«Անկախության» հնարքը Զուրաբիշվիլին արդեն մեկ անգամ փորձարկել էր. խորհրդարանական ընտրություններում

սեպտեմբեր 26, 2018 - 00:41        Viewed: 227       

Հոկտեմբերյան ընտրությունները կդառնան Վրաստանի վերջին ընտրությունները, երբ նախագահին կընտրեն ուղիղ ճանապարհով (եթե սահմանադրությունը չփոխվի): Դրանք կլինեն ամենաանսովոր ընտրությունները: Ամենաանսովորն այն է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահի թեկնածու չի առաջադրել: Բայց միաժամանակ այն կունենա թեկնածու, որին կուսակցությունը մինչև վերջ իրենը չի համարում: Անհասկանալի էր նաև այն՝ ինչու «Երազանքը» այդքան ձգձգեց հայտարարությունն այն մասին, թե ում է վստահություն հայտնելու նախագահական ընտրություններում: Չնայած նրանք արդեն վաղուց սկսել էին աջակցել իրենց ֆավորիտին:

Դրա միակ հնարավոր բացատրությունը կարող է լինել Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության անձնական քմահաճույքը: Երկար ընդմիջումից հետո իր առաջին ծավալուն հեռուստատեսային հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարեց, որ իր կուսակցությունը թեկնածու չի առաջադրում նախագահական ընտրություններում: Իրենք կաջակցեն որևէ անկախ թեկնածուի կամ ընդհանրապես ոչ մեկի: Այդ հայտարարությունը շոկային էր նաև Իվանիշվիլիի համախոհների համար: Նախկին վարչապետը չէր թաքցնում, որ իր հետ համաձայն չեն նաև սեփական կուսակցության ներսում. ոմանք անգամ համարձակվել են մամուլում զգուշավոր քննադատության. սեփական թեկնածուի առաջադրումից հրաժարվելը կարող է ընկալվել որպես թուլություն:

Ավելին, եթե կուսակցությունն աջակցի անկախ թեկնածուի, վերջինիս «անկախությանը» միևնույն է, ոչ մեկ չի հավատա, ասում էին նրանք: Ի վերջո ինչու օգնել օտար մեկին, եթե մենք այդքան հիանալի թեկնածուներ ունենք: Սակայն համախոհների այդ պարզ փաստարկները հետ չհամոզեցին Իվանիշվիլիին: Իսկ նրա կամքին հակառակ գնալը նրա թիմի անդամների համար ի սկզբանե բացառված է: Հենց Իվանիշվիլին արեց այդ հայտարարությունը, բոլորն անմիջապես հասկացան՝ ով է լինելու այդ «անկախ» թեկնածուն՝ Սալոմե Զուրաբիշվիլին, Միխեիլ Սաակաշվիլիի երբեմնի արտգործնախարարը, իսկ ավելի ուշ՝ նրա ոխերիմ թշնամին:

«Անկախության» հնարքը Սալոմե Զուրաբիշվիլին արդեն մեկ անգամ փորձարկել էր. 2016թ. խորհրդարանական ընտրություններում նա այն ժամանակ էլ առաջադրված էր որպես անկախ թեկնածու Թբիլիսիի ընտրական շրջաններից մեկում: Հենց այդ շրջանում «Վրացական երազանքը» թեկնածու չէր առաջադրել և իր ռեսուրսներն օգտագործեց Զուրաբիշվիլիին պաշտպանելու համար: Զուրաբիշվիլին հեշտությամբ հաղթեց, ինչպես որ «Երազանքի» բոլոր թեկնածուները Վրաստանի մեծամասնական տեղամասերում, բացի մեկից (որտեղ նույնպես «Երազանքը» չխանգարեց քվազիընդդիմադիր թեկնածուի հաղթանակին):

Բացի այդ, հուլիսին Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել ընտրական օրենսգրքում՝ հօգուտ Սալոմե Զուրաբիշվիլիի: Օրենսգրքի նախորդ տարբերակն արգելում էր առաջադրվել այն անձանց, որոնք բացի Վրաստանի քաղաքացիությունից՝ ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն: Այդ դրույթի պատճառով Ֆրանսիայի քաղաքացի Զուրաբիշվիլին չէր կարող առաջադրել իր թեկնածությունը, իսկ ֆրանսիայի քաղաքականությունից հրաժարվելը երկար ժամանակ կխլեր: Օրենսգրքի նոր խմբագրությամբ՝ թեկնածուի համար բավարար է թեկնածության գրանցման պահին սկսել մյուս երկրի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը: Փոփոխությունն ակնհայտորեն հարմարեցված է Զուրաբիշվիլիին. անհրաժեշտ էր նրան հնարավորություն տալ մասնակցելու այս ընտրություններին:

