Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը

հոկտեմբեր 02, 2018 - 13:17        Viewed: 139       

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Նրանք ոչ պաշտոնական շփում են ունեցել: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ ինքն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել երեք կետի շուրջ:

Երկու երկրների առաջնորդները, մասնավորապես, պայմանավորվել են քայլեր ձեռնարկել շփման գծում միջադեպերը կանխելու համար. «Մենք պայմանավորվեցինք մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տալ, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը իջեցնելու վերաբերյալ: Ես այս պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի հանրապետության ղեկավարին, և այս պայմանավորվածությունը նրա համար նույնպես ընդունելի է եղել: Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն, որ հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ: Ես համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերն իմ վարչապետ ընտրվելուց հետո եղել է ամենահանգիստ, ամենախաղաղ գիշերը»:

Փաշինյանը ասել է նաև, որ զրույցի ընթացքում իրենք ևս մեկ անգամ արձանագրել են բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը. «Մենք արձանագրել ենք, որ բանակցություններով պետք է կարգավորվի ղարաբաղյան հարցը»:

Փաշինյանի և Ալիևի երրորդ պայմանավորվածությունը վերաբերում է օպերատիվ կապի համակարգի ստեղծմանը: «Առայժմ դա համաձայնություն է: Իսկ թե ինչպիսին կլինի այդ կոմունիկացիոն կապը զուտ տեխնիկական առումով, այդպիսի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ նրանք օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել»:

Սա երկու երկրների առաջնորդների առաջին զրույցն է, սակայն նրանք ծանոթացել են ավելի վաղ: Նրանց ծանոթացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հունիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

Օրացույց