Հինգերորդ նախագահն ավելի քիչ իրավունքներ ունի, քան նրա նախորդները

հոկտեմբեր 28, 2018 - 21:31        Viewed: 76       

Վրաստանն այսօր ընտրում է հինգերորդ նախագահին: Անկախ Վրաստանի պատմության մեջ սա նախագահական 7-րդ ընտրություններ են: Խմբագրված Սահմանադրության համաձայն՝ առաջին անգամ է Վրաստանում նախագահ ընտրվում 6 տարի ժամկետով (մինչ այս նա ընտրվում էր 5 տարով): Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ այս նախագահը կլինի համաժողովրդական քվեարկությամբ ընտրված վերջին նախագահը: Հետագայում նախագահական ընտրությունները կանցկացվեն անուղղակի սխեմայով, նրան կընտրի ընտրող կոլեգիան: Վրաստանի պատմության մեջ նախագահական ընտրությունները երբեք երկու փուլով չեն անցկացվել: Հաղթողը հայտնի է դարձել առաջին փուլում: Վրաստանի հինգերորդ նախագահն ավելի քիչ իրավունքներ ունի, քան նրա նախորդները: Նախագահական ընտրությունները մշտադիտարկում է ընտրական սուբյեկտների 22 904 ներկայացուցիչ, 73 տեղական և 58 միջազգային դիտորդական կազմակերպություն: 1 163 միջազգային դիտորդ կա: Ընտրություններին մասնակցում է 25 թեկնածու: Նրանցից 19-ը ներկայացված է քաղաքական կուսակցությունների, 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից:

Սա Վրաստանի պատմության մեջ առաջին ընտրությունն է, երբ իշխող կուսակցությունը նախագահի իր թեկնածուին չի առաջադրել: Իշխող «Վրացական երազանքն» աջակցել է անկախ թեկնածուին:

Երեք ամենավարկանիշային թեկնածուներն են անկախ թեկնածու, իշխող կուսակցության աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին, «Միացյալ ընդդիմության» (գլխավոր ուժը Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժումն» է) թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բակրաձեն:

Եթե ընտրություններում հաղթի Սալոմե Զուրաբիշվիլին, նա կդառնա Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը:

Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամանակ՝ 2005թ-ին, նա երկրի արտգործնախարարն էր: 2005թ-ից հետո անցավ ընդդիմության շարքերը, թեև նրա կուսակցությունը երբեք բարձր վարկանիշ չի ունեցել:

Նրան որպես նախագահի թեկնածու է ընտրել անձամբ Բիձինա Իվանիշվիլին: Նա իշխող «Վրացական երազանքի» անդամ չէ, սակայն ողջ իշխանական վարչական ռեսուրսը նախընտրական արշավի ժամանակ աշխատում էր նրա համար: Օրինակ, անցյալ հանգստյան օրերին «Վրացական երազանքը» հսկայական համագումար արեց Սպորտի պալատում ի աջակցություն Զուրաբիշվիլիի:

Միջոցառումանն ամբողջ կազմով ներկա էր կառավարությունը, պատգամավորներն ու կուսակցական ակտիվը: Չնայած դրան՝ իշխանության ներկայացուցիչները չեն դադարում կրկնել, որ Զուրաբիշվիլին «անկուսակցական թեկնածու» է: Նախընտրական արշավի ժամանակ Զուրաբիշվիլին մի քանի սկանդալային հայտարարություն արեց: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ 2008թ-ի պատերազմը Վրաստանն է հրահրել:

Այս հայտարարությունն աննախադեպ հակաարշավ առաջացրեց, որին մասնակցում էին ոչ միայն նրա քաղաքական ընդդիմադիրներն, այլ նաև անձինք, որոնք համակրում են «Վրացական երազանքին»:

