Կիևը Ռուսիայի հոգևոր օրրան է, ինչպես Մծխեթան՝ Վրաստանի և Կոսովոն՝ Սերբիայի համար

հոկտեմբեր 15, 2018 - 01:48        Viewed: 200       

«Ուկրաինական ալիքները տեղեկություններ են տարածել, թե Վրաց ուղղափառ եկեղեցին սատարել է ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիային, ինչը չի համապատասխանում իրականությանն», -ասված է հատուկ հայտարարությունում, որը հրապարակվել է պատրիարքարանի կայքում հոկտեմբերի 8-ին: Հայտարարությունում նշվում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին այդ հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել: Այն հայտարարում է, որ սպասում է Կոստանդնուպոլսի պարիարքարանի և Ռուս ուղղափառ եկեղեցու որոշումներին:

«Մինչև Կոստանդնուպոլսի, ինչպես նաև Մոսկվայի պատրիարքարանները պաշտոնական որոշում չկայացնեն, որը հիմնված կլինի եկեղեցական կանոնական նորմերի վրա, Վրաստանի պատրիարքարանը ձեռնպահ կմնա գնահատականներից», -ասված է հայտարարությունում: Վրաստանի պատրիարքարանը նշում է, որ ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական լրատվամիջոցներում «հաճախ են կանխակալ հաղորդագրություններ հայտնվում Վրաց ուղղափառ եկեղեցու դիրքորոշման վերաբերյալ, և երկու կողմերն էլ ջանում են մեր ասածն իրենց օգտին օգտագործել»:

Վրաց եկեղեցին առանձնահատուկ ընդգծում է, որ Գերագույն Ռադայի խոսնակ Անդրեյ Պառուբիի վրաստանյան այցից հետո ուկրաինական լրավամիջոցներում սխալ տեղեկատվություն է տարածվել, թե Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդն աջակցություն է հայտնել Ուկրաինայի համար ավտոկեֆալիային (անկախություն): «Հանդիպմանը հյուրը [Անդրեյ Պառուբին] հայտարարել է, որ իրենք ձգտում են ավտոկեֆալիա ստանալ… Եթե այդպիսի բան տեղի ունենա, այդ իրադարձությունը կարելի է ողջունել, սակայն մեր կողմից նշվել է, որ այս փուլում դա դյուրին գործ չէ: Այդ պատճառով էլ զգուշավորություն է պետք, որպեսզի բնակչության շրջանում դիմակայություն չառաջանա, և ավելի վտանգավոր գործընթացներ չզարգանան», -նամակում նշվում են Ռադայի խոսնակի հետ հանդիպման մանրամասները:

Անդրեյ Պառուբին Վրաստան էր ժամանել՝ մասնակցլեու ՎՈւԱՄ երկրների Խորհրդարանական վեհաժողովին: Նա լրագրողներին ասել էր, որ հանդիպել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին, որն աջակցություն է հայտնել ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիային:

Չնայած որ վրացական եկեղեցին չի շտապում արտահայտել իր դիրքորոշումը, Կիևի պատրիարքը նրանից աջակցություն է սպասում: «Նրանք մեզ պետք է աջակցեն, քանի որ մենք ուղղափառ ենք, ինչպես վրացիները: Պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք չենք կարող միասին լինել: Ռուսաստանը հարձակվել է և Վրաստանի, և Ուկրաինայի վրա: Մենք նույն կերպ ենք տառապում և պետք է միասին աղոթենք: Մենք հավատում ենք, որ Վրաց եկեղեցին մեզ կմիանա այդ աղոթքում», -հայտարարել է պատրիարք Ֆիլարետը:

Պատրիարքի քորեպիսկոպոս Յակովը հայտարարել է, որ աջակցում է ռուսական եկեղեցուց ուկրաինականի անկախությանը: «Ուկրաինան մեծ երկիր է: Եվ, իհարկե, իրավունք ունի ավտոկեֆալիա պահանջելու: Դա իմ անձնական կարծիքն է», -ասել է հայր Յակովը լրագրողներին: Ըստ նրա՝ հարցը կլուծեն Տիեզերական պատրիարքն ու Ռուս եկեղեցին: Հայր Յակովը կարծում է, որ ուկրաինական եկեղեցուն ավտոկեֆալիա տրամադրելու դեպքում գործընթացը կարող է «դոմինոյի» սկզբունքով շարունակվել, ինչը Ռուսաստանի համար մեծ հարված կլինի:

