջադրվելով «Ազգային շարժման» կողմից: Այն ժամանակ նա հավաքել էր ձայների 21.73 տոկոսը:

Նախագահի ևս մեկ թեկնածու է Զուրաբ Ջափարիձեն՝ «Գիրչի» (ծայրակոն) քաղաքական շարժման առաջնորդը: Շարժումը լիբերտարիանական հայացքներ ունի և գլխավոր հարցը, որը պարբերաբար բարձրացնում է, թմրանյութերի ապաքրեականացումն է: Հենց այս կազմակերպության հայցը վարույթ ընդունեց Սահմանադրական դատարանն ու վճռեց օրինականացնել մարիխուանայի օգտագործումը:

Ըստ ավանդույթի՝ նախագահական ընտրություններին կմասնակցի Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին, որը 2008թ-ից հետո բաց չի թողել նախագահի ոչ մի ընտրություն:

Օրացույց