Գործարարը պատմել է՝ ինչպես է Իվանիշվիլին իրենից շորթել 4 միլիոն դոլար

հոկտեմբեր 01, 2018 - 21:25        Viewed: 106       

Վրաստանի նախկին վարչապետ և Վրաստանի իշխող կուսակցության ներկա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին տեղի գործարարներից մեկից շորթել է 4 միլիոն դոլար: Այս մասին «Օմեգա» խումբ ընկերության հիմնադիր Զազա Օկուաշվիլին պատմել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին:

Եվ սա դեռ ամենը չէ: Օկուաշվիլին պնդում է, որ նույն Իվանիշվիլիի հանձնարարությամբ նախկին դատախազ Օթար Փարցխալաձեն որոշ ժամանակ առաջ նկուղում փակել է սպորտի նախկին նախարար Լևան Կիպիանիին, որը եղել է դրամաշորթության ականատեսը, և նրան սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով:

Օկուաշվիլին այժմ գտնվում է Լոնդոնում ևայնտեղից հարցազրույց տվել: Նա «Ռուսթավի-2»-ին տրամադրել է թաքնված տեսախցիկով արված ձայնագրություն, որում Կիպիանին ինքն է խոսում նկուղի միջադեպի մասին: Բացի այդ, գործարարը պնդում է և պատրաստ է ապացույցներ տրամադրել, որ Վրաստանի ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ճնշում է գործադրում մասնավոր առևտրային բանկերի վրա:

Հարցազրույցը մեծ սենսացիա է դարձել և գրավել է հասարակության ուշադրությունը, առավել ևս, որ սկանդալը տեղի է ունեցել նախընտրական շրջանում. հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահ են ընտրում:

Այս պահին Օկուաշվիլիի պատմությունները հաստատող այլ աղբյուր չկա: Նրա կողմից տրամադրված թաքնված տեսախցիկի ձայնագրությունների հավաստիությունը, նույնպես դեռ չի հաստատվել:

Պատմենք որոշ մանրամասներ այդ պատմության գլխավոր գործող անձանց ու նաև այն մասին, թե ինչ կարող է դա նշանակել հասարակության համար, և ինչի կարող է հանգեցնել այդ սկանդալը:

«Օմեգա» խումբը Վրաստանում գործում է 1991թ-ից միանգամից մի քանի ոլորտներում: Խմբի մեջ մտնում են «Օմեգա Մոթորսը» (լյուքս դասի ավտոմեքենաների արտահանման հետ կապված բիզնես), OGT-ն (ծխախոտի արտադրություն՝ Philip Morris-ի, Rothmans-ի և R.J.Reynolds-ի հետ գործընկերությամբ) և «Օմեգա Թեգը» (տպարան՝ Heidelberg-ի հետ գործընկերությամբ):

«Օմեգա» խմբին է պատկանում նաև Թբիլիսիում հեռարձակվող «Իբերիա» հեռուստաալիքը:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարության օրոք ««Օմեգա» խումբը» խնդիրների առաջ էր կանգնել, և Զազա Օկուաշվիլին հեռացավ երկրից:

Դա 2004թ. էր: 2012թ. Վրաստանում սրվեց ներքաղաքական պայքարը, որի արդյունքում իշխանության եկավ Բիձինա Իվանիշվիլին և նրա «Վրացական երազանք» կուսակցությունը: Օկուաշվիլին Սաակաշվիլիի դեմ պայքարում բացահայտ պաշտպանում էր «Վրացական երազանքին» և վերադարձավ երկիր, հենց որ այդ կուսակցությունը եկավ իշխանության:

Օկուաշվիլիի կինը՝ Նատո Չխեիձեն, 2016թ. դարձավ Վրաստանի խորհրդարանի անդամ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցություներից, որը նույնպես սատարում էր իշխող կուսակցությանը:

Բայց արդեն նույն թվականին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ «Օմեգա» խումբը դարձյալ խնդիրներ ունի:

2016թ. սեպտեմբերի 28-ին հարկային ծառայությունը հայտարարեց, որ «Օմեգա» խումբը կուտակել է 50 միլիոն լարի պարտք (20,4 միլիոն դոլար), և դրանք մարելու համար «Օմեգա» խմբի ունեցվածքը պետք է հանել աճուրդի:

Այդ ժամանակ Զազա Օկուաշվլին գնաց Իվանիշվիլիի մոտ՝ Թբիլիսիի բլրի վրա նրա ապակեպատ դղյակ:

Հեռուստահարցազրույցում նա ասաց, որ եկել է՝ «արդարությունը վերականգնելու»:

Օկուաշվիլին խնդրեց փոխհատուցել իր վնասը, որը, նրա խոսքով, հասցվել էր իր բիզնեսին Սաակաշվիլիի կառավարման տարիներին: Նա վկայակոչում էր Իվանիշվիլիի նախընտրական խոստումը՝ ուսումնասիրել այն գործարարների գործերը, որոնք տարաձայնություններ են ունեցել իշխանությունների հետ, և վերականգնել արդարությունը նրանց նկատմամբ:

Հանդիպմանը մասնակցում էր այդ ժամանակ սպորտի նախարար Լևան Կիպիանին, որը ինքն էր առաջադրվել որպես գործարարի շահերի պաշտպան, ինչի համար, Օկուաշվիլիի խոսքով, պատշաճ հոնորար է ստացել:

