Կենսաթոշակային նոր համակարգի «ԴԵՄ» փաստարկները

օգոստոս 22, 2018 - 00:04        Viewed: 250       

2019թ-ի հունվարի 1-ին Վրաստանում կգործարկվի կուտակային կենսաթոշակային համակարգը: Բացատրելով կենսաթոշակային բարեփոխման անհրաժեշտությունն՝ իշխանությունը երկու փաստարկ է բերում. նոր համակարգը թոշակառուներին թույլ կտա ավելի արժանապատիվ կենսաթոշակ ստանալ, ապահովված ծերություն ունենալ և միաժամանակ բեռնաթափել պետական բյուջեն:

Սխեման հետևյալն է. կենսաթոշոկային ֆոնդ պետք է փոխանցվեն գումարներ գործատուից, աշխատողից և պետությունից: Աշխատողը ֆոնդին է փոխանցում իր ամսական աշխատավարձի 2%-ը (առանց հարկերը հանելու, այսինքն՝ ոչ այն փողերից, որոնք առձեռն է սստանում): Երկուական տոկոս էլ ֆոնդին են փոխանցում տվյալ քաղաքացու գործատուն և պետությունը: Համակարգը մասնակիորեն ստիպողական սկզբունքով է կառուցված: 40-ն անց քաղաքացիներին թույլ է տրվում ինքնուրույն ընդունել կենսաթոշակային նոր համակրգի հետ համագործակցության որոշումը: 40 տարեկանից ցածր անձինք ընտրություն չունեն. օրենքը թելադրում է սեփական ապագա կենսաթոշակը կուտակելու անհրաժեշտությունը:

Հարկային սխեմայում ինքնաբերաբար կներառվեն բոլոր աշխատող քաղաքացիները: Մասնակցությունը կենսաթոշակային բարեփոխմանը կամավոր կլինի ինքնազբաղված քաղաքացիների համար: բարեփոխումն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ:

Զուրաբ Ճիաբերաշվիլի (Առողջապահության նախկին նախարար)՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգ պետք է լինի: Բայց կամավոր հիմունքներով: Մարդը պետք է պետք է փող կուտակի, եթե նման հնարավորություն և ցանկություն ունի: Նա ինքը պետք է որոշի, թե ում վստահի իր խնայողություններն ու և ինչպես դրանք տնօրինի, որ առավելագույնս շահեկան լինի. փողը փոխանցի պետական կենսաթոշակային ֆոնդ, ոսկի գնի, կրիպտոարժույթ կամ տուն ձեռք բերի: Նոր համակարգը մարդկանց զրկում է այդ հնարավորությունից:

Պարտադիր կուտակային համակարգն արդարացված կլիներ, եթե քաղաքացիների արժանապատիվ ծերությունն ապահովեր: Սակայն խնդիրը հենց այն է, որ հենց այդ սխեմայով մարդն արժանապատիվ կենսաթոշակ չի ստանալու: Որպես օրինակ դիտարկենք ISET միջազգային տնտեսագիտական դպրոցի հաշվարկը. 40-ամյա կինը, որն այսօր առձեռն 600 լարի աշխատավարձ է ստանում, 20 տարի անց որպես հավելում բազային կենսաթոշակին (այսօրվա դրությամբ՝ 180 լարի) ամսական կստանա ևս 70 լարի: Մի՞թե այսօրվա չափանիշներով 250 լարին կարող է արժանապատիվ կյանք ապահովել: Տվյալ սխեման ներդնելով՝ մենք, ըստ էության, մարդկանց ասում ենք. այսօր դու աղքատ ես, իսկ կենսաթոշակի անցնելիս էլ ավելի աղքատ կլինես:

Եվս մեկ խնդիր է այն, թե որտեղ են պահվելու կենսաթոշակային ֆոնդի գումարները: Ըստ կառավարության առաջարկած սխեմայի՝ կենսաթոշակային ֆոնդը պետք է գանձապետական պարտատոմսեր ձեռք բերի: Դա նշանակում է, որ այդ փողերն օգտագործվելու են կառավարության կողմից, և ոչ ոք չի իմանալու, թե ինչ գումար է սպասվում կենսաթոշակի անցած մարդուն:

