Սերտ կապերի պատճառով լիրայի անկումը զգալիորեն արտացոլվել է վրացական լարիի վրա

սեպտեմբեր 11, 2018 - 00:08        Viewed: 183       

Թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ նվազել է ևս 4%, իսկ ընդհանուր առմամբ տարեսկզբից լիրան կորցրել է իր արժեքի ավելի քան 40%: Տարածաշրջանի համար դա վատ նորություն է: Թուրքիայի հարևանների համար լիրայի հետ կապված խնդիրներն ավելի նկատելի են գոնե միայն այն պատճառով, որ Թուրքիայի տնտեսությունը մեծ է և տարածաշրջանի երկրների հետ սերտ առևտրային և ներդրումային կապեր ունի:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ներդրումների և առևտրային համաձայնագրերի «ոսկե եռանկյունի» է ձևավորվել, որի խորհրդանիշը նախորդ տարվա նոյեմբերին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումն էր:

Տարածաշրջանի և Թուրքիայի միջև զարգացող առևտուրը հարևան երկրներին Անկարայի խնդիրների պատանդն է դարձնում: Թուրքիայի ճգնաժամը սակայն ազդեցություն չունի Հայաստանի վրա. այդ երկու երկրների միջև կապերը նվազագույնի են հասցված, իսկ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալն աննշան է:

Սերտ տնտեսական կապերի պատճառով լիրայի անկումը զգալիորեն արտացոլվել է վրացական լարիի և ադրբեջանական մանաթի վրա, սակայն Վրաստանի տնտեսության դրական դինամիկան օգնել է խուսափել լուրջ հետևանքներից:

«Խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունն ու արտաքին եկամուտների զգալի աճն օգնեց լարիին խուսափել անկումից մինչև 2018թ-ի սկիզբը: Սակայն լիրայի անկումն օգոստոսի 10-ին ազդեց նաև լարիի վրա, և վրացական արժույթը դոլարի հանդեպ 3,9%-ի անկում ունեցավ՝ այն կազմեց 2,57 լարի մեկ դոլարի դիմաց», -գրում է Թբիլիսիում տեղակայված Galt&Taggar ներդրումային բանկն օգոստոսի 13-ի ճգնաժամի հետևանքների մասին վերլուծական հոդվածում: Հաշվի առնելով Թուրքիայում շարունակվող ճգնաժամը՝ վերլուծաբանները ակնկալում են, որ մինչև 2018-ի վերջ լարին դոլարի հանդեպ կնվազի մինչև 2,7:

Տարածաշրջանի երկրների խնդիրն այն է, որ լիրան շատ խորը և արագ անկում է ապրել՝ փոփոխելով առևտրի պայմաններն ու ազդել տարածաշրջանի մյուս երկրների արժույթի վրա, քանի որ նրանց համար արտահանումը Թուրքիա չափազանց թանկ է դարձել, իսկ Թուրքիայից ներմուծումը՝ չափազանց էժան:

Նույնն է տեղի ունեցել նաև Ռուսաստանի՝ ևս մեկ առանցքային առևտրային գործընկերոջ պատճառով։ Ռուբլու անկումը նմանատիպ հետևանքներ է ունեցել, սակայն՝ պակաս կրիտիկական է: Ռուբլու և լիրայի անկմամբ պայմանավորված կրկնակի հարվածը հանգեցրել է ողջ տարածաշրջանի արժույթների չափավոր արժեզրկմանը:

Վրաստանում լարիի արժեզրկումն ինչ-որ չափով կդանդաղեցնեն զբոսաշրջությունից ստացվող եկամուտները: Ճիշտ է, զբոսաշրջային սեզոնի ավարտից հետո վրացական արժույթը կզրկվի այդ հնարավորությունից: Սակայն Վրաստանի խնդիրները հազիվ թե լինեն այնպիսին, ինչիպիսին Թուրքիայինն ու Ռուսաստանինն են:

Անկասկած, Վրաստանի առևտրային հաշվեկշիռը տարվա առաջին կեսում ավելի քան բարենպաստ էր. արտահանման աճը կազմել է 28,5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի՝ արտասահմանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումներն աճել են 18,3%, իսկ զբոսաշրջության եկամուտները՝ 28,9%-ով, ինչը հանգեցրել է դոլարի հանդեպ 5,7%-ով լարիի ամրապնդմանը:

Կենտրոնական բանկն այդ բարենպաստ իրավիճակն օգտագործել է 87,5 մլն դոլարով միջազգային համախառն պահուստները լրացնելու համար, և դրանց ընդհանուր գումարը հասել է գրեթե 3 միլիարդի: Անհրաժեշտության դեպքում այդ պահուստները կարող են օգտագործվել փոխարժեքի հետագա անկումը զսպելու համար:

Ադրբեջանն ավելի մեծ կախվածություն ունի Թուրքիայի տնտեսական խնդիրներից, քանի որ ածխաջրածնի արտահանումը զգալի դեր ունի տնտեսությունում: Երկրի կառավարությունը վերջերս փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, սակայն դրա նավթային արդյունաբերության հետ կապ չունեցող մասը շարունակում է թույլ լինել և ավելի շատ կախված է արտարժույթի փոխարժեքի տատանումներից:

Ավելին, Թուրքիայի ճգնաժամն ազդելու է նաև երկրի նավթային հատվածի վրա: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` ՍՕԿԱՐ Թուրքիայի տնտեսության խոշորագույն ներդրողներից է: Այսօրվա դրությամբ ներդրումների ընդհանուր ծավալը համարժեք է 19 մլրդ դոլարին, սակայն այդ գումարը լիրայով է, իսկ դա նշանակում է, որ լիրայի անկումն ընկերությանը լուրջ վնասներ է հասցնում:

Ընդ որում, Ադրբեջանի պետական նավթային ֆոնդն իր ակտիվների մոտ 0,9 տոկոսը պահում է թուրքական կառավարական բոնդերով (Թուրքիայի թողարկած արժեթղթերը), որոնք նույնպես անկում են գրանցել այս տարի, հաղորդում է Eurasianet-ը:

Եվ վերջապես, Ադրբեջանը կապված է Թուրքիայի բանկային հատվածի հետ PASHA ադրբեջանական բանկի թուրքական մասնաճյուղով, որն այս տարվա հունիսին 25 մլն դոլար արժողությամբ նոր բոնդեր է թողարկել:

Օրացույց