Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստան է ժամանել ավելի քան 80 պետության պատվիրակություն

հոկտեմբեր 13, 2018 - 13:36        Viewed: 267       

Հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Այն կտևի երկու օր: Գագաթնաժողովն անցկացվում է «Ապրել միասին» կարգախոսի ներքո և առաջ է քաշում հետևյալ սկզբունքները. ֆրանկոֆոն տարածաշրջանում հարգել համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք: Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի տարբերանշան է ընտրվել Հայաստանի խորհրդանիշներից մեկը՝ նուռը: Այստեղ այն խորհրդանշում է խաղաղություն և բարօրություն Ֆրանկոֆոնիայի ողջ տարածքում:

Գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը հյուրերին դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղար Միկայել Ժանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք են ժամանել պատվիրակություններ ավելի քան 80 երկրից, որոնցից 38-ը ներկայացված են վարչապետի կամ նախագահի մակարդակով:

Գագաթնաժողովին մասնակցում է, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Գագաթնաժողովը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա գլխավոր միջոցառումն է լինելու: Այն մեկնարկել է հոկտեբերի 7-ին և կարող է դառնալ անկախ Հայաստանի պատմության ամենազանգվածային իրադարձությունը:

Իր ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Երաժիշտը պլանավորում էր մասնակցել գագաթնաժողովին: Եվ Փաշինյանը մեծ ափսոսանք է հայտնել նրա մահվան կապակցությամբ. «Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին»:

Իր ելույթի մեծ մասը Նիկոլ Փաշինյանը նվիրել է այն մարտահրավերներին, որոնք այժմ կանգնած են մարդկության առջև, մասնավորապես՝ անվտանգության խնդրին: Նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմային և հայտարարել, որ Հայաստանը հարցի խաղաղ կարգավորման սկզբունքի կողմնակից է: Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին. «Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հիշատակել է Շառլ Ազնավուրին. «Նախօրեին ես հանդիպել էի Շառլին: Նա պատրաստվում էր Տոկիո մեկնել և անհամբերությամբ սպասում էր Հայաստան կատարելիք այցին: Դա նրա սիրելի Հայաստանի հետ ևս մեկ հանդիպում կլիներ: Ազնավուրը նշանավորում է այն ամենն, ինչ մեզ միավորում է: Փախստականի որդի, որը չուներ ոչինչ՝ ոչ կապեր, ոչ հովանավոր: Հայերենը նրա հարազատ լեզուն էր, երկրորդը վրացերենն էր: Իսկ այսօր չկա ոչ մի ֆրանսիացի, որը չի հիշատակի Ազնավուրին որպես մեծագույն ֆրանսիացի պոետներից մեկին»:

Մակրոնը նշել է նաև, որ գագաթնաժողովի անցկացումը կարևոր միջոցառում է Հայաստանի համար, իսկ Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում. «Հազարավոր հայեր ամրապնդել են Ֆրանսիան և պաշտպանել այն որպես իրենց երկիրը: Ֆրանսիան Հայաստանին փոխադարձ սիրով է պատասխանում: Բավական է արտասանել «Հայաստան» և Փարիզում, Լիոնում, Մարսելում և տասնյակ այլ քաղաքներում մարդկանց մոտ ամենալուսավոր զգացողություններ են արթնանում: Ֆրանսիայի համար Հայաստանը ոչ միայն բազմադարյա մշակույթ ու պատմություն է: Դա նաև հազարավոր հայեր են, որոնք այստեղ են եկել իրենց ժողովրդի մեծ ողբերգությունից հետո: Նրանք Ֆրանսիային բազում արտիստներ, գիտնականներ, մարզիկներ են նվիրել»:

Ֆրանկոֆոնիան խոշոր միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ֆրանսախոս երկրներին: Այս պահին կազմակերպությունն ունի 58 անդամ: Կազմակերպությանն անդամագրվելիս հաշվի է առնվում որ թե բնակչության՝ ֆրանսերենին տիրապետելու աստիճանն, այլ Ֆրանսիայի հետ մշակութային կապերի և համագործակցության մակարդակը:

Գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենան հյուրերի ելույթներ և մասնակից երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում: Գագաթնաժողովի շրջանակում մի քանի փաստաթուղթ կընդունվի: Դրանցից գլխավորը «Ապրել միասին» երևանյան հռչակագիրն է, վեց բանաձևերը, որոնցից մեկը վերաբերում է հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Օրացույց