Օկուաշվիլին ասում է, որ Իվանիշվիլին իրեն խոստացել է լուծել այդ հարցը:

Ավելի ուշ գործարարի հետ կապվել է այդ ժամանակ գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն, որը Իվանիշվիլիի մերձավոր շրջապատից է: Դատախազը նրան առաջարկել է խնդրի լուծման դիմաց վճարել «տուգանք»՝ 4 միլիոն դոլար:

Հետագա իրադարձությունները, ըստ գործարարի, զարգացել են, ինչպես դետեկտիվում:

Օկուաշավիլին չի ցանկացել վճարել տուգանքը: Նրա միջնորդը՝ վերը հիշատակված այն ժամանակվա սպորտի նախարար Լևան Կիպիանին օգնության խնդրանքով դիմել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Պարզվել է, որ վարչապետը տեղեկություն չունի այդ գործից և կապվել է Բիձինա Իվանիշվիլիի հետ: Եվ դա, ըստ գործարարի, խիստ նյարդայանցրել է Իվանիշվիլիին:

Ըստ գործարարի՝ սպորտի նախկին նախարարին փակել են շենքերից մեկի նկուղում, մերկացրել, ծեծի ենթարկել և սպառնացել բռնաբարությամբ:

Օկուաշվիլիի խոսքով՝ Կիպիանին տուն է գնացել միայն հաջորդ օրը և անգամ փորձել է ինքնասպանություն գործել:

Գործարարի երկրորդ հանդիպումն Իվանիշվիլիի հետ տեղի է ունեցել 2016թ. վերջին, և այս անգամ օլիգարխն արդեն անձամբ գործարարից պահանջել է 4 միլիոն դոլար:

Այս հանդիպմանը ներկա է եղել Վրաստանի այժմյան ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան (այն ժամանակ զբաղեցնում էր բիզնես-օմբուդսմենի պաշտոնը) և նույն Լևան Կիպիանին: Բիձինա Իվանիշվիլին բղավում էր և «կտրականապես տարբերվում էր այն մարդուց, որին հանրությունը ճանաչում է էկրանից», պատմել է «Օմեգա» խմբի» ղեկավարը:

Նրա կարծիքով՝ Իվանիշվիլիին այդ միլիոններն անհրաժեշտ էին տարբեր քաղաքական գործիչների և ընդհանրապես իրեն հավատարիմ մարդկանց ֆինանսական աջակցություն ցույց տալու համար, քանի որ նա չէր ցանկանում դրա համար ծախսել սեփական գումարները:

Վրաստանի իշխող էլիտայի նկատմամբ ամենալուրջ մեղադրանքներից մեկը, որը հարցազրույցում առաջ է քաշել Զազա Օկուաշվիլին, վերաբերում է իշխանությունների և մասնավոր առևտրային բանկերի հարաբերություններին:

Նա ասել է, որ արդյունքում ինքն, այնուամենայնիվ, ստիպված է եղել վճարել այդ 4 միլիոն դոլարը:

Այդ գումարը փոխանցվել է օֆշորում գրանցված ինչ-որ ընկերության հաշվին: Ընդ որում՝ այդ ընկերությունը գրանցված է եղել գումարը փոխանցելուց մեկ օր առաջ, և 4 միլիոնն այդ հաշվից դուրս է հանվել նույն օրը՝ Վրաստանի խոշորագույն բանկերից մեկից՝ TBC բանկից:

Օկուաշվիլին ասում է, որ բանկն իրավունք չուներ այդպիսի գումար հանել 24 ժամ առաջ գրանցված ընկերության հաշվից, բայց «բանկի ղեկավարությունը ճնշմանը չի դիմացել»:

Բիձինա Իվանիշվիլին արդեն մեկնաբանել է գործարարի հարցազրույցը:

Նա ասել է, որ իսկապես հանդիպել է Օկուաշվիլիին, բայց միայն նրա համար, որպեսզի «օգնի նրա խորտակվող ընկերությանը, որը հարկեր չէր վճարել»:

Իվանիշվիլին առաջարկել է գործարարին հրապարակել իրենց հանդիպումների ձայնագրությունը:

Իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ սենսացիոն հարցազրույցը նախընտրական «սև քարոզչություն» է, որի հետևում կանգնած է «Ազգային շարժումը»:

Ընդդիմությունը և մի շարք անկախ վերլուծաբաններ կարծում են, որ Օկուաշվիլիի ասածների մեծ մասն առանց այդ էլ հայտնի էր: Մասնավորապես, որ Վրաստանում գոյություն ունի ստվերային կառավարություն՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, այսինքն իրականում երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք կառավարության անդամ չեն և որևէ պաշտոն չեն զբաղեցնում:

Հատուկ հայտարարություններ են տարածել մի քանի վրացական բանկեր: Մասնավորապես, առաջատար «Վրաստանի բանկը» հայտարարել է, որ Օկուաշվիլին վաղուց հարկ չի վճարել և բանկին պարտք է մոտ 30 միլիոն լարի [մոտ 12,2 միլիոն դոլար]:

ТВС բանկը հայտարարել է, որ Օկուաշվիլիի նկարագրած իրավիճակն ընդհանրապես չի եղել, և բանկն ընդհանրապես օֆշորում գրանցված ընկերության հաշվից 4 միլիոն դոլար կանխիկ դուրս չի հանել:

Օրացույց