Ընտրություններին մասնակցելը կուսակցությունների և քաղաքական գործիչների համար շահեկան գործ է

հոկտեմբեր 24, 2018 - 00:10        Viewed: 95       

Քաղաքական կյանքի նրբություններին չտիրապետող մարդիկ հարցադրում են անում. «Ինչո՞ւ է կուսակցությունը/թեկնածուն մասնակցում ընտրություններին, եթե հստակ գիտի, որ չի հաղթելու դրանցում, չի հաղթահարելու ընտրական շեմը»: Իրականում ընտրություններին մասնակցելը կուսակցությունների և քաղաքական գործիչների համար շահեկան գործ է ոչ միայն հաղթանակի դեպքում: Դա սովորական գործընթաց է, որի ընթացքում քաղաքական գործիչները ֆինանսավարում են ստանում:

«Որակավորված սուբյեկտ». այսպես է կոչվում պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցությունը: Այդպիսի կարգավիճակ ստանալու համար այս կամ այն քաղաքական կուսակցությունը պետք է մասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կամ խորհրդարանական ընտրություններին և հավաքի 3 տոկոսից ավել ձայն: Այդ դեպքում կուսակցությունը որակավորված սուբյեկտ է դառնում, և նրան բյուջեից ֆինանսավորում է տրվում: Աուդիտի ծառայության տվյալներով՝ 2017թ-ին բյուջեից ֆինանսավորվել է ավելի քան 20 կուսակցություն:

«3-տոկոսանոց» կուսակցության նվազագույն ֆինանսավորումը կազմում է 300 000 լարի: Այդ գումարը կարող է փոխվել՝ կախված տարբեր հանգամանքներից. օրինակ՝ այն աճում է, եթե կուսակցությունը հավաքել է 3%-ից ավել ձայն, ասենք, 6%-ի դեպքում ֆինանսավորումը կկազմի 600 000 լարի: Բոնուսներ են տրվում այն կուսակցություններին, որոնք պահպանում են գենդերային հավասարակշռությունը, որոնց շարքերում կանայք կազմում են անդամների ընդհանուր թվի 30%-ը:

Այն դեպքում, երբ 3-տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարում է դաշինքը, բյուջետային ֆինանսավորում է ստանում դաշինքի կուսակցություններից յուրաքանչյուրը: Դրանք այն գումարներն են, որոնց միջոցով սովորաբար պահվում են կուսակցության առաջնորդներն ու աշխատակիցներն՝ աշխատավարձ, գրասենյակային ծախսեր և այլն:

Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ ենք մենք ֆինանսավորում քաղաքական կուսակցություններին: Ինչո՞ւ ենք մենք նրանց տարեկան 12-15 000 000 լարի վճարում բյուջեից: Ընդ որում, բյուջեից ֆինանսավորվում են ոչ միայն այն կուսակցությունները, որոնք իրապես մասնակցում են երկրի քաղաքական կյանքին, այլ նաև նրանք, որոնք աննկատ են:

Ազատություն ռադիոկայանի կազմած համեմատական վիճակագրությունից պարզվում է, որ, քաղաքական կուսակցությունների վրա ավելի շատ գումար է բյուջեից ծախսվում, քան մոր և մանկան առողջության, փախստականների նվազագույն կենսաապահովման, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պրոֆեսիոնալ վերապատրաստման կամ, օրինակ, կենսական այնպիսի կարևորություն ունեցող ծրագրի վրա, ինչպիսին է քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց դեղորայքով ապահովելը:

Քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման գլխավոր գաղափարն այն է, որ երկրում առողջ քաղաքական մրցակցություն լինի, քաղաքականությունում կրճատվի «սև փողերի» ծավալն ու կոռուպցիոն գումարներն, իսկ քաղաքական կուսակցություններն առողջ մրցակցային միջավայր և գործողությունների հավասար հնարավորություն ունենան:

Որոշ քաղաքական ուժերի նախընտրական արշավն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետբյուջեից ստացված գումարներով: Բոլոր կուսակցությունները, որպես կանոն, հզոր բարերար և հովանավորներ ունեն, օրինակ, իշխող կուսակցությունն ու նրա թեկնածուն:

Առանց բյուջետային ֆինանսավորման նրանք չեն կարող մասնակցել ընտրությունների, ինչն իշխող կուսակցության համար ավելի կհեշտացնի դիրքերը պահպանելը: Մեկ այլ հարց է, թե որքանով են որակյալ Վրաստանում գործող կուսակցություններն, ինչ արժեքներ ունեն դրանք և ինչ են առաջարկում ընտրողներին: Օրինակ, կուսակցությունը, որը նախորդ տարի բյուջեից հազարավոր լարի գումար է ստացել, հաճախ է իր նախընտրական հռետորաբանությունում օգտագործում ատելության լեզուն, հոմոֆոբ և քսենոֆոբ բովանդակության հայտարարություններ:

2017թ-ին բյուջեից ամենամեծ գումարը՝ մոտ 4 000 000 լարի, ստացել է «Վրացական երազանքը»: Երկրորդ տեղում «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունն է, որը բյուջեից 2 500 000 լարի է ստացել: Մի փոքր ավելի քիչ գումար է հասել «Եվրոպական Վրաստանին»՝ 2 255 973 լարի:

Բյուջետային ֆինանսավորում անցյալ տարի ստացել են նաև այսպես կոչված «աներևույթ» կուսակցությունները: Օրինակ, 2017թ-ին «Վրաստանի ավանդապաշտների միությունը» բյուջեից ստացել է 533 017 լարի, «Ազատություն՝ Զվիադ Գամսախուրդիայի ուղով» կուսակցությունը՝ 543 421 լարի, «Նոր քրիստոնյա-դեմոկրատները» 543 017 լարի:

55 000 000 լարի. այսքան են Վրաստանի բյուջեի վրա արժեցել նախագահի ներկայիս ընտրությունները: Նշված 55 000 000-ից մոտ 40 000 000 լարի է ծախսվել անմիջականորեն ընտրական միջոցառումների կազմակերպման վրա: Իսկ 15 000 000 լարի բյուջեի վրա արժեցել է քաղաքական կուսակցություններին պահելը:

Օրացույց