Թանդոյանց եկեղեցու հարցով դատական նիստը շարունակվում է

նոյեմբեր 05, 2018 - 00:03        Viewed: 184       

ՎիրաՀայց Թեմ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցավ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով հերթական դատական նիստը՝ Վիրահայոց թեմն ընդդեմ Վրաստանի Հանրային Ռեեստրի ազգային գործակալության: Դատական նիստին ներկա էին ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ Հանրային Ռեեստրի ազգային գործակալության և Էկոնոմիկայի նախարարության լիազորված ներկայացուցիչները։ Որպես երրորդ կողմ ներկայացել էր Վրաց Ուղղափառ Եկեղեցին:

Դատական նիստն ընթացավ Պատասխանող կողմերի երեք դատապաշտպանների ելույթներով, որոնք հանդես եկան հետևյալ դիրքորոշմամբ. Ա. Հանրային ռեեստրը հանդես եկավ. Դադարեցնել Հանրային ռեեստրի նկատմամբ Վիրահայոց թեմի բողոքի քննարկումը, պատճառաբանելով, որ Թանդոյանց Սուրբ Աստվածածին Եկեղեցին սեփականության իրավունքով պատկանում էր Վրաստանի պետությանը և Հանրային Ռեեստրը, իբր առանց օրենքի որևէ կետ խախտելու, այն գրանցել է որպես Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի սեփականություն: Ուստի Դատապաշտպանի առաջարկությունն էր այդ հարցը հանել քննարկումից:

Բ. Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիրը հանդես եկավ. Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին պետության սեփականությունից հանելու մասին որոշումը չեղարկելու և եկեղեցին Վիրահայոց թեմին վերադարձնելու պահանջի հետ կապված, նշելով, որ այդ հարցը նույնպես պետք է հանվի քննարկումից: Ըստ դատապաշտպանի մեկնաբանության, իբր Վիրահայոց թեմը Թանդոյանց Սուրբ Աստվածածին Եկեղեցու նկատմամբ չունի իրավական սեփականատեր լինելու որևէ հիմք, բացի դրանից Վրաստանում գործող Օրենսդրության համաձայն, հոգևոր և մշակութային հուշարձանները սեփականաշնորհման ենթակա չեն, ուստի Վիրահայոց թեմին այն չվերադարձնելու դեպքում, Թեմը սեփականաշնորհել այն չի կարող:

Թեև անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ, ի տարբերություն մյուս կրոնական համայնքների, Վրաց Ուղղափառ Եկեղեցին Վրաստանի տարածքում ունի սեփականաշնորհած իր եկեղեցիներն ու տարածքները:

Գ. Վիրահայոց թեմի ներկայացրած պահանջը այն մասին, որ ի թիվս այլ պաշտամունքային շինությունների Թանդոյանց Սուրբ Աստվածածին Եկեղեցին նույնպես բռնագրավվել է խորհրդային իշխանության կողմից, և այն պետք է վերադարձվի Վիրահայոց թեմին, պատասխանող՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու դատապաշտպանը հայտարարեց, որ խորհրդային իշխանության կողմից բռնագրավվել է եկեղեցու միայն կանգուն մասը, իսկ Վրաց Ուղղափառ Եկեղեցին գտնում է, որ մի քանի դար առաջ այդ տեղում, Եկեղեցու հիմքում եղել է Վրացական Եկեղեցի, ուստի Թանդոյանց Սուրբ Աստվածածինը Վրաց Պատրիարքարանի սեփականությունն է: Հավելելով նաև այն, որ Վրաստանի տարածքում եղած բոլոր մշակութային և կրոնական շինությունները Վրաստանի սեփականությունն են:

Ի հակադրություն արտահայտած կարծիքի նշենք, որ Վրացական կողմը, ոչ մի գիտական և փաստացի հիմնավորում չունի, որ նշված տեղում եղել է վրացական եկեղեցի: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի տարածքում եղած բոլոր մշակութային և կրոնական շինությունները Վրաստանի սեփականությունն են տեսակետին, նշենք, որ այս արտահայտությունը ակնհայտ խտրականության դրսևորում է ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ:

Վրաց Պատրիարքարանի շահերը ներկայացնող դատապաշտպանը նշեց, որ եթե այսօր Վիրահայոց թեմին վերադարձվի իրենց պահանջածը, ապա պահանջներ կներկայացնեն մուսուլմանները իրենց մզկիթների, հրեաները իրենց սինագոգների համար, այդ դեպքում իբր պետությունը կհայտնվի ծանր իրավիճակի առջև:

Գուցե փաստաբանները տեղյակ չէին, սակայն նշենք, որ Վրաստանի կառավարությունը մուսուլմանական համայնքին վերադարձրել է 150-ից ավելի մզկիթներ, իսկ հրեական համայնքին՝ 25 սինագոգ:

Դ. Վիրահայոց թեմի կողմից ներկայացված պահանջին, որ Վրաստանի տարբեր տարածաշրջաններում ժամանակին կառուցված, իսկ ներկայումս կիսավեր ու խոնարհված հայկական եկեղեցիները, որոնք փլատակների են վերածվում, տարբեր օբյեկտներ դառնում կամ վրացականացվում, Վրաց Ուղղափառ Եկեղեցու դատապաշտպանը հայտարարեց, որ Վիրահայոց թեմի հույսը և պահանջը, որ օրերից մի օր դրանք կարող են վերադարձվել իրենց իսկական տերերին, մտացածին է, ոչ իրատեսական և անհեռանկար:

Նշենք, որ մտահոգիչ են Վրաց Պատրիարքարանի և Պատասխանող կողմերի փաստաբանների նման մոտեցումները խնդրո առարկա հարցին, որտեղ ի հայտ են գալիս ազգային և կրոնական խտրականության դրսևորումներ ոչ միայն հայերի, այլև Վրաստանում ապրող մյուս ազգային և կրոնական համայնքների նկատմամբ: Հանրային Ռեեստրի, էկոնոմիկայի նախարարության և Վրաց Պատրիարքարանի դատապաշտպանները անտեսում են, որ Վրաստանը, խորհրդային համակարգը համարել է որպես օկուպացիոն ռեժիմ: Փաստորեն օկուպացված ռեժիմի ապօրինի գործողությունները, կապված կրոնական համայնքների ունեցվածքի բռնագրավման հետ ոչ միայն չեն դատապարտում և քայլ կատարում արդարության վերականգնման համար, այլ թողնում է այն տպավորությունը, որ կրոնական համայնքների նկատմամբ Վրաստանում շարունակվում են խտրականության դրսևորումները:

Նշենք, որ Վրաց Եկեղեցուց խորհրդային տարիներին առգրավված ողջ ունեցվածքը, և ավելին վերադարձվել է Վրաց Ուղղափառ Եկեղեցուն, իսկ կրոնական մյուս համայնքներից բռնագրավված ունեցվածքի հարցը շարունակում է մնալ չլուծված:

Պատասխանող կողմը իր բարձրացրած հարցերի դիմաց հայցվոր կողմից պահանջեց ներկայացնել հիմնավորված փաստարկներ: Թեև Վիրահայոց թեմի դատապաշտպանները պատրաստ էին հակադարձ հիմնավոր և փաստարկված պատասխան տալու, բայց դատավորի կողմից առաջարկվեց հիմնովին պատրաստվելու նպատակով դատական նիստը հետաձգել: Դատարանի որոշմամբ և կողմերի համաձայնությամբ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 11-ին:

Օրացույց