Ախալքալաքում կայացավ հայ-վրացի պատմաբանների գիտաժողովը

սեպտեմբեր 17, 2018 - 00:23        Viewed: 502       

Ախալքալաքում սեպտեմբերի 15-16-ին Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհրդի նախաձեռնությամբ կայացավ հայ-վրացի պատմաբանների գիտաժողովը: «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհ» խորագրով գիտաժողովը նվիրված էր Վրաստանի և Հայաստանի պետական անկախության վերականգնման 100 ամյակին:

Վրաց-հայկական գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի Գիտությունների Ակադեմիաների ներկայացուցիչ գիտնական-պատմաբանները: Վրաց պատմաբանների պատվիրակությունը ղեկավարում էր Վրաստանի Գիտությունների Ակադեմիայի կից գործող Պատմության Ինստիտուտի տնօրենը`դոկտոր Գիորգի Ճեիշվիլի: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Երկու օր տևած գիտաժողովի ընթացքում հայ և վրացի պատմաբանները ներկայացրեցին բազմաթիվ գիտական զեկույցներ, որոնք լուսաբանում էին 1918-21 թվականների դրամատիկական, սակայն մեր երկրների պետականության հաստատման տեսանկյունից ամենակարևոր իրադարձությունները:

«Այս տարի Վրաստանն ու Հայաստանը նշում են իրենց պետական անկախության վերականգնման 100 ամյակը: Տոնում ենք Առաջին Հանրապետությունների 100 ամյակը: Այսօր Հայաստանի և Վրաստանի պետական անկախության վերականգնումից մեկ դար անց, Ախալքալաքում հավաքվել են երկու երկրների գիտնականները, որպեսզի ևս մեկ անգամ ընդծեն անկախ Վրաստանի և Հայաստանի գիտական շրջանակների միջև համագործակցության կարևորությունը:

Պատմաբանները համաժողովի մասնակիցներին ներկայացրեցին Առաջին Հանրապետությունների գոյության ժամանակաշրջանի վերաբերվող գիտական զեկույցներ` տարբեր իրադարձությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ մեր երկրների գիտնականները հանդիպել են, շփվել, վերականգնել են հին կապերը և ստեղծել նորերը:

Տարիներ շարունակ, տարբեր պատճառներով, մեր երկրների գիտական օջախների ներկայացուցիչները զրկված են եղել ինտենսիվ հաղորդակցման, գիտական բանավեճում որոշակի իրադարձությունների քննարկման և կարծիքներ փոխանակելու հնարավորությունից:

Հարյուրամյակներ շարունակ Վրաստանի և Հայաստանի պատմաբանները միմյանց լրացրել են մեր մասին, հայ և վրացի ժողովուրդների անցյալի մասին տեղեկություններով: Բնականաբար, հատկապես այսօր, երբ տեղեկատվությունը դարձել է թե պաշտպանության, թե հարձակման հիմնական զենքը, շատ կարևոր է, որ Վրաստանի և Հայաստանի պատմաբանների, գիտնականների միջև առկա լինի ուժեղ կապ, փոխադարձ հարգանք և սեր: Այս տեսանկյունից, գիտաժողովը, որը մենք էինք կազմակերպել, իսկապես տարածաշրջանային, միջազգային կարևորության, այլ ոչ թե տեղական մասշտաբի մի իրադարձություն է:

Խոսելով 1918-21թթ. իրադարձությունների մասին, ակնհայտ է, որ մեր երկրներին և ժողովուրդներին կենսականորեն անհրաժեշտ է իմանալ անկախություն տանող այն ճանապարհը, որով անցել են Վրաստանն ու Հայաստանը:

Սա առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մենք, հաշվի առնելով, անցյալի սխալներն ու հաղթանակները, կարողանանք հասնել իրական Անկախության և իրական Ազատության», - խմբագրության հետ զրույցում ասել է գիտաժողովների կազմակերպիչ, Սամցխե Ջավախեթի և Քվեմո Քարթլի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

Ուրախությամբ հայտնում ենք Հարգելի ընթերցողին, որ «Միությունը» այս տարվա հոկտեմբերից պարբերաբար կհրապարակի Վրաստանի և Հայաստանի անկախության վերականգնման 100 ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում հայ և վրացի պատմաբանների կողմից ներկայացրած գիտական զեկույցները:

Օրացույց