SOCAR-ը ամերիկյան պատժամիջոցներից TANAP-ի նախագիծն ազատելու միջոցներ էր փնտրում

հոկտեմբեր 10, 2018 - 00:02        Viewed: 143       

Դեպի հանգուցալուծում է գնում կոռուպցիոն պատմությունը, որը տևում է արդեն 5 տարի: Դրանում ներքաշված է 10 ամերիկացի կոնգրեսմեն և SOCAR ադրբեջանական պետական նավթային ընկերությունը: Կոնգրեսմեններին մեղադրում են այն բանի համար, որ 2013թ-ին նրանք Ադրբեջանում անցկացվող համաժողովի են մասնակցել SOCAR-ի հաշվին և նրանից թանկարժեք նվերներ են ստացել:

Խոսքն Azerbaijan Convention: Vision for the Future համաժողովի մասին էր, որն անցկացվել է 2013թ-ի մայիսին: Ինչպես գրում է Washington Post-ը, մինչ այդ SOCAR-ն ու մի քանի այլ էներգետիկ ընկերություն ամերիկյան պատժամիջոցներից Տրանսատլանտյան գազատարի նախագիծն ազատելու միջոցներ էին փնտրում, որը նախատեսված է Եվրոպային ադրբեջանական գազ մատակարարելու համար: ԱՄՆ-ն այդ նախագծի հանդեպ պատժամիջոցներ էր կիրառել դրանում Իրանի մասնակցության պատճառով:

Արդյունքում, ըստ Washington Post-ի տեղեկատվության, SOCAR-ն օգտվել է համաժողովից կոնգրեսմեններին կաշառելու համար: Հրավիրվածների միայն ավիատոմսերի վրա (10 կոնգրեսմեն և նրանց 32 օգնականները) 112 000 դոլար է ծախսվել: Բացի այդ, նրանք բոլորը թանկարժեք նվերներ են ստացել՝ մետաքսյա գլխաշորեր, գորգեր, բյուրեղապակի: Այդ նվերների արժեքը գերազանցել է թույլատրելի $350. Հենց այս գնի սահմաններում պետք է լինեն ամերիկյան Կոնգրեսի անդամներին տրվող նվերները: Այդ ամենը խախտում է ԱՄՆ Կոնգրեսի էթիկական նորմերն ու դաշնային օրենքները, որոնք արտասահմանյան կառավարություններին արգելում են ազդեցություն գործել ամերիկյան քաղաքականության վրա:

Երկու տարի անց կոնգրեսմեններից բացատրություններ պահանջեցին: Նրանցից մեկը՝ Դևիսն, ասաց, որ, օրինակ, պարզապես չգիտեր, որ կոնֆերանսը ֆինանսավորում է SOCAR-ը: Կազմակերպիչներից նվեր ստացած գորգը նա խոստացել է թանգարան կամ բարեգործական կազմակերոպության փոխանցել:

SOCAR-ը հայտարարում է, որ երբեք չի թաքցրել կոնֆերանսի կազմակերպմանն իր մասնակցությունը, սակայն դա հարկ եղած ձևով չի արտացոլվել ոչ առևտրային հիմնադրամների հաշվետվություններում, որոնք միջոցառման պաշտոնական հովանավորներն են եղել:

Այս ամենի մեջ ներքաշված է ևս մեկ կերպար՝ Քեմալ Օքսուզը, որը յուրօրինակ միջնորդ է եղել SOCAR-ի և կոնգրեսմենների միջև հենց այդ ոչ առևտրային հիմնադրամների միջոցով: Արդյունքում Օքսուզը փախչել է և վերջերս Ինտերպոլի կողմից հայտնաբերվել Հայաստանում: Նրա կալանքն էր հենց Էթիկայի կոմիտեի հետաքննության վերջին օղակը և առիթը, որպեսզի ԶԼՄ-ները կրկին խոսեն այս սկանդալի մասին:

Ընդհանուր առմամբ, համաժողովն ավելի քան երկու միլիոն դոլար է արժեցել, որոնցից 750 հազարն Օքսուզը ստացել է ուղղակիորեն SOCAR-ից, մնացածը՝ շինծու ընկերությունների միջոցով: Այլ կերպ ասած, նա ձևացնում էր, թե այդ միջոցառման կազմակերպիչն է՝ քողարկելով SOCAR-ի գործողությունները:

Օրացույց