Դրանից զատ, ամբողջ աշխարհում մի շարք օրինակներ կան, թե ինչպես են թալանվել կենսաթոշակային ֆոնդերի գումարները: Այսպես, 2016թ-ին Բրազիլիայում համաներդրումային ֆոնդի տնօրենը կալանավորվել է կենսաթոշակային ֆոնդից 2 մլրդ դոլար գողանալու համար: Բավականին լուրջ գումարներ են «տարել» կենսաթոշակային ֆոնդերի ղեկավարները Ղազախստանում և Կորեայում: Խնդիրներ կան նաև այն երկրներում, որտեղ կրիմինալ չկա, և կենսաթոշակային ֆոնդերի միջոցները քիչ թե շատ նորմալ են տնօրինվում: Այսպես, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի կենսաթոշակային ֆոնդերի պարտավորությունները եռակի գերազանցում են այդ պետությունների տնտեսությունները: Այդ պատճառով էլ այդ երկրների կառավարությունները ստիպված են կամ բարձրացնել կենսաթոշակային տարիքը, կամ ֆոնդերի միջոցների պակասը լրացնել պետբյուջեից: Իսկ դա արդեն ճանապարհ է դեպի քաղաքական լարվածություն ու տնտեսական ճգնաժամ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 824 000 մարդ զբաղված է աշխատավարձով աշխատանքով: Նրանցից 577 000-ի աշխատավարձը չի գերազանցում 600 լարին: Եվ այժմ այդպիսի ոչ մեծ եկամտով մարդիկ մշտապես աճող կոմունալ վճարումներին, սննդամթերքի ծախսերին զուգահեռ պետք է խնայողություններ անեն ապագա կենսաթոշակի համար: Բարեփոխումը կվատթարացնի նրանց ներկայիս վիճակը:

Պետության կողմից առաջարկված կենսաթոշակային սխեման նախատեսում է աշխատող մարդու աշխատավարձի 2 տոկոսի փոխանցում կենսաթոշակային ֆոնդ, ևս երկուական տոկոս փոխանցում է գործատուն և պետությունը: Երբ մենք գործատուին ստիպում ենք կենսաթոշակային ֆոնդ փոխանցել իր վարձած աշխատակցի աշխատավարձի 2 տոկոսը, նա այդ 2 տոկոսը կկտրի այդ աշխատակցի աշխատավարձից կամ պարզապես չի բարձրացնի նրա աշխատավարձը: Այս ամենից մարդիկ ոչ մի լավ բան չեն ստանա վատթարացող սոցիալական պայմաններում:

Այս կենսաթոշակային սխեմայի գործարկումը կհանգեցնի նրան, որ կաճի գործազուրկ երիտասարդության թիվը: Ըստ պաշտոնական տվյալների՝ գործազրկության մակարդակն առավել բարձր է մինչև 40 տարեկան անձանց շրջանում: Քանի որ նոր կենսաթոշակային սխեման գործատուին ստիպում է կենսաթոշակային ֆոնդին փոխանցել մինչև 40 տարեկան յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձի 2 տոկոսն, ապա նա ակնհայտորեն ձգտելու է աշխատանքի վերցնել 40-ից բարձր տարիքի մարդկանց և ազատ լինել այդ 2 տոկոսի վճարումից:

Բարեփոխումը ոչինչ չի տալիս ներկայիս թոշակառուներին: Չգիտես ինչու, թոշակառուներից շատերը կարծում են, որ բարեփոխումն ավելացնելու է նրանց կենսաթոշակները: Իրականում, այն մարդիկ, ովքեր արդեն անցել են թոշակի, ոչինչ չեն ստանա: Խորհրդարանին ներկայացված օրինագծի մեկնաբանությունում ասված է, որ թոշակառուների թիվն անընդհատ աճում է, և բազային կենսաթոշակը պետության համար դանռում է ուժերից վեր բեռ, այդ պատճառով էլ մարդիկ իրենք պետք է իրենց համար կեսանթոշակ կուտակեն: Դրա տակ հեշտությամբ ընթերցվում է կառավարության քողարկված հայտարարությունն այն մասին, որ այսօրվա բազային կենսաթոշակը չի բարձրացվելու: Կամ աճն աննշան է լինելու՝ 10-20 լարի, ինչը, հաշվի առնելով գնաճային գործընթացները, նույնպես ոչինչ չի տա»:

զրույցել է Մանանա Վարդիաշվիլի

Օրացույց