Զուրաբիշվիլին դիմել է ՆԳՆ-ին իրավիճակն ապակայունացնելու փորձերը ժամանակին կանխելու կոչով

նոյեմբեր 14, 2018 - 01:04        Viewed: 96       

Նախագահի՝ իշխանությունների աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին արտահերթ բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ իրեն ու իր երեխաներին սպառնում են սպանել։ Ըստ նրա՝ սպառնալիքներն ինքն ու իր երեխաները ստացել են հեռախոսով «Ազգային շարժմանը» մոտ զինվորականներից։ «Մեր հասցեին նրանք ծայրահեղ տհաճ արտահայտություններ էին օգտագործում․«Կկրակենք ճակատիդ», «Կխմենք ձեր արյունը», -հայտարարել է Զուրաբիշվիլին։ Ըստ նրա՝ դրանք իրական սպառնալիքներ էին, և կատարվածին պետք է օպերատիվ կերպով արձագանքեն իրավապահ մարմինները։

Նախագահի թեկնածուն հայտարարել է, որ զանգահարողները նույնականացվել են․ նրանք ընդդիմադիր «Ազգային շարժման» հետ կապ ունեցող զինվորականներ են։ 

«Ամոթ է ցանկացած պետության համար, երբ սպառնում են կնոջն ու նրա երեխաներին, զինծառայողներին՝ այն ուժին, որը արժանապատվության և տղամարդկային քաջության խորհրդանիշն է, մանիպուլյացիայի են ենթարկում», -ընդգծել է Զուրաբիշվիլին։

Ըստ նրա՝ իր հետ կատարվածը վկայում է այն մասին, որ Վրաստանում հերթական քայլն է արվել դեպի լարվածություն և ատելության սերմանում։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ այդ ամենի ետևում կանգնած է «Ազգային շարժումն»՝ իր ներքին և արտաքին առաջնորդներով, հեռուստահաղորդավարներով և նրանց կողմնակիցներով [արտաքին առաջնորդներ ասելիս, Զուրաբիշվիլին, եթադրաբար, նկատի ուներ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը Հոլանդիայում է գտնվում և ընտրարշավին «հեռակա» է մասնակցում ]։

Ըստ նախագահի թեկնածուի՝ ստացված սպառնալիքների առթիվ նա արդեն դիմել է ներքին գործերի նախարարություն և այլ կառույցներ իրավիճակն ապակայունացնելու փորձերը ժամանակին կանխելու համար։

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրություններ են կայացել։ Դրանց արդյունքում երկրորդ փուլ է նշանակվել, որը ենթադրաբար կկայանա դեկտեմբերի 2-ին։ Հստակ ամսաթիվը դեռ հայտարարված չէ։

Իշխանության կողմից առաջադրված թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն առաջին փուլում գրեթե նույն քանակությամբ ձայն են հավաքել՝ համապատասխանաբար 38,4% և 37,73%։

Օրացույց