Թբիլիսիում գործող հայալեզու դպրոցների 26 առաջին դասարանցիների համար հնչեց առաջին զանգը

սեպտեմբեր 18, 2018 - 00:08        Viewed: 342       

Սեպտեմբերի 17 առավոտից տոնական և մարդաշատ էր երկրի բոլոր գործող դպրոցների մոտ: Վրաստանում սկսվեց ուսումնական տարին: Նոր ուսումնական տարին նշեցին նաև Թբիլիսիում գործող հայալեզու №104 հանյաին դպրոցում և 103-րդ դպրոցում որտեղ գործում է հայալեզու «բաժին»:

Այս տարի Թբիլիսիում գործող հայալեզու առաջին դասարաններում սովորողների քանակն 26 է -17 առաջին դասարանցի 104 դպրոցում և 9 առաջին դասարանցի համար 103 դպրոցի հայալեզու բաժնում:

Դպրոցների բակում Առաջին զանգի արարողության համար հավաքված աշակերտների, ծնողների, մանկավարժների առջև՝ որոնց համար հայալեզու դպրոցներում ուսումնական տարվա սկիզբը տոն է հանդիսանում, ելույթ ունեցան դպրոցների տնորենները, Վրաստանի Հայ Համայնքի, ինչպես նաև Վիրահայոց Թեմի ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր:

Բոլոր ելույթ ունեցողները խոսում եին մի բանի` այսօրվա կարևորության մասին, հայկական կրթության կարևորության մասին, հայկական ոգու և դաստիարակության պահպանման անհրաժեշտության մասին: Հնչեց Առաջին Զանգը, և աշակերտները բաժանվեցին ըստ իրենց դասարանների: Դպրոցում տիրեց լռությունը, սկսվեց ուսումնական գործընթացը: Եվ միայն մեկ դասարանի մոտ էր նախկինի պես բազմամարդ և աղմկոտ. առաջին դասարանն էր:

26 առաջին դասարանցիներ առաջին անգամ նստեցին դպրոցական սեղանի շուրջ… Ոմանց ծնողները արցունքներն էին սրբում, ոմանք ժպտում, ծիծաղում էին, ոմանք էլ նստել ու չէին հասկանում, թե ինչո՞ւ այսօր իրենց մանկապարտեզ չեն տարել:

Վրաստանի Հայ Համայնքը Վրաստանում գործող հայկական դպրոցների ու «բաժինների» բոլոր աշակերտներին ցանկանում է բարեհաջող և արդյունավետ ուսումնական տարի: Թող բոլոր գիտելիքները, որոնք Դուք կստանաք հայակական դպրոցների պատերի ներսում, դարձնեն ձեզ ավելի մոտ Ձեր իսկ ժողովրդին, դարձնեն Ձեզ իսկապես երջանիկ և կատարյալ մարդիկ: Մենք համոզված ենք, որ արդեն իսկ այսօր հայկական դպրոցների և բաժինների նստարաններին մեծանում են ապագա Նարեկացին ու Րաֆֆին, Նժդեհը, Դրոն ու Թեհլերյանը: Եւ իսկական հայերը:

Օրացույց