Առաջին փուլում նախագահ չի ընտրվել և երկրորդ փուլ է լինելու

հոկտեմբեր 29, 2018 - 10:26        Viewed: 71       

Արդեն հաշվվել են երկրում նախագահական ընտրությունների քվեարկության գրեթե բոլոր քվեաթերթիկները։ Ընտրարշավի առաջատարների՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի արդյունքների միջև տարբերությունը մեկ տոկոսից պակաս է։ Սալոմե Զուրաբիշվիլի -38.62%; Գրիգոլ Վաշաձե -37.74%: Դա նշանակում է, որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ առաջին փուլում նախագահ չի ընտրվել և երկրորդ փուլ է լինելու։ 

Այն մասին, որ այս արդյունքներն իշխանությունների համար անսպասելի շոկային էին, առաջին հերթին, խոսում է այն, որ ընտրատեղամասերը 20:00-ին փակելուց հետո Զուրաբիշվիլիի շտաբում արդեն լիակատար հաղթանակ էին տոնում։ Զուրաբիշվիլիին շնորհավորելու էր եկել երկրի ոչ ֆորմալ առաջնորդ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

Իշխող կուսակցության շտաբում նշում էին, որ Զուրաբիշվիլին վստահաբար առաջ է անցել, և ընդդիմությունը սադրանքների է պատրաստվում։

«Վրացական երազանքի» կողմնակիցների մեքենաներն արշավում էին Թբիլիսիի և Բաքթումի փողոցներում՝ կուսակցական դրոշներով և մեքենաների ազդանշանների ներքո։

Արդեն պատրաստ էր բեմը, որի վրա պետք է անցկացվեր Զուրաբիշվիլիի հաղթանակին նվիրված համերգը՝ վրացական էստրադայի աստղերի մասնակցությամբ։

Այդ վաղաժամ ցնծության առիթը «Վրացական երազանքի» պատվերով անցկացված էկզիթ-փոլերի արդյունքներն էին, որոնց համաձայն՝ Զուրաբիշվիլին հաղթում էր արդեն առաջին փուլում՝ հավաքելով 52.3% ձայն։ Իսկ նրա մրցակից Վաշաձեն հավաքում էր ընդամենը 28.1% ձայն։

Սակայն բոլորովին այլ պատկեր ունեին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության և ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատվերով անցկացված էկզիթ-փոլերը, որոնց արդյունքները շատ մոտ էին ԿԸՀ հրապարակած արդյունքին։

Առաջինի համաձայն (այն անցկացրել է Edison Research ընկերությունը)՝ Զուրաբիշվիլին և Վաշաձեն հավաքում էին յուրաքանչյուրը 40% ձայն։ Երկրորդի համաձայն (այն անցկացրել է BCG Research ընկերությունը)՝ Վաշաձեն հավաքում էր 37% ձայն, Զուրաբիշվիլին՝ 34%։

Արդեն կեսգիշերին մոտ, երբ ստացվեցին առաջին արդյունքները, «Վրացական երազանքի» շտաբում տրամադրությունը կտրուկ ընկավ։

Գիշերը մեկին հատուկ բրիֆինգին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկրում երկրորդ փուլ կլինի։

Ողջ գիշեր ցնծում էր Գրիգոլ Վաշաձեի շտաբը։ Այնտեղ մեծ էկրանի վրա միացրել էին նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի սկայպ-զանգը, սահակաշվիլին ասում էր, որ նույնիսկ ինքը նման ցնցող հաղթանակ չէր սպասում։

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիայի կենտրոնական կուսակցությունը հենց «Ազգային շարժումն» է՝ Վրաստանի նախկին իշխող կուսակցությունը, որի ոչ ֆորմալ առաջնորդը մինչ այսօր Միխայիլ Սահակաշվիլին է համարվում։

Նախնական արդյունքները հայտարարելուց հետո երկու քաղաքական ուժ հայտարարեց, որ երկրորդ փուլում կաջակցի Գրիգոլ Վաշաձեին։

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բակրաձեն հենց միանգամից՝ քվեարկության ավարտից հետո, ընդունեց պարտությունը, շնորհավորեց իր ընդդիմադիր մրցակից Գրիգոլ Վաշաձեին և խոստացավ աջակցել երկրորդ փուլում։ Այս ժեստը Վրաստանի համար աննկատ չմնաց, որտեղ պարտություն ճանաչելու և հաղթողին շնորհավորելու քաղաքական մշակույթ չկա։ Դա, ինչպես և ընտրությունների արդյունքները վերլուծաբանները «պատմական» անվանեցին։

Եվս մեկ կուսակցություն, որը պատրաստ է աջակցելու Վաշաձեին երկրորդ փուլում, Հանրապետականն է։ Հատկանշական է, որ 2016թ-ին հանրապետականները «Վրացական երազանք» կոալիցիայի մաս էին և «Ազգային շարժման» ամենամոլի ընդդիմադիրները։ Սպասվում է, որ Վաշաձեին կաջակցեն նաև ընդդիմադիր այլ կուսակցություններ։

Օրացույց