Օրվա իրադարձություններ. Վրաստան` 30/10/2018

հոկտեմբեր 30, 2018 - 18:17        Viewed: 65       

«Եթե Գրիգոլ Վաշաձեն դառնա Վրաստանի նախագահ, ապա կսկսվի քաղաքացիական պատերազմ», -հոկտեմբերի 30-ին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գեդևան Փոփխաձեն։ «Եթե Վաշաձեն հաղթի ընտրությունների երկրորդ փուլը և դառնա նախագահ, ապա դա իրական քայլ կլինի Վրաստանում քաղաքացիական պատերազմ սկսելու համար։ Ես դրանում լիովին համոզված եմ», -հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամը։

Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքիում իշխող կուսակցության կողմնակիցները հարձակում են իրականացրել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա և ծեծի ենթարկել «Ազգային շարժման» կողմնակիցներին։ Մի քանի տուժածների տեղափոխել են Ախալքալաքիի հիվանդանոց։ Մեկը տեղափոխվել է Թբիլիսի։ Ընդդիմության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ հարձակումն իրականացվել է «Վրացական Երազանքի» կողմնակիցների կողմից, և ողջ գործընթացը ղեկավարել է մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայր Մարտուն Մկոյանը։ (Հենզել Մկոյանը մինչ 2012 թվականի իշխանափոխությունը Ազգային Շարժման շահերն էր պաշտպանում, իսկ ավելի վաղ Էդուարդ Շևարնաձեի քաղաքական թիմի ներկայացուցիչն է եղել -խմբ)։ Ընդդիմության հայտարարության համաձայն՝ «գրասենյակի տարածքում, որտեղ իրականացվել է հարձակում, տեղադրված են վիդեո տեսախցիկներ, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները նախօրոք անջատել էին բոլոր տեսախցիկները»։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները մեկնաբանել են Ախալքալաքիում տեղի ունեցած իրադարձությունները։ «Մենք ունենք տեղեկություն, որ ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո ընդդիմության ներկայացուցիչները ծրագրում են իրականացնել մի շարք սադրիչ գործողություններ։ Ինչպես երևում է, Ախալքալաքիում նրանք հասան իրենց ուզածին։ ՆԳՆ-ն արդեն սկսել է հետաքննությունը։ Հետաքննությունը կպարզաբանի բոլոր մանրամասները։ Մենք չենք պատրաստվում թաքցնել հանցագործներին։ Այդ պատճառով կոչ ենք անում բոլոր կողմնակիցներին համբերել և չտրվել սադրանքներին», -հոկտեմբերի 30-ին հայտարարել է  Մամուկա Մդինարաձեն։

Հոկտեմբերի 30-ին հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ «ընթացիկ տարվա սեպտեմբերին երկրի ՀՆԱ-ն կազմել է 5․6%, իսկ 2018թ․-ի երրորդ կիսամյակում 2017թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՆԱ-ի աճը կազմել է 4%։ 2018թ․-ի առաջին ինը ամիսների ընթացքում Վրաստանի ՀՆԱ-ն կազմել է 4․9%»։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում թուլատրվել է 7 702 շինարարական թույլտվություն (ինչը 4․6%-ով քիչ է, քան 2017թ․-ի հունվար-սեպտեմբերին)։ Հարկ է նշել, որ շինարարության համար թուլատրված  ընդհանուր քանակի 72%-ը տրվել է երկրի 3 շրջաններին՝ Թբիլիսին (48%), Աջարիայի Ինքնավար Հանրապետությանը՝ (13,2%) և Քվեմո-Քարթլիին՝ (10,8%)։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 31-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7027 լարի (+0.0007), իսկ եվրոյի հանդեպ 3․0703 լարի (-0.0105):

Օրացույց