Երկիրն արդեն ընկղմվել է ամենադրամատիկ և ծանր նախընտրական արշավներից մեկում

նոյեմբեր 03, 2018 - 00:03        Viewed: 83       

Հոկտեմբերի 28-ին Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ առաջին փուլում նախագահ ընտրել: Երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 2-ին, հստակ ամսաթիվը դեռ նշանակված չէ: Ինտրիգը հսկայական է: Մրցակիցների ձայները գրեթե հավասար են բաշխվել առաջին փուլում. Սալոմե Զուրաբիշվիլին (իշխանության թեկնածու) հավաքել է 38,4% ձայն, Գրիգոլ Վաշաձեն (ընդդիմության թեկնածուն)՝ 37,73%: Նոր սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը նոմինալ ֆիգուր է և առանձնահատուկ դեր չի խաղում երկրի կառավաման մեջ, սակայն, այնուամենայնիվ, նա կարևոր քաղաքական ֆիգուր է: Եվ, որ ամենագլխավորն է, անցած քվեարկությունը խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձն է, որոնք երկրում անցկացվելու են երկու տարի անց, և դրանց արդյունքում Վրաստանն իշխանություն է ընտրելու: Երկիրն արդեն ընկղմվել է ամենադրամատիկ և ծանր նախընտրական արշավներից մեկում:

Գլխավոր հարցն այն է, թե այս ամսվա մեջ ով կարող է ընտրողների ավելի շատ ձայն կոնսոլիդացնել՝ իշխող կուսակցությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը:

Իշխանություններն արդեն նոր նախընտրական ռազմավարություն են նախանշել. այն հիմնված է բնակչությանը վախեցնելու վրա. արդեն հինգերորդ օրն է, ինչ իշխանությունները կրկնում են, որ Վրաստանում, հնարավոր է, խառը ժամանակներ լինեն, քաղաքացիական պատերազմ և քաոս սկսվի, դոլարի փոխարժեքը եռակի աճի: Եվ այդ ամենը տեղի կունենա, եթե ընտրողները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածուին ընտրեն:

Երկրորդ փուլ են անցել 66-ամյա Սալոմե Զուրաբիշվիլին՝ իշխանության աջակցությունը ստացած թեկնածուն և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անձնական ընտրությունը, և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչ, նախկին նախագահ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության անդամ 60-ամյա Գրիգոլ Վաշաձեն՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի անձնական ընտրությունը:

Երկուսն էլ նախկինում՝ Սաակաշվիլիի կառավարությունում արտգործնախարար են եղել: Երկու թեկնածուներն էլ առաջին փուլում գրեթե միանման արդյունքներ են ցուցադրել: Իսկ եթե հաշվենք և ընդհանրացնենք բոլոր ընդդիմադիր քվեներն, իշխանության թեկնածուն, որը պարտվել է երկրի բոլոր խոշոր քաղաքներում, ընդհանրապես ջախջախիչ պարտություն է կրել:

Հոգեբանական առավելությունն ակնհայտորեն ընդդիմության կողմն է: Բացի այդ, երկրորդ փուլում Վաշաձեն կարող է հույս կապել նաև ընդդիմադիր այլ կուսակցությունների ընտրողների ձայների հետ: Մեծությամբ երկրորդ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Եվրոպական Վրաստանը» [կազմված է «Ազգային շարժման» նախկին անդամներից, որոնք 2016թ-ի վերջին առանձնացան Սաակաշվիլիի հետ կոնֆլիկտից հետո], որն ընտրություններին հավաքեց գրեթե 11% ձայն, արդեն կոչ է արել իր կողմնակիցներին երկրորդ փուլում քվեարկել Վաշաձեի օգտին:

Ավելի ծանր են գործերն իշխող կուսակցության ներսում, որն ակնհայտորեն պատրաստ չէր այսպիսի սցենարի և վստահ էր, որ հաղթանակ է տանելու առաջին իսկ փուլում: Ընտրատեղամասերի փակվելուց հետո Զուրաբիշվիլիի շտաբում արդեն նրա հաղթանակն էին տոնում: Տրամադրությունը կտրուկ փոխվեց, երբ սկսեցին հրապարակվել ԿԸՀ առաջին տվյալները: Շտաբում այնքան պատրաստ չէին նման ընթացքին, որ հաջորդ երեք օրը Զուրաբիշվիլին բառացիորեն թաքնվում էր լրագրողներից և չէր մեկնաբանում ընտրությունների արդյունքները: Լուրեր էին պտտվում նույնիսկ, որ նա պատրաստվում է հրաժարվել երկրորդ փուլից:

Սակայն այդպիսի բան տեղի չունեցավ. երրորդ օրը Զուրաբիշվիլին մամուլի ասուլիս հրավիրեց և ասաց, որ պայքարելու է: Իշխանությունները, որոնք հիմա արտակարգ ռեժիմով են աշխատում, հույս ունեն, որ երբ «բնակչությունը տեսնի Սաակաշվիլիի վերադարձի իրական սպառնալիքը, կմոբիլիզացվի, կգա ընտրատեղամասեր և կքվեարկի Զուրաբիշվիլիի օգտին»: Հենց դա է իշխող կուսակցության նախընտրական գլխավոր ռազմավարությունը, որն ամբողջությամբ պտտվում է ընդդիմադիր «Ազգային շարժման» շուրջ:

Որպեսզի այդ ռազմավարությունն աշխատի, «Վրացական երազանքը» սկսել է բնակչությանը հեղափոխությամբ, ապակայունացմամբ և քաոսով վախեցնել, որոնցից հնարավոր չէ խուսափել ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում: «Եթե Վաշաձեն հաղթի ընտրություններում, դա Վրաստանում քաղաքացիական պատերազմի մեկնարկի իրական քայլ կլինի», -սրանք «Վրացական երազանքի» պատգամավոր Գեդևան Փոփխաձեի խոսքերն են:

Իշխանության մեսիջներից մեկն էլ հետևյալն է. դա Միխեիլ Սաակաշվիլիի ներում և հնարավոր վերադարձ է նշանակում: Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ Վաշաձեն պայքարում էր ոչ թե նախագահի աթոռի, այլ Սաակաշվիլիին ներում շնորհելու իրավունքի համար:

Պատգամավորները ենթադրում են նաև, որ հաղթանակի դեպքում Վաշաձեն ներում կշնորհի բռնության և լիազորությունների չարաշահման համար դատապարտված նախկին պաշտոնյաներին [խոսքը ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի և պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի մասին է]:

«Իհարկե, այդ ամենը հետո ուղղվելու է այն քաղաքական հակառակորդների վերացմանը, որոնք խնդիր են Սաակաշվիլիի համար», -հայտարարել է պատգամավոր Փոփխաձեն և միասնության կոչ արել, որպեսզի մարդիկ թույլ չտան, որ այդ «ֆաշիստական ուժն» իշխանության վերադառնա:

Նույնպիսի հայտարարություն է արել նաև արդարադատության խորհրդի անդամ Աննա Դոլիձեն: Նա նաև կանխատեսում է արել, որ, եթե «իշխանության գա Վաշաձեն, դոլարը 6,70 լարի է դառնալու»:

Իսկ «Վրացական երազանքի» ևս մեկ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին նույնիսկ պատրաստակամություն է հայտնել ֆիզիկապես պայքարել, «առաջամարտիկ» դառնալ և պաշտպանել երկիրն «այդ դավաճաններից, խոշտանգողներից և մարդատյացներից»:

«Մի բևեռում բռնության չիրագործված ցանկությունը, երկրորդում՝ միգուցե ոչ այնքան կատարյալ իշխանությունը, բայց խաղաղությունն, անվտանգությունն ու երկրի զարգացումը: Այս իրավիճակում ես վստահ եմ, որ մենք կհաղթենք», -հայտարարել է Սեսիաշվիլին:

Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Վոլսկին վստահ է, որ հոկտեմբերի 28-ին «Վրացական երազանքի» կողմնակիցներից շատերն ընտրությունների չէին եկել՝ կարծելով, որ Զուրաբիշվիլին ամեն դեպքում կհաղթի: «Սակայն հիմա, երբ նրանք տեսնեն, որ Սաակաշվիլիի վերադարձն իրական է, կմոբիլիզացվեն, կգան ընտրության, և մենք կհաղթենք», -ասել է նա:

Նույնպիսի հռետորաբանություն ունեն նաև իշխանամետ փորձագետները, հանրության ներկայացուցիչներն ու էստրադային երգիչները, որոնք մասնակցում են տարբեր քաղաքական թոք-շոուների և կոչ են անում ժողովրդին համախմբվել Զուրաբիշվիլիի թեկնածության շուրջ:

Իշխանություններին զուգահեռ արտակարգ ռեժիմով է աշխատում նաև «Իմեդի» հեռուստաընկերությունը: Վրացի հանգուցյալ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին պատկանող հեռուստաալիքն այսօր իշխանությունների գլխավոր պրոպագանդիստական մեքենան է:

Առաջին փուլից հետո հեռուստաընկերության տերերն ու կոլեկտիվը հայտարարություններ են արել, որ, ելնելով երկրի շահերից, «Իմեդին» անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի և բացահայտ համոզելու է բնակչությանը չքվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին:

Եվս մեկ իշխանամետ մեդիառեսուրս Post TV-ն իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է տեղադրել, որում ալկոհոլային ֆաբրիկայի աշխատակիցները դեմքի տրագիկ արտահայտությամբ հայտարարում են, որ ձեռնարկությունը փակում են մինչև երկրորդ փուլն ու անընդհատ շրջաններով պտտվելու են և Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին ագիտացիա են անելու՝ «հայրենիքը փրկելու և Սաակաշվիլիի արյունոտ ռեժիմի վերադարձը թույլ չտալու համար»:

Բոլորովին այլ իրականություն է Վրաստանի մյուս «կիսագնդում», որն աջակցում է ընդդիմությանը: Ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքն ամբողջությամբ մասնակցում է նախընտրական արշավին: Վաշաձեի ու նրա նախընտրական շտաբի գլխավոր խնդիրը, որքան հնարավոր է, շատ ընդդիմադիր ձայներ մոբիլիզացնելն է: Նրանք դա անում են՝ մշտապես հիշեցնելով երկրում ծանր տնտեսական իրավիճակի և այն մասին, որ երկրում ամեն ինչ կենտրոնացված է և գտնվում է երկրի ոչ ֆորմալ առաջնորդ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ձեռքում:

Ընդդիմության համար երկրորդ փուլում պատրաստվում են քվեարկել նույնիսկ նրանք, ովքեր չեն համակրում «Ազգային շարժմանը»: «Սովորական ընտրություններին ես երբեք չէի քվեարկի «Ազգային շարժման» օգտին, սակայն սա անսովոր իրավիճակ է: Իշխանությունները բոլորովին դադարել են լսել ժողովրդին: Իվանիշվիլին նույնիսկ մտածում է, որ երկրում ամեն ինչ լավ է, և միայն «Ռուսթավի-2»-ն է փչացնում իրավիճակը: Պետք է նրանց հասկացնել, որ ամեն ինչ իրականում վատ է, և որ Իվանիշվիլին մեր ցարը չէ, որը անի, ինչ ուզի», -ասում է 63-ամյա կենսաթոշակառու Մարինան:

Նախկին նախագահ Սաակաշվիլին, որի վերադարձից վախենում են վրացական իշխանություններն, այժմ Նիդերլանդներում է՝ կնոջ հայրենիքում: Սակայն միայն ֆիզիկապես:

Իրականում Սաակաշվիլին ակտիվորեն մասնակցում է նախընտրական արշավին, Ֆեյսբուքում օրական մի քանի լայվ է անում, դիմում ընտրողներին և քաջալերում երկրորդ փուլում հաղթանակ տանելու համար:

Նրան կարելի է նաև պարբերաբար տեսնել «Ռուսթավի-2» գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում, որը նույնպես, ինչպես է «Իմեդին» մասնակցում է նախընտրական արշավին, միայն թե՝ հօգուտ ընդդիմության: Սակայն բնավ ոչ բոլորն են այդպես ոգևորված Սաակաշվիլիի ակտիվությունից:

Նա շատ քննադատներ ունի նույնիսկ ընդդիմության կողմնակիցների շրջանում, որոնք կարծում են, որ Սաակաշվիլին Վրաստանի երեկվա օրն է, և նրա ակտիվությունը միայն խանգարում է ընդդիմությանը համախմբել իր ողմնակիցներին:

«Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի» տնօրեն Գիորգի Ռուխաձեն ասում է, որ «Իմեդի» հեռուստաալիքով քաղաքական թոք-շոու է դիտել և հաշվել, որ հաղորդավարն ավելի քան 25 անգամ կրկնել է «քաղաքացիական պատերազմ» արտահայտությունը:

«Նրանք պարզապես ուղղակիորեն վախենցում են և շանտաժի ենթարկում ընտրողներին: Եթե նունյիսկ հիպոթետիկ կերպով ենթադրենք, որ ապակայունացման սպառնալիք կա, ապա դրա մեղավորը ոչ թե ընդդիմությունը կլինի, այլ իշխանությունները, որոնք պատասխանատու են երկրում կարգուկանոնի համար: Դա իշխանությունների նախընտրական մեսիջն է. այսպիսի սարսափելի բաներ կլինեն, եթե մենք պարտվենք», -ասում է Ռուխաձեն:

Ըստ նրա՝ այն, որ Վրաստանում հասարակությունը բևեռացված է, կարելի է նկատել հերթով միացնելով «Իմեդի» և «Ռուսթավի-2» հեռուստաալիքները: Սակայն, ըստ նրա, քաղաքացիական պատերազմի ոչ մի սպառնալիք էլ չկա ընդդիմադիր թեկնածուի ընտրվելու պարագայում:

Իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն անպատասխանատու է համարում ազդեցիկ վրացական հասարակական կազմակերպության՝ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության» ղեկավար Սուլխան Սալաձեն: «Ինչպե՞ս է հնարավոր, որ իշխանության ներկայացուցիչները նման հայտարարություն անեն: Չէ՞ որ եթե երկրում ինչ-որ բան տեղի ունենա, դա, առաջին հերթին, իշխանությունների մեղքն է լինելու», -ասում է Սալաձեն:

«Դա «Վրացական երազանքի» հիստերիկ արձագանքն էր ընտրություններում պարտվելուն», -կարծում է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն: «Ընտրությունների արդյունքը վերլուծելու և հասկանալու փոխարեն, թե ինչու են ընտրողները չեն քվեարկել իրենց թեկնածուի օգտին, նրանք անցել են շանտաժի և սեփական բնակչությանը վախեցնելուն»:

Սամնիձեի խոսքով՝ Վրաստանում մարդիկ բնավ ապակայունացման և հեղափոխության տրամադրություններ չունեն: Ընդհակառակը, կարծում է նա, վրացի ընտրողները տարիների ընթացքում ավելի իմաստուն են դարձել.

«Մարդիկ վերցրել և ընտրություններին հանգիստ քվեարկել են իշխանության թեկնածուի դեմ: Դրանով նրանք ասել են, որ իրենց ձանձրացրել է իշխանությունների հռետորաբանությունը, որն արդեն վեց տարի է՝ պտտվում է այն բանի շուրջ, թե որքան վատն էր Սաակաշվիլին և նրա իշխանությունը: Նրանք ուզում են առաջ գնալ, հենց դա են նրանք ասել ընտրություններին»:

Օրացույց