Լարիի փոխարժեքը տարեվերջին կարող է տատանվել 2,7 սահմաններում

օգոստոս 27, 2018 - 01:57        Viewed: 357       

Նախորդ շաբաթ լարին դոլարի հանդեպ արժեզրկվել է 6,5 թեթրիով, ինչը դարձել է լարիի ամենամեծ արժեզրկումը 2017թ-ից ի վեր: Հաջորդ օրերին ազգային արժույթի փոխարժեքը սկսել է ամրապնդվել, սակայն, ինչպես տնտեսագետներն են ասում, դրա վիճակը նախկինի պես անկայուն է, քանի որ լարիի վրա ազդած արտաքին և ներքին գործոնները լավատեսության հիմքեր չեն տալիս:

Սա այն դեպքն է, երբ փորձագետներն ու կառավարությունը համաձայնում են, որ այս անգամ լարիի փոխարժեքի վրա հիմնականում արտաքին գործոններ են ազդել, մասնավորապես, թուրքական լիրայի և ռուսական ռուբլու արժեզրկումը: Այդ երկու երկրները Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներն են: [2018թ-ի հունվար-հուլիս ամիսների տվյալներով՝ այն երկրների թվում, ուր իր արտադրանքն է արտահանում Վրաստանը, Ռուսաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը (ողջ արտահանման 12.9%-ը), Թուրքիան՝ 4-րդ տեղը (9.2%): Ներկրման ցուցանիշի համաձայն՝ նույն ժամանակահատվածում Թուրքիան Վրաստանի գլխավոր գործընկերն է՝ 16%, այնուհետև գալիս է Ռուսաստանը՝ վրացական արտահանման 10%]: Հետևաբար, այդ երկրներում նկատվող տնտեսական անկայունությունը բացասական ազդեցություն է գործում, առաջին հերթին, ակնկալիքների վրա:

Տարեսկզբից թուրքական լիրան դոլարի հանդեպ արժեզրկվել է 40%-ով, ինչն ԱՄՆ հետ լարված հարաբերությունների հետևանք է: ԱՄՆ-ն կրկին նոր պատժամիջոցներով է սպառնացել է Թուրքիային, եթե ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնը ժամանակին ազատ չարձակվի: Դրական ազդանշան թե մեկ, թե մյուս կողմից չի նկատվում:

«Ներդրողներն, արտարժույթի առևտրով զբաղվողներն ու այլ տիպի տնտեսական գործակալները հարևան երկրներում սկսված ճգնաժամին նայում են կարճաժամկետ տեսանկյունից: Երբ հարևան երկրներում ճգնաժամ է դիտվում, նրանց մոտ սպասումներ են առաջանում, որ կարժեզրկվի նաև լարին, ինչը վերջին հաշվով իրոք բերում է մեր արժույթի արժեզրկմանը», -հայտարարել է տնտեսագետ Զվիադ Խորգուաշվիլին:

«Առաջին խուճապը մարեց, և լարին սկսեց կայունանալ: Եթե կայունացման այդ գործընթացը չշարունակվի, մենք կարող ենք ենթադրել, որ լարիի արժեզրկումն այլ պատճառներ էլ ունի: Սակայն դեռ այլ վիճակագրական տվյալներ չկան, այլ եզրակացություն մենք չենք կարող անել», -նշել է նա:

Լարիի կայունացման տեսանկյունից գլխավոր նպատակն, ինչպես նշել է Վրաստանի վարչապետն, արտաքին գործոններից կախվածության նվազումն է: «Մեր խնդիրն այն է, որպեսզի, մի կողմից, մենք առավել արդյունավետ ինտեգրվենք գլոբալ տնտեսությանն, իսկ մյուս կողմից, մենք անպայման պետք է նվազեցնենք արտաքին գործոնների հանդեպ խոցելիությունը: Այս երկու խնդիրները հեշտ չեն, բայց համատեղելի են: Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին (լարիի ամրապնդումը), դրա լավ օրինակն է», -հայտարարել է Մամուկա Բախտաձեն՝ չհստակեցնելով, թե ինչ ճանապարհով է վրացական տնտեսությունը մտադիր կատարել այդ խնդիրը:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան ընդհանրապես լարիի տատանումները դրական երևույթ է համարում և դա հետևյալ կերպ է բացատրում. «Լարիի տատանումները մեզ հնարավորություն են տալիս մեր տնտեսության համար «անվտանգության բարձիկ» ստեղծել: Այդ տատանումները մեզ պաշտպանում են: Օրինակ, եթե լիրն արժեզրկվի, իսկ մեր լարին կայուն մնա, մենք կսկսենք մեծ քանակով թուրքական ապրանք գնել: Իսկ դա մեզ ձեռնտու չէ, քանի որ մեր սեփական արտադրանքը կթանկանա, և մենք չենք կարողանա այն արտադրել, բայց չէ՞ որ մենք այդպիսի բան չենք ուզում»:

Փորձագետների մի մասը Գեորգի Կոբուլիայի այս հայտարարությունը գնահատեց որպես պատասխանատվությունից խուսափում և իրականության ոչ ճիշտ գնահատում:

Տնտեսագետ Ակակի Ցոմայան կարծում է, որ լարիի արժեզրկման գործում արտաքին գործոններին զուգահեռ մեծ դեր է խաղում նաև կառավարության ոչ կոմպետենտությունը: Ըստ նրա՝ կառավարության և Ազգային բանկի հանդեպ տոտալ անվստահություն կա, ինչն էլ պայմանավորում է բացասական սպասումներն ու անհուսությունը:

«Վրաստանի Ազգային բանկը լռում է, իսկ եթե պատահաբար մի բան է հնչում, ապա այնպիսի լեզվով, որը հասկանում են միայն նրանք, ովքեր առանց այդ էլ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում: Ժողովրդին ոչ ոք ոչինչ չի բացատրում, և խուճապ կա», -ասում է Ակակի Ցոմայան:

Փորձագետները դեռ խուսափում են հստակ կանխատեսումներ անել, սակայն Թուրքիայում և Ռուսաստանում ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրներից մեկը համարում են գների աճը: Ֆինանսիստ Իրակլի Էրաձեն Business Media Georgia-ի հետ զրույցում հայտարարել է, որ նշված տատանումներն ունակ են տարբեր արտադրանքի գների աճի հանգեցնել:

«Ելնելով նրանից, որ մեր երկիրը մեծապես կախված է ներկրումից, միջնաժամկետ հեռանկարում ազգային արժույթի տատանումներն անպայման արժեզրկման գործընթացների կբերեն, և Ազգային բանկի համար արդեն դժվար կլինի զսպել արժեզրկումը», -հայտարարել է Իրակլի Էրաձեն:

Տարբեր հատվածներում արդեն գների աճ է սկսվել: Ըստ Ցորեն արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավայի՝ (Business Media Georgia), վերջին երկու շաբաթում մեկ պարկ ալյուրի գինը 35 լարիից դարձել է 42 լարի, և դրա հիմնական պատճառը ռուբլու արժեզրկումն է:

Չհուսադրող կանխատեսում է անում Galt & Taggart ներդրումային բանկը: Այդ կանխատեսման համաձայն՝ եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը շարունակվի, լարիի փոխարժեքը տարեվերջին կարող է տատանվել 2,70 սահմաններում:

Նախորդ 6 ամիսների վերլուծության արդյունքում պարզվել է, որ դոլարի հանդեպ թուրքական լիրայի յուրաքանչյուր 10% արժեզրկումն ինքնաբերաբար հանգեցրել է լարիի 1,2% արժեզրկման: Դա հստակ ցուցադրում է Վրաստանի իրավիճակի վրա Թուրքիայի տնտեսական ճգնաժամի ազդեցությունը:

Ըստ փորձագետների՝ Վրաստանի բախտը բերել է, որ հարևան երկրներում ճգնաժամերը համընկել են ամառային սեզոնի հետ, քանի որ, շնորհիվ ակտիվ զբոսաշրջային փուլի, լարիի վրա ճնշումը հարաբերականորեն մեղմ տեսք է ունեցել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ զբոսաշրջության ոլորտում Վրաստանի եկամուտներն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել են 1,7մլրդ դոլար: Ամենաշատ մուտքերը գրանցվել են հուլիսին՝ 431 մլն դոլար, ինչը մոտ 14% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Օգոստոսն ու սեպտեմբերը զբոսաշրջության տեսակետից ակտիվ ամիսներ են, ինչը լավ գործոն է լարիի կայունացման համար:

Զազա Աբաշիձե

Օրացույց