Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները կարող են միմյանց մոտ մեկնել ID փաստաթղթերի հիման վրա

օգոստոս 30, 2018 - 00:04        Viewed: 232       

Սեպտեմբերից Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները կարող են միմյանց մոտ մեկնել առանց արտասահմանյան անձնագրերի՝ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի հիման վրա։ Համապատասխան համաձայնագիրը կստորագրվի Նյու Յորքում, ուր ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու են մեկնելու երկու երկրների պատվիրակությունները։

Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը լրագրողներին հայտնել է, որ ուկրաինական կողմն արդեն հաստատել և վրացի գործընկերներն է տրամադրել փաստաթղթերը կենսաչափական ներքին անձնագրերով (ID-քարտերով) փոխադարձ այցելությունների մասին համաձայնգիր ստորագրելու համար։

«Մենք հաստատում ենք ստացել, որ ներքին անձնագրերով քաղաքացիների ուղևորությունների մասին համաձայնագրի տեքստը համաձայնեցված է ուկրաինական կողմի պատկան մարմինների կողմից։ Այդ տեքստն արդեն պաշտոնապես ուղարկվել է Վրաստանի ԱԳՆ։ Այժմ կառավարությունը պետք է ստորագրման մասին որոշում կայացնի և որոշակի անձի լիազորի ստորագրել այն», -Իգոր Դոլգովի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար այս երկու երկրներ այցելելու համար արտասահմանյան անձնագրերը չեղարկելու մասին գաղափարը հնչեցրել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը դեռևս 2017թ-ի նոյեմբերին Թբիլիսիում։ 2018 թ-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Վրաստանի և Ուկրաինայի իշխանություններն աշխատում են նաև վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման և փոխանակման հարցի վրա։

Վրաստանում անձը հաստատող նոր փաստաթղթերը հայտնվել են 2011թ-ին։ ID-քարտը մարդուն նույնականացնելու և էլեկտրոնային փաստաթղթերում թվային ստորագրություն դնելու հնարավորություն է տալիս, որոնք Վրաստանում իրավական ուժ ունեն։ 2011 թ-ից Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են հատել վրաց-թուրքական սահմանը։

Օրացույց