Անգամ ամենափոքր միջադեպը կարող է հանգեցնել անվերահսկելի գործընթացների՝ հետագա ծանր հետևանքներով

սեպտեմբեր 28, 2018 - 10:37        Viewed: 114       

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որն այցով ԱՄՆ-ում է գտնվում, ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։ Նրա 18-րոպեանոց ելույթի գլխավոր թեման հակամարտության շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ ստեղծված իրավիճակն էր։ Վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից օկուպացված այդ տարածաշրջանները հումանիտար աղետի առջև են։ ՄԱԿ ամբիոնից վրացական կառավարության ղկավարը Ռուսաստանին մեղադրել է միջազգային պարտավորությունները չկատարելու համար և դիմել է աբխազներին և օսերին։ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում հունիսին նշանակված Մամուկա Բախտաձեն ՄԱԿ ամբիոնից ելույթ էր ունենում վրացերեն։

«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ դիմել իմ մայրենի վրացերեն լեզվով, որը համաշխարհային քաղաքակրթության հնագույն և անքակտելի մասերից է», -հայտարարել է նա։ Իր ելույթը սեպտեմբերի 27-ին Բախտաձեն սկսել է հիշեցնելով, որ «Վրաստանի պատմության մեջ ամենացավոտ օրը Սուխումիի անկման օրն է»։ [1993 թ-ի սեպտեմբերի 27-ին Աբխազիայում մարտական գործողությունների ակտիվ շրջանն ավարտվեց վրացական բանակի պարտությամբ։ Այդ օրը վրացական բանակը լքեց Սուխումին]։

Վրաստանի վարչապետի գնահատականով՝ այսօր «Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում առկա իրավիճակը հումանիտար աղետ է՝ իր վատագույն արտահայտամբ»։ «Այդ շրջանների ռազմականացումը շարունակվում է․․․ Ծանր հումանիտար, սոցիալ-տնտեսական և իրավական իրավիճակի պատճառով այդ շրջանների բնակչության թիվն օկուպացիայից հետո նվազել է 5-6 անգամ։ Փշալալերով բաժանարար գծերն ու այլ արհեստական խոչընդոտներն ընտանիքներ են բաժանում՝ խախտելով մարդու հիմնական իրավունքները։ Նրանք, ովքեր ապրում են օկուպացիոն գծում, չեն կարող այցելել եկեղեցի և իրենց նախնիների գերեզմանները։ Մեր քաղաքացիներին արգելում են իրենց երեխաներին վրացերեն սովորեցնել, շարունակվում են առևանգումները, խոշտանգումներն ու սպանությունները»։

Բախտաձեն վստահ է, որ, հաշվի առնելով Հարավային Կովկասում առկա հակամարտություններն, «անգամ ամենափոքր միջադեպը կարող է հանգեցնել անվերահսկելի գործընթացների՝ հետագա ծանր հետևանքներով»։ Այդ իրավիճակում Բախտաձեն կարևոր է համարում «միջազգային հանրության անխախտ աջակցությունը ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման առումով»։

ՄԱԿ ամբիոնից վրացական կառավարության ղեկավարը շատ խոսեց Ռուսաստանի մասին։ Նա Ռուսատանին մեղադրեց միջազգային պարտավորությունները՝ ներառյալ 2008թ-ի զինադադարի համաձայնագիրը չկատարելու համար։ Վարչապետը նաև կոչ արեց Ռուսաստանին չխանգարել Վրաստանի խաղաղ նախաձեռնություններին և «երկրի օկուպացված տարածքների բնակչությանը թույլ տալ արժանավայել կյանքով ապրել»։ Նրա խոսքով՝ Վրաստանը հստակ քայլեր է ձեռնարկում հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար և «ակտիվորեն փորձում է օգտագործել Ժնևյան միջազգային քննարկումների ձևաչափը»։

Սակայն այդ փորձերն, ըստ Բախտաձեի, «բանակցությունների սեղանի շուրջ բախվում են Ռուսաստանի կողմից բացարձակ չհիմնավորված դիմադրության»։ «Մենք ցանկանում ենք դուրս գալ ռուս-վրացական բանակցությունների փակուղուց, սակայն դրան կարելի է հասնել միայն Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը հարգելու պարագայում», -հայտարարել է նա։ Բախտաձեն վստահ է, որ «չնայած այդ անարդարությանը՝ Վրաստանի միակ պատասխանը մարտահրավերներին խաղաղությունն ու զարգացումն է»։

Նա հիշեցրել է, որ վրացական կառավարությունը վերջերս խաղաղ կարգավորման պլան է մշակել, որը կոչվում է «Քայլ դեպի ավելի լավ ապագա»։ Այդ փաստաթուղթը «կոչված է հաղթահարելու հումանիտար աղետն օկուպացված տարածքներում», նշել է երկրի ղեկավարը։ «Այդ նախաձեռնության հիման վրա մենք պայքարում ենք, որ կասեցնենք օկուպացված տարածքներում դեպոպուլյացիան և ապահովենք մարդու հիմնարար իրավունքների պահպանումը։ Այն կոչված է օկուպացված տարածքների բնակչության համար հստակ ապահովել առողջապահական, կրթական ծառայությունների հասանելիությունը, բնակչության համար առևտրային գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծելու, որպեսզի նրանք կարողանան կերակրել իրենց ընտանիքներն ու ապահովել նրանց ֆիզիկական գոյատևումը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Բախտաձեն ՄԱԿ ամբիոնից առանձին դիմել է «Աբխազիայի և Հարավային Օսիայի հայրենակիցներին»՝ ասելով, որ Վրաստանի յուրաքանչյուր հաջողություն նրանց հաջողությունն է։ «Մենք ընդհանուր անցյալ ունենք, որը պետք է ուղի բացի դեպի մեր համատեղ ապագան։ Վրացական իշխանությունների պարտականությունը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումն է, և մենք պատրաստ ենք այդ պարտականությունն անշրջելիորեն կատարել։ Նրանք պետք է օգտվեն բոլոր բարիքներից, որոնք հասանելի են Վրաստանում՝ որոնք են մարդու իրավունքները, կրթությունն, առողջապահությունը, դեպի Եվրոպա առանց վիզա մեկնելու հնարավորությունը», -հայտարարել է վարչապետը։

ԱՄՆ-ում այցով գտնվող Մամուկա Բախտաձեն Նյու Յորքում հանդիպել է նաև Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդային։ Հանդիպմանը քննարկվել է 2008թ-ի ռուս-վրացական պատերազմի հետաքննությունը։ Ինչպես հաղորդում է Բախտաձեի մամուլի ծառայությունը, հանդիպմանը Բախտաձեն հայտարարել է, որ Վրաստանը շարունակելու է ակտիվորեն համագործակցել Հաագայի միջազգային քրեական դատարանի հետ և անելու է ամեն ինչ հետաքննության գործընթացին հնարավորինս օգնելու համար։

«Վրացական կողմը հույս ունի, որ էթնիկ զտումները, վրացի գերիների խոշտանգումներն ու սպանությունները, վրացական բնակչության դեմ ռազմական հանցագործություններն ու Ռուսաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռների օգտագործումը Գորիի ռմբակոծման ժամանակ, մանրազնին կհետաքննվեն», -փոխանցում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Օրացույց