Այսօր նախագահ ենք ընտրում

նոյեմբեր 28, 2018 - 11:03        Viewed: 58       

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է նոյեմբերի 28-ին։ Այսպիսի որոշում է կայացվել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։ Նոյեմբերի 28-ը չորեքշաբթի է։ Եվ այդ օրը Վրաստանում ոչ աշխատանքային կհայտարարվի։

Ընտրություններին մասնակցելը հատկապես բարդ է լինելու Վրաստանի՝ արտասահմանում բնակվող քաղաքացիների համար։ ԿԸՀ-ն որոշում է կայացրել, որ Վրաստանի սահմաններից դուրս քվեարկությունը շարունակվելու է ոչ թե մինչև 20:00-ն, այլ տեղական ժամով մինչև կեսգիշեր։ Սակայն աշխատանքային օրվա ավարտից հետո էմիգրանտների համար դժվար կլինի ընտրատեղամաս հասնել, որը կարող է այլ քաղաքում էլ լինել, նշում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ԿԸՀ-ին կոչ էին անում ընտրություններն աշխատանքային օր չնշանակել։

Իրավապաշտպանները նշում են, որ ընտրություններին դժվար կլինի մասնակցել նաև նրանց համար, ովքեր աշխատում են Թբիլիսիում, բայց գրանցված են շրջաններում։

Սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում ընտրություններն անցկացվում են շաբաթվա կեսին։ Նախկին իշխանությունները նույնպես մի քանի անգամ ընտրություններն աշխատանքային օրերին էին նշանակել, ինչի համար նրանց քննադատել էր այն ժամանակվա ընդդիմությունը, որը հիմա իշխանությունն է։

Վրացական հեռուստաալիքներն արխիվում գտել են Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը, որում նա քննադատում է Սաակաշվիլիին, որ վերջինս ընտրությունները հինգշաբթի է նշանակել։

«Այս որոշումը վառ օրինակ է, որ ինքը [Սաակաշվիլին] թքած ունի երկրի վրա։ Մենք ավելի քան մեկ միլիոն միգրանտ ունենք, և նա նրանց առանց ձայնի իրավունքի է թողել։ Ինչպե՞ս են նրանք քվեարկելու աշխատանքային օրը։ Այդ մարդուն անձնական շահից և իշխանությունը պահպանելուց բացի ոչինչ չի հետաքրքրում», -այն ժամանակ ասել էր Իվանիշվիլին։

Այս ընտրությունները բացառիկ են մի քանի պատճառով։ Սրանք նախագահի վերջին ուղիղ ընտրություններն էին: Ըստ խմբագրված սահմանադրության՝ Վրաստանի նախագահն առաջին անգամ պետք է ընտրվի վեց տարով (մինչև հիմա նա ընտրվում էր հինգ տարով)։

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ այս նախագահը վերջին անգամ կընտրվի համաժողովրդական քվեարկության միջոցով։ Հետագայում նախագահական ընտրություններն անցկացվելու են անուղղակի սխեմայով․ նախագահին ընտրելու է ընտրող կոլեգիան։

Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, այդ պատճառով էլ նախագան ավելի քիչ իրավունքներ ունի, քան վարչապետը։ Թեև նախագահը կարևոր քաղաքական գործառույթներ է իրականացնում։ Բացի այդ, արդեն երկու տարուց երկիրը նոր խորհրդարան կընտրի․ նախագահական ընտրությունները հիմնականում կկանխորոշեն խորհրդարանական ընտրությունների ճակատագիրը և ցույց կտան, թե ինչի ունակ կլինեն քաղաքական ուժերը մոտալուտ խորհրդարանական ընտրություններին։

Քաղաքական տեսաբաններն ասում են, որ եթե իշխանամետ թեկնածուն չկարողանա հաղթանակ տանել նախագահական ընտրություններում, դա կլինի հստակ մեսիջ իշխանություններին, որ բնակչությունը դժգոհ է իշխող «Վրացական երազանքի» քաղաքականությունից, և այն պետք է արմատապես փոխել։

Վրաստանի պատմության մեջ նախագահական ընտրությունները երբեք երկու փուլով չեն ընթացել։ Հաղթողը պարզ էր լինում առաջին իսկ փուլում։ Առաջին փուլում մրցակիցների ձայները գրեթե հավասար են եղել․ մեկ տոկոսից պակաս առավելություն ունի Զուրաբիշվիլին։

Բացի այդ, երկրորդ փուլից հետո իշխանությունները նույնպես նոր ռազմավարություն են որդեգրել․ այն հիմնված է Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կուսակցության՝ իշխանության վերադառնալու հեռանկարով բնակչությանն ահաբեկելու վրա։ Իշխանության ներկայացուցիչները կրկնում են, որ Վրաստանում, հնարավոր է, մութ ժամակներ, քաղաքացիական պատերազմ և քաոս սկսվի, իշխանության գան ռևանշիստները, որոնք բռնաճնշումներ կգործադրեն, իսկ դոլարի փոխարժեքը երեք անգամ կավելանա։ Եվ այդ ամենը տեղի կունենա, եթե ընտրողները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրեն ընդդիմադիր թեկնածուին

Իսկ ընդդիմությունը գլխավոր շեշտը դնում է աղքատության և գործազրկության վրա, որը Վրաստանում վերջին տարիներին զգալիորեն աճել է, և ազգային արժույթի փոխարժեքի անկման վրա։ Վաշաձեի նախընտրական հոլովակներում մարդիկ պատմում են, որ մթերքի և դեղերի գումար չունեն, և որ իրենց կյանքը տնտեսական առումով վատթարացել է միլիարդատեր Իվանիշվիլիի՝ իշխանության գալուց հետո։

Ընդդիմությունը շեշտը դնում է կոռուպցիայի վրա՝ մատնացույց անելով պաշտոնյաների հարմարավետ տները, որոնք կառուցվել են վերջին 6 տարվա ընթացքում, երբ իշխանությունում են եղել։

Այս ընտրությունների ևս մեկ բացառիկությունը նախագահի թեկնածու Զուրաբիշվիլիի հանդեպ իշխանություների ռազմավարությունն է․ նա բառացիորեն անհետացել է քաղաքական դաշտից։ Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ երկրորդ փուլ է լինելու, Զուրաբիշվիլին դադարեցրել էր կապը լրագրողների հետ և մի քանի օր ոչ մի հայտարարություն չէր անում։ Հոկտեմբերի 28-ից հետո նա մի քանի անգամ է միայն հայտնվել տեսախցիկների առջև․ նրա փոխարեն լրագրողների հետ շփվում են իշխող կուսակցության անդամները։

Եվ սա դեռ ամենը չէ։ Փողոցներում արդեն նոր նախընտրական պաստառներ են հայտնվել․թեկնածուի անուն-ազգանունն, ինչպես նաև ընտրական համարը նույնն են մնացել, սակայն պատկերը զգալիորեն փոխվել է, բիլբորդներին Սալոմե Զուրաբիշվիլիի փոխարեն հայտնվել են Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարներն, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի նկարը։

Օրացույց