Միխայիլ Սահակաշվիլիի նախկին իշխանական կուսակցությունը նախընտրական կոալիցիա է ստեղծել, որի կազմում տասը մանր ընդդիմադիր կուսակցություն կա: Դաշինքը կոչվել է «Ուժը միասնության մեջ է» և որպես նախագահի թեկնածու է առաջադրել Գրիգոլ Վաշաձեին:

Վաշաձեն փորձառու դիվանագետ է, որը Սահակաշվիլիի նախագահության տարիներին գլխավորում էր Վրաստանի ԱԳՆ-ն (2008թ-ի դեկտեմբերից մինչև 2012թ-ի հոկտեմբեր):

Վաշաձեի դիվանագիտական կարիերան կապված է Ռուսաստանի հետ: Երկար տարիներ նա ապրել է Մոսկվայում և հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից միայն 2008թ-ին: Նրա արտաքին քաղաքական ուղղվածությունը եվրոպամետ է: Վաշաձեն բալետի հայտնի պրիմա-պարուհի Նինո Անանիաշվիլիի ամուսինն է: Անանիաշվիլին ակտիվորեն մասնակցում էր նրա նախընտրական արշավին:

«Եվրոպական Վրաստանը» (Սահակաշվիլիի նախկին կողմնակիցները, որոնք 2016թ-ին իրենց կուսակցությունը հիմնեցին) նախագահական ընտրություններին որպես իրենց թեկնածու առաջադրեցին խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բակրաձեին:

Տարբեր սոցիոլոգիական հարցումների գրեթե բոլոր արդյունքները վկայում են բարձր վստահության մասին, որ կա Բակրաձեի հանդեպ: Նա մասնակցել է 2013թ-ի նախագահական ընտրություններին «Ազգային շարժման» կողմից: Այն ժամանակ հավաքել է 21.73% ձայն:

Եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն չլինի, ապա արդեն նոյեմբերի 18-ին կկայանա Վրաստանի ընտրված նախագահի երդմնակալությունը: Այդ օրը նա հավատարմության երդում կտա ազգի և Բարձրյալի առջև:

Գրեթե բոլոր քաղաքական դիտորդներն ու լրագրողները խոստովանում են, որ ներկայիս արշավը վերջին տարիների ամենածանրներից և սկանդալայիններից մեկն էր. գաղտնի ձայնագրությունների և կոմպրոմատի իսկական պատերազմ սկսվեց: Ընտրություններից մի քանի օր առաջ սկանդալային ձայնագրություններ տարածվեցին, որոնցում «Վրացական երազանքի» նախկին բարձրաստիճան անձինք խոսում են մարդու առևանգման և խոշտանգումների, աղմկահարույց գործերով վկաների վրա ճնշում գործադրելու մասին, գործարարները զրուցում են իշխանությունների կողմից ռեկետի մասին, որին իբր անձամբ ներգրավված է եղել նախկին վարչապետ Բիձինա Իվաինշվիլին: Իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ ձայնագրություններից ոչ մեկն աուտենտիկ չէ, նրանք հերքում են բոլոր մեղադրանքները: Լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց նաև «Վրացական երազանքի» ներկայացուցիչների մեծաշուք տների մաիսն:

Ներկայիս նախընտրական արշավի մեկ այլ յուրօրինակությունն իշխանամետ թեկնածուի դեմ աննախադեպ արշավն է ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության որոշ կողմնակցիների կողմից: Զուրաբիշվիլիի դեմ մասշտաբային արշավի պատճառը 2008թ-ի օգոստոսյան պատերազմի մասին նրա հայտարարությունն էր:

Վերջին ժամանակները Ֆեյսբուքի վրացական հատվածում հաճախ կարելի էր գրառումներ տեսնել, որոնք Վրաստանի քաղաքացիներին կոչ են անում չքվեարկել Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին: Զուրաբիշվիլի նկարի վրա կարմիր խաչ քաշած նկարներ էին տեղադրվում սոցցանցերում և գրվում՝ «Պատերազմը Ռուսաստանն է սկսել»:

Օրացույց