Գերմանիայի վերակառուցման բանկը Վրաստանին վարկ կտրամադրի ստորգետնյա գազապահեստարան կառուցելու համար

օգոստոս 31, 2018 - 00:57        Viewed: 236       

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Վրաստան կատարած այցի շրջանակում Վրաստանի հետ երկու նոր պայմանագիր է ձևակերպվել։ Այդ պայմանագրերի շրջանակում Վրաստանը 193մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկ կստանա։ Այդ գումարի օգնությամբ Թբիլիսիի մոտ ստորգետնյա գազապահեստարան կկառուցվի, իսկ Աջարիայում կբարելավվի ջրամատակարարման համակարգը։

Գերմանիայի վերակառուցման վարկային բանկը (KFW) Վրաստանի նավթի և գազի կորպորացիային 150 մլն եվրո վարկ կտրամադրի ստորգետնյա գազապահեստարան կառուցելու համար։

Գազապահեստարանը Թբիլիսի մերձակայքում կկառուցվի՝ Սամգորի հարավային կամարի դատարկված նավթային հանքավայրում։ Ստորգետնյա գազապահեստարանը երկրի էներգետիկ անվտանգության համար կարևոր օբյեկտ է։ Այս նախագիծը Վրաստանին հնարավորություն կտա ավելի լավ յուրացնել բնական գազը, որն անցնում է Շահ Դենիզ խողովակաշարով։ Ամռանը, երբ գազի սպառումը մեծ չէ, Ադրբեջանից ստացվող գազն ուղղվելու է դեպի պահեստարան, իսկ սպառման գագաթնակետին՝ ձմռանը, կօգտագործվի պահեստավորված գազը։ Գազամատակարարման վթարային անջատումների դեպքում պահեստարանը պետությանը թույլ կտա սպառողներին անարգել գազ մատակարարել։

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2019-ին։ Պահեստարանը կգործարկվի 2020թ-ին։

Գազապահեստարանի նախագիծը գործընկերային հիմնադրամը ներկայացրել է 2014թ-ի հոկտեմբերին։ Այդ օրվանից Վրաստանի իշխանությունները փորձել են բազմաթիվ միջազգային ներդրողների հետ վարկային պայմանագրեր կնքել նախագծի ֆինանսավորման համար։

Գազապահեստարանի կառաւցման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 250 մլն եվրո։ 150 մլն-նը վրացական կողմին որպես վարկ տրամադրել է Գերմանիան։ Մնացած 100 մլն դոլարը որպես վարկ Վրաստանի նավթի և գազի կորպորացիան փորձում է ստանալ Եվրոպայի ներդրումային բանկից։ Այդ հարցի շուրջ բանակցություններն արդեն ընթանում են։

Աջարիայի գյուղերում ջրամատակարարման, ջրահեռացման և կոյուղու համակարգերի ծրագրի համար Գերմանիայի կառավարությունը Վրաստանին որպես արտոնյալ ֆինանսական ռեսուրս տրամադրել է 40 մլն եվրո, ինչպես նաև 3 մլն եվրո՝ որպես գրանտ։

Այս գումարները ծախսվելու են Խուլոյի, Կեդայի, Շուախևիի, Խելվաճաուրիի և Քոբուլեթիի մունիցիպալիտետների գյուղերի ջրատար և կոյուղային համակարգերի վերականգնման վրա։

Այս նախագիծը ջրամատակարարումը կբարելավի 215 մարդու համար։ Սա Աջարիայում առաջին նախագիծն է, որն իրականացվելու է Գերմանիայի ֆինանսական աջակցությամբ։

Գերմանիայի հետ Վրաստանի տնտեսական համագործակցության զգալի արդյունք է համարվում աշխարհի առաջատար երկաթուղային ընկերություններից մեկի՝ Deutsche Bahn-ի հետ պայմանագիրը։ Այդ պայմանագրի համաձայն՝ Վրացական երկաթուղին և Deutsche Bahn-ը ռազմավարական գործընկերներ են դառնում և կսկսեն աշխատել վրացական հատվածում համատեղ նախագծերի վրա։

Գործընկերության շրջանակում Վրացական երկաթուղին պատասխանատու է լինելու ռումինական Կոնստանցա նավահանգստային քաղաքից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով դեպի Մերձավոր Արևելք և Հնդկաստան, ինչպես նաև Կասպից ծովով դեպի Արևելյան Ասիա բեռնափոխադրումների կազմակերպման համար։

Deutsche Bahn-ն, իր հերթին, պատասխանատվություն է վերցնում Կոնստանցայից Եվրամիության տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային բեռնափոխադրումների համար։ Փոխադրումներն իրականացնելու է Deutsche Bahn-ի դուստր ընկերությունը՝ DB Schenker-ը։ Ըստ Անգելա Մերկելի՝ «Գերմանիան բիզնես-կապերի խորացման հեռանկար է տեսնում», իսկ առավել հեռանկարային է Վրաստանից դեպի Եվրամիություն ագրարային հատվածում արտադրված մթերքի արտահանումը։

Մերկելի պատվիրակության կազմում էին գերմանական այնպիսի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Knauf Gips KGն, Ernst Klett AG-ն, Deutsche Bahn AG-ն,Caisley International GmbH-ը, GP Günter Papenburg AG-ն, Cronimet Holding AG/Cronimet Mining AG-ն, Giesecke & Devrient-ը։

Նրանք ծանոթացել են Վրաստանում գոյություն ունեցող ներդրումային միջավայրին։ Վրաստանի իշխանությունները հույս ունեն, որ այդ հանդիպումները հստակ արդյունքներ կունենան, և գերմանական ընկերությունները կհետաքրքրվեն Վրաստանում ներդրումներով։

Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան աշխատում է մի օրինագծի վրա, որը Վրաստանի քաղաքացիներին օրինական ճանապարհով աշխատանքի տեղավորվելու հնարավորություն կտա։ Ըստ Մերկելի՝ Վրաստանի և Բալկանյան երկրների քաղաքացիների համար քվոտա կսահմանվի, և նրանք օրինականորեն աշխատանքի կտեղավորվեն Գերմանիայում դեֆիցիտային մասնագիտություններով։

«Մենք ոլորտի մասնագետների օրինագիծ ենք նախապատրաստում։ Առանձին մասնագիտությունների համար, որտեղ մեծ պակասուրդ կա գերմանական շուկայում, և Ասոցացման համաձայնագրի շրջանակում, այդ թվում՝ Վրաստանի և Բալկանյան երկրների համար, մենք այդ քվոտաները կստեղծենք։ Մենք կձևավորենք օրինական և իրավական տեսանկյունից ճիշտ ուղիներ։ Այդ թվում նաև՝ մասնագիտական ուսումնարանների միջոցով, որպեսզի այդ դպրոցներն ուժեղանան։ Դրանից բացի, գերմաներենի ուսումնասիրման աջակցություն կլինի», -հայտարարել է Մերկելը։

Մանանա Վարդիաշվիլի

Օրացույց