Կայացել է Շառլ Ազնավուրի հրաժեշտի պաշտոնական արարողությունը

հոկտեմբեր 05, 2018 - 23:21        Viewed: 244       

Փարիզում կայացել է հայկական ծագմամբ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: «Հաշմանդամների տուն» հուշահամալիր են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, այլ հայտնի քաղաքական գործիչներ և համաշխարհային աստղեր:

Շառլ Ազնավուրին հրաժեշտ էին տալիս հայկական դուդուկի ներքո: Շանսոնյեի դագաղը պատված էր ֆրանսիական դրոշով, իսկ ծաղկեպսակը հայկական դրոշի գույներով էր:

Փաշիյանն իր ելույթում խոսեց այն մասին, որ արտիստ Ազնավուրը սերունդներ էր միավորում, նա ապրում էր իր հայրենիքի և իր ժողովրդի ցավով, կարիքներով և երազանքներով. «Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլև Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար: Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը: Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված, և այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ:

Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով, և նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել: Թող Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունն արժանի լինի նրա տված դասերին»:

Էմանուել Մակրոնը խոսում էր լեգենդար շանսոնյեի երգերից և ստեղծագործություններից. «Ազնավուրի երգերն, առաջին հերթին, բանաստեղծություններ են, որոնց բառերը գնում են դեպի մեր սիրտը, այդ բանաստեղծությունների վերնագրերը, և երգերի կրկներգերը դարձել են մեզ համար ժառանգություն: Յուրաքանչյուրս մեր Ազնավուրն ունենք… Տարիների ընթացքում Շառլ Ազնավուրի ձայնի հնչերանգը մեզ միավորել է` անկախ մեր տարիքից և սոցիալական աստիճանից: Ազնավուրը միավորեց մեզ և դարձավ Ֆրանսիայի դեմքերից մեկը»:

Երգիչը մինչև վերջին օրերը հյուրախաղեր էր անցկացնում և նոր էր վերադարձել Ճապոնիայի հյուրախաղերից: Նա մահացել է հոկտեմբերի լույս մեկի գիշերը Ֆրանսիայի հարավում՝ իր առանձնատներից մեկում: Ազնավուրն 94 տարեկան էր, սակայն երաժշտի առողջության վատթարացման մասին որևէ տեղեկատվություն չկար: Եվ շատերի համար դա անսպասելի էր:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ երաժշտի մահվան մասին, Հայաստանում հազարավոր մարդիկ ծաղիկներով և մոմերով հավաքվեցին Ազնավուրի հրապարակում: Շատերի համար շանսոնյեի մահն անձնական ողբերգություն էր: Արդեն երեկոյան հրապարակ եկավ նաև Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնատան Լակոտը:

Շառլ Ազնավուրը ծնվել է հայ էմիգրանտների ընտանիքում, որը Ֆրանսիա էր տեղափոխվել ԽՍՀՄ-ից:

22 տարեկան հասակում Ազնավուրն Էդիտ Պիաֆի հետ արդեն մասնակցում էր ԱՄՆ-ի նրա շրջագայությանը: Այդ ժամանակվանից էլ հենց սկսվեց երգչի պրոֆեսիոնալ կարիերան:

1960-ականների սկզբին Ազնավուրն արդեն բավականին պոպուլյար էր և արդեն ելույթ էր ունենում Նյու Յորքի «Carnegie Hall» և «Ambassador Hotel» դահլիճներում: Ֆրենկ Սինատրայի «Reprise Records» ընկերությունում թողարկել է իր առաջին ամերիկյան ալբոմը:

Շառլ Ազնավուրը դարի լավագույն կատարող է ճանաչվել՝ ըստ Time ամսագրի: Նա ավելի քան 1200 երգերի հեղինակ է, ֆիլմերում 80 դերեր է խաղացել, ավելի քան հազար համերգներ է տվել աշխարհի 94 երկրներում, վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:

Ազնավուրը միշտ կապի մեջ է եղել իր պատմական հայրենիքի հետ: Նրա երգացանկում կային Հայաստանին նվիրված սեփական հեղինակային երգեր: Մասնավորապես, հայերի ցեղասպանության 60-րդ տարելիցին Ազնավուրը Ժորժ Գարվարենցի համահեղինակությամբ գրել է «Նրանք զոհվեցին» երգը:

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո երաժիշտը հիմնել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը և տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ակցիաներ կազմակերպել: Այդ նույն նպատակով նկարահանվել է «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակը՝ 90 ֆրանսիացի դերասանների և երգիչների մասնակցությամբ, որը մեկ միլիոն տպաքանակ է ունեցել:

Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվավոր դեսպանն էր: 2008թ-ին Հայաստանի քաղաքացիություն է ստացել: 2017թ-ին Երևանում կայացել է Ազնավուրի տուն-թանգարանի բացումը: Շանսոնյեն ներկա էր բացման արարողությանն իր որդու՝ Նիկոլայի հետ:

Օրացույց