Կենսաթոշակային նոր համակարգի «ԿՈՂՄ» փաստարկները

օգոստոս 23, 2018 - 00:05        Viewed: 246       

2019թ-ի հունվարի 1-ին Վրաստանում կգործարկվի կուտակային կենսաթոշակային համակարգը: Բացատրելով կենսաթոշակային բարեփոխման անհրաժեշտությունն՝ իշխանությունը երկու փաստարկ է բերում. նոր համակարգը թոշակառուներին թույլ կտա ավելի արժանապատիվ կենսաթոշակ ստանալ, ապահովված ծերություն ունենալ և միաժամանակ բեռնաթափել պետական բյուջեն:

Սխեման հետևյալն է. կենսաթոշոկային ֆոնդ պետք է փոխանցվեն գումարներ գործատուից, աշխատողից և պետությունից: Աշխատողը ֆոնդին է փոխանցում իր ամսական աշխատավարձի 2%-ը (առանց հարկերը հանելու, այսինքն՝ ոչ այն փողերից, որոնք առձեռն է սստանում): Երկուական տոկոս էլ ֆոնդին են փոխանցում տվյալ քաղաքացու գործատուն և պետությունը: Համակարգը մասնակիորեն ստիպողական սկզբունքով է կառուցված: 40-ն անց քաղաքացիներին թույլ է տրվում ինքնուրույն ընդունել կենսաթոշակային նոր համակրգի հետ համագործակցության որոշումը: 40 տարեկանից ցածր անձինք ընտրություն չունեն. օրենքը թելադրում է սեփական ապագա կենսաթոշակը կուտակելու անհրաժեշտությունը:

Հարկային սխեմայում ինքնաբերաբար կներառվեն բոլոր աշխատող քաղաքացիները: Մասնակցությունը կենսաթոշակային բարեփոխմանը կամավոր կլինի ինքնազբաղված քաղաքացիների համար: բարեփոխումն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ:

Միրիան Գոգիաշվիլի (ֆինանսների նախկին նախարար)՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգն այլընտրանք չունի: Դա կենսաթոշակային ապահովման և երկրում «երկար փողերի» ստեղծման լավագույն մոդելն է: Թոշակառուների համար շատ շահեկան է կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը: Թեև սա բնավ սպեղանի չէ, և միայն կենսաթոշակային ֆոնդն ի վիճակի չէ մարդկանց արժանապատիվ և երջանիկ կյանք ապահովել: Դրա համար դեռ շատ բան է պետք անել, սակայն անհրաժեշտ բարեփոխումների շարքում կենսաթոշակային համակարգը կարևորագույնն է:

Կուտակային կենսաթոշակային համակարգը չի կարող կամավոր լինել ոչ հիմա, ոչ ապագայում: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ Վրաստանի բնակչությունը հիմնականում ծախսում է փողերը և խնայողություններ չի անում: Այդ պատճառով էլ կուտակային կենսաթոշակային համակարգ մարդկանց ներգրավելը պետք է պարտադիր լինի, ինչպես պարտադիր վճարը: Ինչպես ցույց է տալիս փորձը, դա լավագույն ելքն է:

Պետությունն անհրաժեշտ ամեն ինչ արել է, որպեսզի կենսաթոշակային ֆոնդի վճարումները մարդկանց համար ծանր բեռ չլինեն: Հենց այն պատճառով, որ աշխատողների մեծ մասի աշխատավարձը բարձր չէ, լիբերալ սխեմա է մշակվել: Աշխատողը վճարում է աշխատավարձի 2 տոկոսը, երկուական տոկոս էլ ավելացնում են գործատուն և պետությունը: Ավելի լիբերալ սխեմա դժվար է պատկերացնել: Ինձ այս բարեփոխման մեջ հենց այդ հատվածն է դուր գալիս:

Այն փաստարկը, թե գործատուն շահագրգռված կլինի 40-ից բարձր տարիքի աշխատողների ընդունել կենսաթոշակային ֆոնդին այդ երկու տոկոսը չվճարելու համար, քննադատության չի դիմանում: Եթե մարդը պատրաստ է աշխատել ավելի պակաս գումարով, քան այսօր, դա կենսաթոշակային բարեփոխման սխալ չէ: Պահանջները պետք է ներկայացնել աշխատակցի որակավորմանն ու աշխատաշուկային: Եթե գործատուն տեսնում է, որ աշխատակիցը պատրաստ է 1000 լարիի փոխարեն աշխատել 800 լարիով, նա անպայման կկտրի նրա աշխատավարձը, և առանձնապես նշանակություն չունի, դա կլինի կեսաթոշակային բարեփոխման, թե այս կամ այն ընկերության վճարային քաղաքականության փոփոխության պատճառով: Եթե մարդն այլընտրանք ունի, հնարավորություն ունի ավելի լավ վարձատրվող աշխատանքի տեղափոխվել, նա կտեղափոխվի: Եթե գործատուի համար ավելի շահեկան է 40-ից բարձր տարիքի մարդու ընդունել աշխատանքի, նա այդպես էլ կվարվի՝ անկախ նրանից, գործարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգը, թե ոչ: Այդ պատճառով էլ այս փաստարկն անընդունելի է:

Այժմ անդրադառնանք նրան, թե կենսաթոշակային ֆոնդի միջոցների կառավարումը պաշտպանված չէ ռիսկերից: Բիզնեսն ու տնտեսությունն ընդհանուր առմամբ ցիկլիկ են աշխատում, և բոլոր գներն անկայուն են. տնտեսությունում կան վերելքի և անկման փուլեր: Որոշակի ցիկլի ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ: Տնտեսական ճգնաժամերը սովորաբար մասշտաբային են լինում, և ինչպես ազգային արժույթով, այնպես էլ արտարժույթով խնայողությունները հաճախ կարող են «փչանալ»: Խնայողությունների հուսալիությունն այդպիսի դեպքերում կախված է այն խմբերի որակավորման մակարդակից, որոնց վստահվել են խնայողությունները: Եթե ղեկավարվենք այն փաստարկով, թե պետությունն ունակ չէ ճիշտ կառավարելու միջոցներն, ապա այդ դեպքում հարկ էլ պետք չէ վճարել: Կարևորն այն գիտակցությունն է, թե ինչ ենք մենք ուզում ստանալ, և հետո այդ արդյունքը ստանալու համար ճիշտ տնօրինել ռեսուրսները: Ինձ համար անընդունելի է այն փաստարկը, որ երաշխիքներ չկան, թե կենսաթոշակային ֆոնդ փոխանցված գումարները չեն արժեզրկվի: Իսկ մենք ունե՞նք երաշխիքներ, որ դոլարը, ֆունտ ստերլինգը կամ ոսկին չեն արժեզրկվի: Ռիսկերից կենսաթոշակային ֆոնդի միջոցների առավելագույն պաշտպանության համար դրանք պետք է բանկ գցել: Բանկային համակարգը վրացական տնտեսության առավել զարգացած հատվածներից մեկն է: Միջազգային վարկանիշային ընկերությունները բարձր են գնահատում մեր առևտրային բանկերի գործունեությունը:

Իմ կարծիքով՝ կենսաթոշակների մասին օրենքի գլխավոր թերություններից մեկը տվյալ փուլում այն է, որ կենսաթոշակային ֆոնդի միջոցներն առաջին մի քանի տարում բանկային համակարգում են լինելու: Ցավոք, տվյալ փուլում այլ ուղի չի նշմարվում: Բարեփոխումն անպայման է պետք իրականացնել: Ֆոնդերի միջոցներն առանց ռիսկերի այսօր կարող է կառավարել միայն բանկային հատվածը: Այսօրվա դրությամբ դա օպտիմալ ընտրություն է, որը կարող էր անել պետությունը»:

զրույցել է Մանանա Վարդիաշվիլի

Օրացույց