Վերջին տարիներին Վրաստանում մանկավարժի մասնագիտությունը զգալիորեն ծերանում է

սեպտեմբեր 19, 2018 - 00:26        Viewed: 183       

Իշխանություններն ընդհանուր կրթության այնպիսի ծրագիր չունեն, որն ուղղված կլինի արդյունքին, նրանք գործում են հնացած մեթոդներով, և, որպես կանոն, տարիներ շարունակ Վրաստանում դպրոցական կրթության մակարդակը ծայրահեղ ցածր է. նման եզրակացության է հանգել «Միջազգային թափանցիկություն. Վրաստան» ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպությունը, որը ծավալուն հետազոտություն է նվիրել դպրոցական կրթությանը: Հետազոտության մեջ նշվում է, որ այսօրվա կրթական համակարգն ուղղված է միայն այն բանին, որ բոլոր աշակերտները հասանելիությոյւն ունենան կրթության, և բոլոր դպրոցները համապատասխան ֆինանսավորում ստանան: Ինչ վերաբերում է կրթության որակի բարձրացմանը, այդ հարցը կրթական համակարգի քաղաքականության առաջնահերթություններից չէ: «Հետևաբար, դպրոցական կրթության վրա լրացուցիչ կերպով ծախսված բոլոր միջոցների արդյունավետությունը հարցականի տակ է», -ասվում է եզրակացության մեջ:

Չնայած այն բանին, որ 2018թ. պետությունը դպրոցական կրթության վրա կրկնակի ավելին է ծախսում, քան 2011թ., արդյունք չկա: Այդ գումարները փաստացի քամուն են տրվում, քանի որ դպրոցական կրթության մակարդակը Վրաստանում նախկինի պես ծայրահեղ ցածր է, և դա հաստատում են ինչպես միջազգային հետազոտությունները, այնպես էլ պաշտոնական վիճակագրությունը:

Օրինակ, սովորողների գնահատականի միջազգային ծրագրի (PISA) հետազոտության մեջ Վրաստանը դպրոցական կրթության մակարդակով 72 երկրների շարքում վերջից 11-րդ տեղում է, իսկ համաշխարհային մրցունակության մակարդակով՝ 137 երկրներից 106-րդ տեղում:

Նույն բանն է ասում նաև ազգային վիճակագրությունը. 2015-2018թթ. ավարտական դպրոցական քննությունները բարեհաջող հանձնել են աշակերտների 77%-ը, այն դեպքում, երբ 2011-2015թթ. այդ ցուցանիշը կազմում էր 84%:

Դպրոցական կրթության որակի ցուցիչներից մեկն էլ դպրոցական ավարտական (ատեստացիոն) քննություններն են, որոնք Վրաստանում անցկացվում են 2011թ-ից: Այդ քննությունների արդյունքները ցույց են տալիս, որ 2015թ. հետո իրավիճակը վատթարացել է: Հաջողության ամենացածր ցուցանիշները ֆիզիկա, մաթեմատիկա և օտար լեզուներ առարկաներից է: Վիճակագրություն. եթե 2011-2015թթ. դպրոցական ավարտական վկայական միջինը չէին կարողանում ստանալ տարեկան 6 600 աշակերտ, ապա 2016-2018թթ. այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով միջինը 13 500:

Վերջին 6 տարիներին Վրաստանում մանկավարժի մասնագիտությունը զգալիորեն ծերանում է, երիտասարդությունը գնալով ավելի քիչ հետաքրքրություն է ցուցաբերում այդ մասնագիտության նկատմամբ: Վիճակագրություն. 2012թ. համեմատությամբ 2017թ. դպրոցներում մինչև 35 տարեկան մանկավարժների թիվը 8%-ով ավելի քիչ է եղել, իսկ 65 տարեկանից բարձր մանկավարժների թիվն աճել է 5%:

Վրաստանի դպրոցներում դասավանդում է մոտ 67 000 մանկավարժ: Նրանց 86%-ը 36 տարեկանից բարձր է, իսկ 13%-ը՝ 65 տարեկան և ավելի:

Ցածր է նաև մանկավարժների մասնագիտական մակարդակը. 2017թ. վերջին Վրաստանում ամենաբարձր՝ մանկավարժ-մենթորի կարգավիճակ ունեցել է միայն 9 մարդ, իսկ հաջորդ աստիճանը՝ ավագ մանկավարժի կարգավիճակ՝ միայն 257 մարդ:

2017թ. ընթացիկ տվյալներով՝ հավաստագրման քննություն հանձնել է մանկավարժների միայն 30 տոկոսը: 2010-2017թթ. հավաստագրման քննություններում նվազագույն շեմը հաղթահարել է մանկավարժների միայն 25%-ը: Առավել ցածր ցուցանիշներ ունեն ցածր դասարանների, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մաթեմատիկայի ուսուցիչները: Հիշեցնենք, որ հենց այս առարկաներից՝ ֆիզիկա, մաթեմատիկա և օտար լեզուներ, վրացի աշակերտներն ամենացածր արդյունքներն են ցուցաբերում:

2011-2017թթ. մանկավարժների միջին աշխատավարձը վրացական դպրոցներում կրկնակի աճել է: 2017թ. այն կազմել է 548 լարի: Բայց այդ աշխատավարձը կրկնակի պակաս է երկրի տնտեսության մյուս ճյուղերի միջին նոմինալ աշխատավարձի: Մեծ չէ աշխատավարձերի տարբերությունը նաև պետական և մասնավոր դպրոցներում: Վերջին տվյալների համաձայն՝ մասնավոր դպրոցներում միջին աշխատավարձը կազմել է 631 լարի:

Դպրոցական կրթության ֆինանսավորման և դրա որակի միջև ուղղակի կապի բացակայության գլխավոր պատճառը երկրում որակի բարձրացմանն ուղղված պետական քաղաքականության բացակայությունն է: Դա հաստատում է նաև Կրթության նախարարության ընդհանուր կրթության ծրագիրը, ասվում է հետազոտության մեջ: Օրինակ, ծրագրում մշակված չեն որակի ստուգման չափանիշներ: Այսինքն, Կրթության նախարարությունը չի կարող չափել իր աշխատանքի արդյունքները, ինչը վկայում է, որ այն ուղղված չէ որակի բարձրացմանը:

Օրացույց