Օլիգարխները որոշել են բյուջե փոխանցել մի քանի տասնյակ միլիոն դոլար

նոյեմբեր 30, 2018 - 11:50        Viewed: 54       

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է իր բանկային հաշիվներից մեկից 30 000 000 դոլար գումար վերադարձնել պետբյուջե։ Իսկ Հայաստանի Պետական մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը, որը կասկածվում է փողերի լվացման համար, ցանկանում է պետությանը փոխանցել Ծաղկաձորի իր հյուրանոցը։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում Ալեքսանդր Սարգսյանի 30 000 000 դոլարի մասին խոսակցությունները սկսվել են մի քանի ամիս առաջ։ Սկզբում այս մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Դա սեպտեմբերին էր՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ․ «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը միայն մեկ հայկական բանկում 30 000 000 դոլար ունի, և այդ ողջ գումարի վրա կալանք է դրված։ Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հանրային կերպով պարտավորվի մեկ շաբաթվա ընթացքում ինքնակամ այդ 30 000 000 դոլարը վերադարձնել պետբյուջե»։

Ի պատասխան այս հայտարարության՝ Ալեքսանդր Սարգսյանն այն ժամանակ մեղադրեց վարչապետին բանկային գաղտնիք խախտելու համար և կոչ արեց հանել կալանքն իր բոլոր հաշիվներից։ Նա պնդում էր, որ բոլոր միջոցներն օրինական ճանապարհով են ստացվել։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջե հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը և իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները»:

Ալեքսանդր Սարգսյանը հայտարարել է, որ 1985-1995 թթ. բիզնես գործունեություն է իրականացրել Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել խոշոր գումարով։ Նա հիշեցրել է նաև, որ բիզնեսով է զբաղվել նաև հայրենիքում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ալեքսանդր Սարգսյանի բոլոր հաշիվների վրա կալանք է դրել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը։ Նախաքննության ընթացքի մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռ չկա, Ալեքսանդր Սարգսյանի հանդեպ քրեական գործ նույնպես դեռ հարուցված չէ։

Եվ այժմ Փաշինյանը հայտարարում է, որ նախկին նախագահի եղբայրն ինքնակամ պատրաստ է պետբյուջե փոխանցել այդ 30 մլն դոլարը։ Ինչով է դա պայմանավորված՝ դեռ հայտնի չէ։

Հայաստանում նախկին նախագահի եղբորը «Սաշիկ» են անվանում։ Նրա մասին հաճախ կարելի է լսել «Սաշիկի 50%» արտահայտությունը։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ժողովուրդն ասում էր, որ գործարարներից շատերը ստիպողաբար Սաշիկին են տալիս իրենց եկամտի 50%-ը։ Հայաստանում իշխանափոխությունից հետո սկսեցին կոչեր հնչել այդ գումարները պետբյուջե վերադարձնելու մասին։

Հեղափոխությունից հետո Ալեքսանդր Սարգսյանին մի քանի անգամ ձերբակալել և խուզարկել են, նրա մոտ զենք է հայտնաբերվել, որը, սակայն, թույլտվություն է ունեցել։ Ազգային անվտնգության ծառայությունը խուզարկություն է անցկացրել նաև Ալեքսանդր Սարգսյանի տանը, որից հետո հետախուզում է հայտարարվել նրա որդի Նարեկ Սարգսյանի նկատմամբ։

Մեկ այլ նվեր պետությանը՝ Մաքսայինի նախկին պետից: Հայաստանի Պետական մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանն ուզում է պետությանը փոխանցել Ծաղկաձորի իր հյուրանոցը։ Այս մասին նույնպես հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ավետիսյանի դեմ նախկինում քրեական գործ էր հարուցվել փողերի լվացման մեղադրանքով․ «Ինձ հաղորդեցին, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը մի քանի օր առաջ դիմել է Պետգույքի կառավարման վարչություն և ասել, որ Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը նվիրաբերում է պետությանը։ Քրեական գործ է հարուցվել, սակայն, ըստ ամենայնի, նրանք, հաշվի առնելով հասարակությունում տրամադրությունների փոփոխությունը․․․ որոշել են նման քայլի դիմել»։

Փաշինյանը հայտարարել է, որ եթե փոխանցման ընթացակարգն իրականացվի, ապա հյուրանոցն աճուրդի կհանվի։ Ըստ վարչապետի պաշտոնակատարի գնահատականների՝ այն արժե մոտ 20 000 000 դոլար։ Արմեն Ավետիսյանը Մաքսային կոմիտեի ղեկավարն է եղել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։

Օրացույց