Այլ դիրքորոշում է հայտնել Սինոդի անդամ, միտրոպոլիտ Անանիան: Նա կարծում է, որ հարցը պետք է լուծի Ռուս ուղղափառ եկեղեցին, իսկ Վրաց եկեղեցին պետք է վարվի այնպես, ինչպես կասի Մոսկվայի պատրիարքարանը: «Սկզբում ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան պետք է ճանաչի մայր եկեղեցին: Տվայալ դեպքում դա ռուսական եկեղեցին է: Եթե այն ճանաչի, ապա մյուս բոլոր եկեղեցիները նույնպես կճանաչեն», -ասել է Անանիան Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Վրացի աստվածաբանները կարծում են, որ Վրաստանի պատրիարքարանը կաշխատի առավելագույնս ժամանակ շահել: «Վրաստանի պատրիարքարանի պաշտոնական դիրքորոշումը երեսպաշտական է և հակասլավոնական», բացի այդ, դա «մեծ մեղք է Աստծո առջև», կարծում է աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին և նշում դրա երկու գլխավոր պատճառ:

Առաջինը պատմական է: Վրաց եկեղեցին գրեթե նույն կերպ է յուրացվել և արձակվել Ռուսական կայսրության կողմից, ինչպես այսօր ուկրաինական եկեղեցին: Ըստ Մինդիաշվիլիի՝ Ուկրաինայում Ռուսաստանի շահերը կրոնական չեն, այլ կայսրական և աշխարհաքաղաքական. նա ուզում է Ուկրաինակում քաղաքական և գաղափարական ազդեցության ուժեղ գործիք ունենալ: «Ուկրաինայում հենց Մոսկվայի քաղաքական ագրեսիայի շնորհիվ արդեն դիմակայություն կա կրոնական հատկանիշով… Միակ ճանապարհը, որը տանում է դեպի ուղղափառ միասնականությունը, ռուսական աշխարհաքաղաքական ազդեցությունից ազատվելը և ուրաինական կրոնական միավորման՝ ավտոկեֆալիայի ճամաչումն է: Այլ ոչ թե ընդհակառակն, ինչպես պնդում է պատրիարքարանը», -կարծում է աստվածաբանը:

Ըստ նրա՝ Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումն ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիայի հարցում ցույց է տալիս, որ այն գտնվում է Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ:

Աստվածաբան Միրիան Գամրեկելաշվիլին «Նեթգազեթիին» տված հարցազրույցում պնդում է, որ Վրաց եկեղեցին սպասում է Կոստանդնուպոլսի որոշմանն այնպես, ինչպես այլ եկեղեցիները, սակայն նրա դիրքորոշումն «ավելի մոսկվամետ է»: Նրա խոսքով՝ պատրիարքարանի դիրքորոշումն է կանխորոշում նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի եկեղեցիների հարցը: Նա չի բացառում, որ այն դեպքում, եթե Վրաց եկեղեցին ճանաչի Ուկրաինայի ավտոկեֆալիան, Ռուսաստանը կարող է ճանաչել աբխազական եկեղեցու ավտոկեֆալիան: Սակայն «դա կամայական ընթացակարգ կլիներ՝ առանց միջազգային ճանաչման և լեգիտիմացման», -կարծում է Գամրեկելաշվիլին:

Իսկ Բեքա Մինդիաշվիլին պնդում է, որ Վրաց եկեղեցին պարզապես օգտագործում է աբխազական և հարավօսական եկեղեցիների հարցը և «դրանով արդարացնում իր ռուսամետ դիրքորոշումը»: Անգամ եթե Ռուսաստանը ճանաչի աբխազական եկեղեցին, դա շատ բան չի փոխի, քանի որ Աբխազիայի կրոնական շրջանակներն այսօր էլ են Մոսկվային ենթարկվում, և վրացի հոգևորականները չեն կարող ոչ Աբխազիա, ոչ Հարավային Օսիա մեկնել, ասում է Մինդիաշվիլին:

«Ցխինվալիի շրջանում և Աբխազիայում եկեղեցու կյանքն առանց այդ էլ տնօրինում է ռուսական եկեղեցին և հատուկ ծառայությունները: [Ռուսաստանի կողմից] դա միայն ֆորմալ ճանաչում կլինի, որը չեն կիսի ուրիշները: Բացի այդ, դա Ռուսաստանի համար հակաարդյունավետ կլինի, քանի որ կանաչ լույս կվառի այլ ավտոկեֆալ եկեղեցիների ճանաչման համար», -ասում է աստվածաբանը:

Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարում է, որ պատրաստ է կտրել կապը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ այն դեպքում, եթե այն ուկրաինական ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիա՝ անկախություն, տրամադրի: Այս ռադիկալ հայտարարությունը Ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցիկ ներկայացուցիչ միտրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) արել է այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլիսը սեպտեմբերի սկզբին Ուկրաինա է ուղարկել իր էկզարխներին, որոնք պետք է ուկրաինական եկեղեցին նախապատրաստեն անկախության:

Մոսկվան այդ քայլը նենգ է անվանել: Իսկ Կիևում հայտարարում են, որ, քանի որ իրադարձություններն այդքան արագ են զարգանում, ուկրաինական եկեղեցին կարող է ավտոկեֆալիա ստանալ արդեն հոտեմբերին:

Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի պատրիարքարանի Սուրբ սինոդն արտահերթ նիստ անցկացրեց և որոշեց դադարեցնել Կոստանդնուպոլսի եպիսկոպոսների հետ պատարագները: Որոշվեց նաև, որ Կոստանդնուպոլսի պատրիարքը չի հիշատակվելու ռուսական եկեղեցիներում հնչող աղոթքներում: Փոխարենը հրահանգվեց բոլոր եկեղեցիներում աղոթել «ուկրաինական պառակտումը հաղթահարելու» համար:

Այսօր Ուկրաինայում գործում է ուղղափառ եկեղեցու երեք ճյուղ: Դրանից միայն մեկն՝ ամենախոշորը, Ուկրաինական ուղղափառ եկեղեցին (Մոսկվայի պատրիարքարան) է ճանաչում մնացած ուղղափառ աշխարհը: Ուկրաինական եկեղեցին (Մոսկվայի պատրիարքարան) անկախ կառույց չէ, այն ենթարկվում է Ռուսաստանի պատրիարքարանին: Մնացած երկու ուղղափառ ուղղությունները՝ Կիևի պատրիարքարանը և Ուկրաինայի ավտոկեֆալ եկեղեցին, Ռուսաստանի պատրիարքարանը «աղանդավորական խմբավորումներ» է անվանում:

Սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ 2018թ-ի ապրիլի դրությամբ ուկրաինացիների մոտ երկու երրորդն ասում էր, որ ուղղափառ է: Նրանց գրեթե կեսը՝ 43 տոկոսը, հայտարարել էր, որ աջակցում է Կիևի պատրիարքարանին, 20 տոկոսը՝ Մոսկվայի պատրիարքարանին, իսկ կես տոկոսն՝ Ուկրաինական ավտոկեֆալ եկեղեցուն:

Ընդ որում, ուկրաինացի սոցիոլոգները նշում են, որ դեռ հինգ տարի առաջ իրավիճակն այլ էր: Մոսկվայի պատրիարքարանն ավելի շատ կողմնակից ուներ, սակայն Եվրամայդանը, Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի հանդեպ Կրեմլի քաղաքականությունն ազդել է հավատացյալների տրամադրությունների վրա:

2018 թ-ի ապրիլին ուկրաինական ճանաչված երկու պատրիարքարաններն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ուկրաինական Ռադայի աջակցությամբ պաշտոնական նամակ են ուղարկել Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին և խնդրել ավտոկեֆալիա տրամադրել: Դա Մոսկվայի զայրույթն է առաջացրել:

Մոսկվան ուկրաինական եկեղեցին իր կանոնական տարածքն է համարում և չի պատրաստվում դրանից հրաժարվել: «Մենք երբեք չենք համաձայնի մեր Եկեղեցու սուրբ կանոնական սահմանների փոփոխությանը, քանի որ Կիևը սուրբ Ռուսիայի հոգևոր օրրան է, ինչպես Մծխեթան՝ Վրաստանի և Կոսովոն՝ Սերբիայի համար», -հայտարարել է Ռուսաստանի պատրիարք Կիրիլը դեռ 2016թ-ին:

Օրացույց