Մեղադրող կողմը հիմնվում է 2007թ-ին արված աուդիոձայնագրությունների վրա

հոկտեմբեր 19, 2018 - 00:01        Viewed: 196       

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ բացահայտել է վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման փաստը։ Գործարարը մահացել է տասը տարի առաջ Լոնդոնից ոչ հեռու Լեզերհեդ քաղաքի իր տանը: Դատախազության հրապարակած աուդիոձայնագրություններից մեկում ասվում է, որ միլիարդատիրոջ սպանությունն արտոնել է անձամբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլին:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծանրացնող հանգամանքներով սպանության նախապատրաստման փաստի առնչությամբ ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության ՆԳՆ 3 նախկին պաշտոնյա: Այս մասին ասվել է հատուկ բրիֆինգի ժամանակ հոկտեմբերի 17-ին: Մեղադրող կողմը հիմնվում է 2007թ-ին արված աուդիոձայնագրությունների վրա, որտեղ ձերբակալվածները խոսում են Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման մասին: Հոկտեմբերի 17-ին դատախազությունը հրապարակել է այդ ձայնագրությունները: Դատախազությունում հայտարարում են, որ դրանք հայտնաբերել են գրեթե 10 տարի անց՝ 2016թ-ի դեկտեմբերին մեղադրյալներից մեկի տանը:

Ձայնագրություններից մեկում Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) բարձրաստիճան պաշտոնյա Գեորգի Դգեբուաձեն խոսում է Պատարկացիշվիլիի անվտանգության ծառայության աշխատակցի հետ՝ փորձելով նրան ներգրավել միլիարդատիրոջ սպանության նախապատրաստման գործում: Խոսակցության մեջ Դգեբուաձեն հաստատում է, որ Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստումն արտոնել է Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Ձայնագրությունում ասվում է, որ Պատարկացիշվիլիի լիկվիդացիան վստահվել է ՍԱԴ-ին:

Երկրորդ աուդիոձայնագրությունն, ինչպես պնդում է դատախազությունն, արվել է ՆԳՆ «Մոդուլ» շենքում: Դատախազության պնդմամբ՝ այդ ձայնագրությունում ներկայացված է ՍԱԴ բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցությունը, որտեղ նրանք քննարկում են, թե որտեղից ձեռք բերել տեղեկատվություն միլիարդատիրոջ տան անվտանգության ծառայության և սպասարկող անձնակազմի մասին: Ձայնագրությունում լսվում է, որ նիստին հանդիպման մասնակիցները բացահայտ խոսում և պլանավորում են, թե ինչպես «ճիշտ» լիկվիդացնել Պատարկացիշվիլիին:

Մի քանի վարկած է քննարկվում, այդ թվում՝ հետաքրքրվում են թունավոր նյութով, որը բնական մահ է առաջացնում: Ավելին, այնտեղ խոսվում է, որ Պատարկացիշվիլիի լիկվիդացիայի բոլոր դետալները համաձայնեցվում են Դաթո Ախալայայի՝ ՍԱԴ այն ժամանակվա ղեկավարի հետ: Ախալայան ներկա պահին Վրաստանում չէ, նա լքել է երկիրը 2012թ-ի իշխանափոխությունից անմիջապես հետո: Վրաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Նրա ձայնը չկա նաև դատախազության հրապարակած աուդիոձայնագրություններում:

Մեղադրյալներին 16-20 տարվա ազատազրկում է սպառնում:

Ընդդիմությունն, ինչպես նաև անկախ փորձագետներն ու նախկին պաշտոնյաների փաստաբանները վստահ են, որ Պատարկացիշվիլիի աղմկահարույց գործով մեղադրանքներն առաջ են քաշվել հանրության ուշադրությունը նախկին դատախազ Միրզա Սուբելիանիի հետ զրույցի ձայնագրությունների առաջացրած սկանդալից շեղելու համար. Սուբելիանին ձայնագրություններում պատմում է խոշտանգումների, մարդկանց առևանգման և աղմկահարույց գործերի կեղծմանն իր մասնակցության մասին:

Միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլին վաղաժամ մահացել է 2008թ-ի փետրվարին Լոնդոնում՝ իր սեփական տանը: Բժշկական եզրակացությունում ասվում է, որ մահվան պատճառը սրտային անբարարությունն է եղել: Վրաստանի այն ժամանակվա իշխանությունների ոխերիմ ընդդիմադրի և «Իմեդի» ընդդիմադիր հեռուստաալիքի տիրոջ այդ անսպասելի մահը շատ հարցեր առաջացրեց: Սակայն Սքոթլենդ-Յարդը, որը զբաղվում էր Պատարկացիշվիլիի մահվան գործով, հետաքննություն անցկացնելուց հետո կասկածելի ոչինչ չհայտնաբերեց և որպես մահվան պատճառ նշեց սրտի նոպան: Չնայած դրան՝ Սաակաշվիլիի ընդդիմադիրները մինչ այսօր կարծում են, որ Պատարկացիշվիլիի մահվանը հաղորդակից են եղել վրացական հատուկ ծառայությունները:

Մահվանից բառացիորեն մի քանի ամիս առաջ Պատարկացիշվիլին ուժեղ ակտիվացել էր Վրաստանի քաղաքական դաշտում:

2007թ-ի դեկտեմբերին՝ Պատարկացիշվիլիի մահվանից երկու ամիս առաջ, վրացական իշխանությունները գաղտնի արված ձայնագրություն էին հրապարակել, որն ապացուցում էր, որ օլիգարխը պատրաստվում էր Վրաստանում իշխանությունը զավթել: Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Երեկլե Կոդուայի հետ զրույցում Պատարկացիշվիլին նրան գումար է առաջարկում երկրում պետական հեղաշրջում կատարելու և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին հեռացնելու կամ լիկվիդացնելու համար: Զրույցը կայացել է Լոնդոնում՝ Պատարկացիշվիլիի տանը: Չնայած մանրազնին խուզարկությանը, Կոդուան, որն օլիգարխի մոտ էր ուղարկվել Վրաստանի իշխանությունների կողմից, կարողացել էր կոշիկի մեջ ձայնագրիչ ներս տանել և օլիգարխի հետ երկու ժամ տևած զրույցի ամբողջական աուդիոձայնագրությունն անել:

Օրացույց