Հավատացյալների խումբը քայլերթ կատարեց դեպի խոնարհված Սուրբ Նշան եկեղեցի

նոյեմբեր 10, 2018 - 18:50        Viewed: 1513       

ՎիրաՀայոց Թեմ՝ Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, հավատացյալների խումբը արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի և սարկավագների առաջնորդությամբ քայլերթ կատարեց դեպի Թբիլիսիի խոնարհված Սուրբ Նշան (Սուրբ Նիկողայոս) եկեղեցի, որը հիմնադրվել է 1624 թվականին, այսօր կանգուն, սակայն վթարային վիճակում է:

Փակ եկեղեցու մոտ ներկաներին դիմեցին հոգևոր հայրը և թեմի մամլո խոսնակը: Վերջիններս ներկայացրեցին մշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցու ներկայի իրավիճակը և վթարային եկեղեցու մոտ ու հարակից տարածքում տարբեր աշխատանքների իրականացման անթույլատրելիությունը:

Մոմեր վառելուց, աղոթք բարձրացնելուց և շարականներ երգելուց հետո խաղաղ երթի մասնակիցները ավարտեցին խաղաղ գործողությունը, ափսոսանք հայտնելով հայոց պատմական եկեղեցու նման անմխիթար վիճակից:

17-րդ դարի կառույց Թիֆլիսի Սբ. Նշան (Սբ. Նիկողայոս) եկեղեցին ունեցել է ամբողջական ճարտարապետական տեսք: Եկեղեցուն կից արդեն 19-րդ դարի առաջին կեսից բացվել են արական և իգական, ինչպես նաև տիրացուական դպրոցներ:

Խորհրդային շրջանում, Թբիլիսիի մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ կնիքվել և փակվել է նաև Սբ. Նշան եկեղեցին:1930 թ. եկեղեցին նորից վերադարձվել է համայնքին, սակայն 1931 թվականի մայիսի 3-ին կրկին փակվել: Եկեղեցու շենքը հարմարեցվել և ծառայեցվել է տարբեր նպատակնեով: 

Սբ. Նշան եկեղեցուն մեծ վնաս են հասցրել նաև մի քանի անգամ տեղի ունեցած հրդեհները: Մինչև 2002 թ. հրդեհը, եկեղեցին տարբեր նպատակներով շահագործվելու պատճառով մշտապես փակ է եղել: Հրդեհից հետո անհամեմատ մեծացել է եկեղեցու վթարային գործոնը:

Ջրի քայքայիչ ազդեցությունից նստվածքներ են առաջացել աղոթասրահի կենտրոնական հատվածում և հյուսիսային նախամուտքի մակերեսին: Գրեթե ամբողջությամբ ոչնչացել են նաև եկեղեցու որմնանկարները:

Սբ Նշան եկեղեցին ունեցել է նաև գերեզմանոց: 1970-ական թվականներին հյուսիսային հատվածում գտնվող տապանաքարերի մեծ մասն ասֆալտապատվել է: Տեսանելի էին մնացել միայն սակավաթիվ այն տապանաքարերը, որոնց հնարավոր չի եղել ասֆալտապատել փոքր-ինչ բարձր լինելու պատճառով:

Սուրբ Նշան Եկեղեցին, մշտապես լինելով Վրաց Ուղղափառ եկեղեցու հավակնությունների շրջանակներում,մինչև օրս չի վերադարձվում վիրահայ համայնքին: Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն, սակայն վթարային և անմխիթար վիճակում: 

Օրացույց