Հայաստանը հումանիտար առաքելություն կուղարկի Սիրիա

նոյեմբեր 16, 2018 - 00:04        Viewed: 85       

Հայաստանը մոտ ապագայում հումանիտար առաքելություն կուղարկի Սիրիա։ Ծրագիրն իրականացվում է ռուսական կողմի հետ համատեղ։ Հայտնի է, որ Սիրիա կմեկնի մոտ 100 մասնագետ, որոնց թվում կլինեն՝ ռազմական բժիշկներ, սակրավորներ, ինչպես նաև խումբ, որը կոչված է ապահովելու նրանց անվտանգությունը։ Թե երբ առաքելությունը Սիրիա կուղևորվի, դեռ հայտնի չէ։ Սակայն, դատելով Հայաստանի ղեկավարության հայտարարություններից, դա տեղի կունենա մոտ ժամանակներս։

Հայաստանի ղեկավարությունն ամեն կերպ ընդգծում է, որ խումբը Սիրիա է մեկնում բացառապես խաղաղ նպատակներով։ Երկրի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խմբի հիմնական նպատակը հայկական համայնքին օգնելն է, որպեսզի այն վերադառնա խաղաղ կյանքին․ «Դա բացառապես հումանիտար ծրագիր է, և ոչ մի ռազմական նշանակություն չունի։ Մենք մտադիր ենք այդ ծրագիրն իրականացնել Հայաստանի բյուջետային հնարավորությունների շրջանակում»։

Փաշինյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների մոտ բարձրացրել է ականազերծման և հայրենակիցներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը․ «Քննարկումների արդյունքում ծագել է գաղափար, որ քանի որ իրավիճակը Սիրիայում փոխվել է, փոխվում է, որ պետք է պատրաստվել խաղաղ կյանքի, պատրաստել խաղաղ կյանքի նաև Հալեպի մեր համայնքը»։

Հայաստան կատարած այցի ընթացքում ծրագիրը մեկնաբանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա հայտարարեց, որ առաքելությունը չպետք է օգնություն ցուցաբերի ահաբեկիչներին կամ իշխանություններին․ «ԱՄՆ-ն նույնպես հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիային։ Դա չպետք է ազդի քաղաքական հարաբերությունների վրա՝ մի կողմից, ռեժիմի վրա, մյուս կողմից, ահաբեկիչների»։

Պատերազմը Սիրիայում սկսվել է 2011թ-ին, երբ գրեթե ամբողջ արաբական աշխարհը համակել էր ցույցերի ալիքը: «Արաբական գարունը» հանգեցրեց հեղափոխության Եգիպտոսում, Թունիսում, Յեմենում, պատերազմի Լիբիայում:

Երկրում ժողովրդավարական բարեփոխումների անցկացման և նախագահ բաշար Ասադի հրաժարականի պահանջով սկսված զանգվածային ակցիաները Սիրիայում 2011թ-ի ամռանը վերաճեցին լիարժեք պատերազմի: Պատերազմի ընթացքում մոտ 500 000 մարդ է սպանվել, ավելի քան 5 000 000 մարդ փախչել է Սիրիայից:

Օրացույց