Վերաօծվեց Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին

հոկտեմբեր 22, 2018 - 00:05        Viewed: 216       

ՎիրաՀայոց Թեմ՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, վերաօծվեց Նինոծմինդայի շրջանի Դիլիֆի 1866 թվականի կառույց Սրբոց Վարդանանց եկեղեցին: Սրբազան արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններից ժամանած հյուրեր և ուխտավորներ: Թեմի առաջնորդին դիլիֆցիները դիմավորեցին գյուղասկզբին՝ աղ ու հացով:

Հայ Եկեղեցու օծման կարգով Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի ու Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Գևորգ քահանա Ասատրյանի ընկերակցությամբ կատարվեց եկեղեցու դռնբացեքի արարողությունը: «Դռնբացեքի կարգը խորհուրդն է արքայության դռների բացման: Այսօր այս տաճարը, օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն: Դռնբացեքի արարողությամբ և վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին»,-դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին` Վիրահայոց թեմի առաջնորդը:

Սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, պատկերները, որոնք վերածվեցին սրբապատկերի: Նորաօծ եկեղեցում անդրանիկ Սբ.Պատարագը մատուցեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս և շրջանի եկեղեցիների հոգևոր հովիվ արժ. Տեր Արմաշ քհն. Պողոսյանը: Հավատացյալները մասնակցեցին խոստովանության արարողությանը և ստացան Հաղորդություն:

Սուրբ Պատարագի ավարտին Վազգեն Սրբազանն իր օրհնությունը բաշխեց ներկաներին ու գնահատանքի խոսքեր ուղղեց տեղացիներին, հատկապես ազգասեր և հավատքի նվիրյալ ավագներին, որ մշեցիներին հատուկ ազգային հպարտությամբ և նպատակին հասնելու հաստատակամությամբ գյուղի ուժերով նախաձեռնեցին և 2017 թվականին ի դեմս Ռոբերտ Մարկարյանի, Լևոն Կիրակոսյանի և Հայկ Մանվելյանի կազմակերպեցին ու համակարգեցին իրենց եկեղեցու վերանորոգությունը: Գործընթացին շուտով ընդգրկվեցին և իրենց աջակցությունը բերեցին բարերարներ Մարատ Գրիգորյանը, Ջիվան Մուրադյանը, Արարատ Սարուխանյանը, Նավռիկ Առաքելյանը և ուրիշներ՝ ի կատար ածելով դիլիֆցիների երազանքը՝ վերանորոգված և գործող տեսնելու իրենց պապերի եկեղեցին: Թեմակալ առաջնորդը աստվածահաճո գործի կազմակերպիչներին և բարերաներին փոխանցեց օրհնության գիր և հուշանվեր:

Սբ. Պատարագի վերջում, Վիրահայոց թեմի առաջնորդը Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու դպիր Արտյոմ Գալոյանին շնորհեց ուրար կրելու իրավունք:

Հավարտ Սբ. Պատարագի եկեղեցու բակում կատարվեց տեղի բնակիչ Ալիկ Մանվելյանի բարերարությամբ կառուցված խաչքարի օծումը, որը նվիրված է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին:

Եկեղեցու վերաօծումից, Սուրբ Պատարագից և Խաչքարի օծումից հետո եկեղեցու բակում Նինոծմինդայի մշակույթի տան ուժերով կայացավ համերգ: Պատմական օրվա վերջին, ընդունված ավանդույթի համաձայն կատարվեց մատաղի օրհնություն և հյուրասիրություն: Այսպիսով Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին դարձավ Վիրահայոց թեմի թվով 60-րդ վերաօծված Աստծու տունը, իսկ օրը տոնական՝ ողջ համայնքի համար:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղը փռված է Գյոզ Դաղի ծաղկազարդ ստորոտին և ասես հսկում է Ջավախք աշխարհի անդորրը, շրջակայքի ջրառատ աղբյուրներն ու կանաչ հագած բլուրները: Պատմական անունը եղել է Դլիվիկ: Տեղացիների նախնիները 1829 թվականին գաղթել են Մուշ գավառից: Միջնադարից պահպանված Սբ. Վարդան հինավուրց մատուռի տեղում տեղացիների ուժերով կառուցվել է Սրբոց Վարդանանց եկեղեցին:

Դիլիֆ գյուղի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1500-ից ավելի: Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է և հողագործությունը: Գյուղում պահպանված ուխտատեղերից են Սբ. Մինասը, Թևաթորոսը, Դավոյի սուրբը, Սբ. Գրիգոր Լուսավորիչը և այլն: Շատ սրբեր ու կրոնական գրքեր են պահպանվում մասնավոր մարդկանց տներում: Բնակիչները բոլորը հայեր են, խոսում են Խնուսի բարբառով: 

Օրացույց