Իրանի դեսպանը Վրաստանի ԱԳՆ-ին բողոքի խիստ նոտա է հղել

օգոստոս 24, 2018 - 00:14        Viewed: 469       

Թբիլիսիում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Վրաստանի արտգործնախարարությանը: Ըստ IRNA իրանական գործակալության՝ Թբիլիսիի օդանավակայանի անվտանգության ծառայությունը Թբիլիսի-Սպահան չվերթի ուղևորներից մի քանիսից պահանջել է հանել հիջաբը:

Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Բահրամ Քասեմն ասել է, որ Իրանի դեսպանը զանգահարել է մի քանի ուղևորների, որոնք Վրաստան են այցելել՝ տեղեկատվությունը վերստուգելու համար, որից հետո Վրաստանի արտգործնախարարությանն ու օդանավակայանի անվտանգության ծառայությանը բողոքի խիստ նոտա է հղել:

Բացի այդ, Իրանի ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտը բողոքի նոտա է ուղարկել Թեհրանում Վրաստանի դեսպանատանն ու բացատրություն պահանջել դեսպանից:

«Իրանը նաև կոչ է արել վրացական իշխանություններին կանխել նման միջադեպերի կրկնությունն, իսկ օդանավակայանի անվտանգության ծառայությանը՝ պահմանել հիջաբով մուսուլման կանանց արժանապատվությունը», -հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Վրաստանի ԱԳՆ-ն արդեն պատասխանել է Թբիլիսիի օդանավակայանում կատարվածի վերաբերյալ Իրանի դժգոհությանը: «Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վրացի իրավապահների կողմից որևէ հակաիրավական գործողություն չի եղել, այդ թվում՝ կրոնական զգացմունքները վիրավորող», -հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն:

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ վրացական կողմին Իրանի դիվանագիտական խողովակներով լուրեր են հասել, որ Իրանի քաղաքացիների մի մասը հայտնել է Թբիլիսիի օդանավակայանում անվտանգության ստուգման ժամանակ Իրանի կին քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին:

«Այս տեղեկատվությունը ստանալուց հետո Վրաստանի ՆԳՆ համապատասխան ծառայությունը սկսել է ուսումնասիրել ուղևորների ստուգման ընթացակարգերը, որոնք իրականացնում են ավիացիոն անվտանգության սպաները: Ըստ անցկացված օպերատիվ միջոցառումների՝ «որևէ հակաիրավական գործողություն վրացի իրավապահների կողմից, այդ թվում՝ կրոնական զգացմունքները վիրավորող, չեն հայտնաբերվել», -հաղորդել է Վրաստանի ԱԳՆ-ն:

Վրաստանի ԱԳՆ-ն արդեն իրազեկել է իրանական կողմին առաջին ստուգումների արդյունքների մասին: Հերթական անգամ թեման կքննարկվի Վրաստանի ԱԳՆ-ում Իրանի դեսպանի հետ հանդիպմանը:

Ըստ զբոսաշրջության վարչության տվյալների՝ հուլիսի ընթացքում Վրաստանում մեկ միլիոն այցելու է եղել: Նրանցից 179 000՝ իրանցի: Իրանը Վրաստանում զբոսաշրջիկների թվով հինգերորդ տեղում է Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Հայաստանից հետո:

Օրացույց