Օրվա իրադարձություններ. Վրաստան` 8/10/2018

հոկտեմբեր 08, 2018 - 18:12        Viewed: 173       

Մինչ նախագահական ընտրությունները մեկ ամսից էլ քիչ է մնացել։ «Edison Research» միջազգային կազմակերպությունը «Ռուսթավի-2» հեռուստաընկերության պատվերով անցկացրել է երկրորդ սօցիալական հարցումը։ Սոցիալական հարցմանն են մասնակցել Վրաստանի 3000 քաղաքացի, որոնք պատասպանել են հարցին՝ «ում օգտին կքվեարկեիք դուք, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին հենց այսօր»։ Հարցման արդյունքների համաձայն՝ թեկնածուների հանդեպ համակրանքը բաժանվել է հետևյալ կերպ․ Գրիգոլ Վաշաձե՝ 26%, Դավիթ Բաքրաձե՝ 12%, Սալոմե Զուրաբիշվիլի՝ 14%, Շալվա Նաթելաշվիլի՝ 7%։ Հարցին խուսափել են պատասխանել հարցվածնեի 25-29%ը։

Վրաստանի Խորհրդարանի փոխնախագահ Գիա Վոլսկին պնդում է, որ «Edison Research»-ի կողմից անցկացված սոցիալական հարցումը իրականությունը չի արտացոլում և «Ազգային շարժում» կուսակցության ուղղակի պատվերն է։ «Տվյալ սոցիալական հարցումը կուսակցական հետազոտություն է, որն անցկացրել է «Edison Research»-ը «Միացյալ Ազգային շարժման» ուղղակի պատվերով», -հայտարարել է Գիա Վոլսկին։

Սալոմե Զուրաբիշվիլին ընտրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է տարածաշրջանների զարգացման կարևորությունը․ «Այսօր առաջնային են համարվում տարածաշրջանները։ Երկիրը չի զարգանում և չի կարող զարգանալ, եթե լինի մեկ հսկայական Թբիլիսի և դատարկություն շուրջբոլորը»։

Վրասատնի Խորհրդարանի նախագահը հերթական անգամ քննադատել է Վրաստանի երրորդ նախագահին։ «Եթե դու դավաճան ես կամ արկածախնդիր, բնականաբար չես հետևի ոչ ընկերներիդ խորհրդին, ոչ էլ կլսես թշնամուդ սպառնալիքը։ Հիշու՞մ եք Կոնդոլիզ Ռայսի և դեսպան Մայլսի հայտնի հայտարարությունները։ Նրանք մեկ անգամ չէ, որ նախազգուշացրել Սահակաշվիլուն, որ նման գործողություններն անպայման կառաջացնեն լուրջ հետևանքներ։ Չնայած նախազգուշացումներին՝ Սահակաշվիլին այլ կերպ վարվեց։ Բազում նախազգուշացումներ են եղել, բայց Սահակաշվիլին, այնուամենայնիվ, իրագործեց այդ հանցագործությունը, ինչին հետևեց մեր տարածքների բռնագրավումը», -հոկտեմբերի 8-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը։

«Վրաստանը դեռ շարունակում է հրաժարվել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից, շարունակում է թշնամական գործողություններ կատարել միջազգային կազմակերպություններում և կամավոր կերպով մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմավարությանը` Ռուսաստանին զսպելու համար: Մենք բացահայտորեն զգուշացնում ենք մեր վրացի գործընկերներին, որ նման գործողությունները սպառնում են 2012 թ. սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս գործընթացի արդյունքները արդեն իսկ վայելում են երկու երկրների քաղաքացիները», -ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Հոկտեմբերի 8-ին «ISFED» կազմակերպությունը հրապարակեց Վրաստանում նախընտրական իրավիճակի մոնիտորինգի վերաբերյալ երկրորդ զեկույցը: Զեկույցի տվյալների համաձայն, «2018 թ. սեպտեմբերին գրանցվել է քաղաքական հենքի վրա առճակատման 1 դեպք, ընտրակաշառքի 1 դեպք, քարոզչական կանոնների խախտման 12, վարչական ռեսուրսների օգտագործման 9, քարոզարշավների խոչընդոտման 8 դեպք և քարոզչական նյութերի վնասման 14 դեպք»:

Հոկտեմբերի 8-ին WALTBAY LTD-ը, որը հանդիսանում է խոշոր վրացական ընկերության՝ ՍիԲիԵս-ի մասը, ստորագրել է պայմանագիր, որի համաձայն դարձել է «KazTranGas-Tbilisi» ընկերության 100% սեփականատերը:

Վրաստանի Կենտրոնական Բանկի որոշման համաձայն` հոկտեմբերի 9-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը կկազմի 2.6184 լարի (-0.0002), իսկ եվրոյի նկատմամբ -3.0033 լարի (-0.0084):

Համաշխարհային Բանկի անցկացրած ուսումնասիրության համաձայն`հակակոռուպցիոն վարկանիշային աղյուսակում Վրաստանը բարելավել է իր կատարողականը և 19-րդ տեղն է զբաղեցրել, առաջ ընկնելով 13 եվրոպական երկրներից (Մալթա, Լեհաստան, Չեխիա, Լատվիա, Լիտվա, Իսպանիա, Սլովակիա, Իտալիա, Խորվաթիա, Հունգարիա, Ռումինիա, Հունաստան և Բուլղարիա): Կոռուպցիայի վերահսկման վարկանիշում Վրաստանը հնարավոր 100 տոկոսից 77,4 տոկոս է հավաքել և զբաղեցնում է 48-րդ տեղը:

Ըստ վիճակագրության, 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանվել է շուրջ 60.000.000 շիշ գինի 53 երկրներ, ինչը 13% ավելի է, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում: Արտահանվող գինու արժեքը կազմում է մոտավորապես 142 մլն դոլար: Վրացական գինիների գնորդների առաջին հնգյակում են Ռուսաստանը (37 064 677 շիշ), Ուկրաինան (6 746 598 շիշ), Չինաստանը (4 821 937), Ղազախստանը (2 658 224), Լեհաստանը (2 465 541):

Օրացույց