Իմաստ չունի դատողություններ անել այն մասին՝ ինչու է Իվանիշվիլիի ընտրությունը կանգնել հենց Զուրաբիշվիլիի վրա. պարզապես այդպես է որոշել: Մենք գիտենք՝ ինչպես է Իվանիշվիլին բացատրում իր որոշումները, երբ դա անհրաժեշտ է համարում: Օրինակ, երբ նա իր նախկին օգնական Իրակլի Գարիբաշվիլիին նշանակեց վարչապետ, նա հիշեցրեց, որ իր մոտ աշխատելիս Գարիբաշվիլին, իր ունակությունները գործի դնելով, հասել է ֆրանսիացիներից հարմար գնով ուղղաթիռ գնելու գործարքի: Նախագահի պաշտոնում մասնագիտությամբ փիլիսոփա Գեորգի Մարգվելաշվիլիին ներկայացնելիս՝ փաստարկներից մեկը նշվեց այն, որ Իվանիշվիլիի համար հաճելի է նրա հետ զրուցել փիլիսոփայության մասին:

Զուրաբիշվիլիի դեպքում նույնպես ինչ-որ անձնական պատճառ կգտնվի. միգուցե առաջնորդին պարզապես դուր է գալիս Ֆրանսիան, չէ՞ որ նրա երկրորդ քաղաքացիությունը ֆրանսիական է: Միգուցե նրան դուր է գալիս, որ ֆրանսիացի դիվանագետը դառնա Վրաստանի արարողակարգային նախագահ: Իսկ միգուցե, այլ պատճառ կա: Ինչ էլ որ լինի, մի բան պարզ է. Զուրաբիշվիլիին ընտրել են ոչ իր ժողովրդականության պատճառով: Նա հայտնի է որպես ամբարտավան սնոբ, որին հիանալիորեն հաջողվում է մարդկանց զրկել իր հետ շփվելու ցանկությունից: 2005թ., երբ Սաակաշվիլին «ազատեց» նրան արտգործնախարարի պաշտոնից, շատերը Զուրաբիշվլիին համարում էին զոհ և ընդդիմությանը միավորող նոր դեմք:

Սակայն սեփական կուսակցությունը ստեղծելու նրա փորձերը ձախողվեցին: Վրաստանի ապագա ղեկավարի ուժեղ կողմ չի կարելի համարել նաև այն, որ լինելով Ֆրանսիայում վրացի ներգաղթյալների երեխա, նա այդպես էլ չի կարողացել նորմալ վրացերեն սովորել: Նրա հայտարարությունները, երբ մեղադրում էր Միխեիլ Սաակաշվիլիին 2008թ. պատերազմի մեջ և մերձեցել էր Պուտինի մեսիջ-բոքսին, զայրացրին բազմաթիվ մարդկանց, որոնք երբեք չեն սիրել Սաակաշվիլիին:

Անգամ «Վրացական երազանքը» ստիպված էր չընդունել նրա դիրքորոշումը (ավելի ուշ, երբ նա որոշակիորեն փոխեց իր ձևակերպումները, «Երազանքը» նրա դիրքորոշումը համարեց ընդունելի): Ինչպես երևում է, Իվանիշվիլին չի կասկածում, որ ցանկացած ոք, ում ինքը կաջակցի, միևնույն է կհաղթի: Հնարավոր է՝ նա ճիշտ է: Առավել հետաքրքիր է մեկ այլ հարց. ինչու՞ է Իվանիշվիլիին այդքան խիստ անհրաժեշտ «անկախ» թեկնածուի պատրանքը: Չէ՞ որ ակնհայտ է, որ ոչ ոք դրան, միևնույն է, չի հավատա: Հնարավոր պատասխաններից մեկը կարող է լինել այն, որ նա ևս մեկ անգամ ցանկանում է ընդգծել նախագահի զուտ արարողակարգային դիրքը և նվազեցնել իշխող կուսակցության հետաքրքրությունն այդ պաշտոնի նկատմամբ (չնայած նա, բնականաբար, իրականում դրանում իմաստ է դնում):

