Օրվա իրադարձություններ. Վրաստան` 1/11/2018

նոյեմբեր 01, 2018 - 18:53        Viewed: 92       

«Կարևորագույն քաղաքական կառույցը՝ Վրաստանի Պետական Անվտանգության Խորհուրդը դադարում է գործել։ Անթուլատրելի է, որ երկիրը թեկուզև մեկ օր մնա առանց այդ կառույցի։ Կոչ եմ անում իմ գործընկերներին արագ և արդյունավետ իրականացնել այն խոստումը, որը վերաբերում էր Պետական Անվտանգության Խորհուրդի լուծարմանը և նրա՝ այլ կառույցով փոխարինմանը։ Անհրաժեշտ է ստեղծել այդ կառույցը, որպեսզի նոր նախագահը և նոր Սահմանադրությունը ունենան Պետական Անվտանգության Խորհուրդ», -նոյեմբերի 1-ին հայտարարել է Վրաստանի նախագահը։

Նոյեմբերի 1-ին տարածված տեղեկության համաձայն՝ Բաքու-Կարս երկաթուղին կսկսի ուղևորների տեղափոխումը 2019թ․-ի աշնանից։ «2019թ․-ի սկզբին ծրագրվում է շվեյցարական ընկերությունից գնել 10 վագոն։ Ավելի ուշ կգնվի ևս 10 վագոն։ Այն բանից հետո, ինչ երկաթգիծը սկսել է գործել, նրանով փոխադրվել է ընդամենը 3 000 կոնտեյներ բեռ։ Ըստ հաշվարկների՝ երկաթգծով պետք է փոխադրվեն հետևյալ բեռները․շինարարական նյութեր, էլեկտրոտեխնիկա, հացահատիկային բեռ և այլ արդյունաբերական բեռներ Չինաստանից և հակառակը»։ Հարկ է նշել, որ Բաքու-Կարս երկաթգծի հանդիսավոր բացումը, որը ինչպես երևում է գործնականորեն չի գործում, տեղի է ունեցել 1 տարի առաջ՝ 2017թ․-ի հոկտեմբերի 30-ին։

Նախագահական ընտրություններից հետո չորրորդ օրը Վրաստանի ազգային արժույթը արժեզրկվել է՝ հասնելով 2,72 լարիի մեկ դոլարի հանդեպ։ Ինչպես հայտարարում են տնտեսության բնագավառի փորձագետները, լարիի անկումն արդեն հանգեցրել է ներկրվող ապրանքի թանկացմանը, և այդ գործընթացը կշարունակվի։ «Լարիի անկման գլխավոր պատճառը բյուջեի միջոցների անհավասարակշիռ ծախսն է։ Ընտրությունների առաջին փուլից հետո կարելի է ասել, որ լարին միացված է արհեստական շնչառական ապարատին։ Կառավարությունը ամբողջ ուժերով փորձում է թույլ չտալ ազգային արժույթի կործանումը», -նոյեմբերի 1-ին հայտարարել է տնտեսության բնագավառի փորձագետ Նիկա Շենգելիան։

Լարիի կուրսի անկմանը զուգահեռ Վրաստանում շարունակում է թանկանալ վառելիքը երթևեկության միջոցների համար։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 2-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7170 լարի (-0.0033), իսկ եվրոյի հանդեպ 3․0900 լարի (+0.0052):

Օրացույց