Նախագահության ինստիտուտի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքից բացի՝ նման մոտեցումը հակասում է ժողովրդավարական համակարգի ոգուն. կուսակցությունը, որը պատասխանատու է երկրի քաղաքական կուրսի համար, հրաժարվում է ժողովրդական ընտրություններին մասնակցությունից: Եվ «Երազանքի» ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ իրենց ցանկացած թեկնածու, միևնույն է, կհաղթեր, որևէ բան չի փոխում: Երևում է, Իվանիշվիլին փորձում է ինքնատիպ ձևական տարածություն պահպանել իր կուսակցության և ապագա նախագահի միջև: Դրա պատճառներից մեկը կարող է լինել նախորդ փորձից քաղած դասերը. նա արագ հիասթափվեց բոլորից, ում նշանակել էր պետության բարձր պաշտոններում: Խոսքը ինչպես վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի և Գեորգի Կվիրիկաշվիլիի, այնպես էլ նախագահ Մարգվելաշվիլիի մասին է:

Այդքան հիասթափություններն անհարմարության զգացողություն են առաջ բերում. մարդիկ կարող են եզրակացնել, որ խնդիրը երկրում իրական առաջնորդի մեջ է, որը չի կարողանում ինչպես հարկն է իրեն ենթականեր ընտրել: Ժողովրդի կողմից ընտրվող նախագահի դեպքում սխալն ավելի դրամատիկ է, քանի որ նախագահին չի կարելի ազատել պաշտոնից, ինչպես որ վարչապետին: Անհրաժեշտ է սպասել մինչև հնգամյա ժամկետի ավարտը: Հետևաբար, այնպիսի պայմաններում, երբ, միևնույն է, հնարավոր չէ իրապես վերահսկել նախագահին, նրա ի սկզբանե ձևական «անկախությունը» կարող է որոշակի հոգեբանական հարմարավետություն ստեղծել: Ես գիտեմ, որ շատերին չի բավարարում այս բացատությունը. ժողովուրդը սովորել է ավելի խճճված տարբերակների: Բայց հարկ է մտածել այն մասին, որ Իվանիշվիլին իսկապես նշանակություն է տալիս այդպիսի ձևականություններին:

Ի վերջո 2013թ. նրա հրաժարականից հետո ոչ մեկ չէր հավատում, որ Իվանիշվիլին իրականում հանձնել կառավարման ղեկը, բայց միևնույն է, նա համառորեն հակառակն էր պնդում: Այն, որ կուսակցությունն ընդհուպ մինչև թեկնածուների գրանցման ժամկետի ավարտը՝ սեպտեմբերի 9-ը, պաշտոնապես չհայտարարեց՝ ում է պաշտպանելու, հնարավոր է, հենց ծառայում էր այդ ձևականությանը:

Նախքան վերջնական եզրակացություն անելը, «Երազանքի» ներկայացուցիչները հանդիպել են ևս մեկ գրանցված անկախ թեկնածուի՝ 81-ամյա կինոռեժիսոր Գիորգի Շենգելայայի հետ: Դրանով, երևում է, պատրանք են ստեղծել, որ թեկնածուն ընտրվել է լուրջ քննարկումներից հետո: Հնարավոր է՝ ինձ քննադատության ենթարկեն չափազանց շատ ենթադրություններ անելու համար, և դա պրոֆեսիոնալ չէ:

Ինչու՞ չի կարելի պարզապես հավատալ նրան, ինչ մեզ ասում են. գուցե «Երազանքն» իսկապես մինչև վերջ տատանվում էր և իսկապես դիտարկում էր Շենգելայայի թեկնածությունը: Հնարավոր է, բայց դա իշխող կուսակցության գործողություններն ավելի անհասկանալի է դարձնում: Գլխավոր խնդիրն այն է, որ Վրաստանում գրեթե ամեն ինչ կախված է մեկ մարդու կամքից, որը ոչ մեկի հետ չի կիսում իր մտքերը: Ուստի Բիձինայի մտքերը գուշակելը դարձել է ազգային մարզաձև, որին դժվար է պարբերաբար չմիանալը:

Գիա Նոդիա

Օրացույց