Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել, որն իրեն այդպես է պահում օկուպացիոն գծում

դեկտեմբեր 01, 2018 - 14:06        Viewed: 64       

Այս մասին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանը։ «Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր գործողություններն օկուպացիոն գծում, որտեղ օրական մարդ են առևանգում, և քանի դեռ այդ գիծը մշտական վտանգ է ներկայացնում, քանի դեռ սողացող օկուպացիա է իրականացվում դեպի մեր տարածքի խորքն՝ ավելի ու ավելի մոտենալով Թբիլիսիին, չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը հնարավոր է», -հայտարարել է Զուրաբիշվիլին։

Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկխոսության վերականգնմանը խանգարող գործոնների թվում նա նշել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությունը։ Ըստ նրա՝ Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել, սակայն՝ Արևմուտքի պարտադիր մասնակցությամբ։ «Եթե Արևմուտքը՝ Եվրոպան, և մեր ամերիկացի գործընկերները երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ ինչ-որ ձևով, մենք այդտեղ կլինենք և ուշադիր կվերահսկենք իրավիճակը, որպեսզի չտուժեն մեր սկզբունքները, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը», -հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանն այսօր եվրոպամետ երկիր է։ «Մենք Արևմուտք ենք, մենք Եվրոպա ենք», -ընդգծել է նա։ Ըստ Զուրաբիշվիլիի՝ ինքը եվրոպամետ նախագահ է լինելու և չի պատրաստվում Ռուսաստանի և Եվրոպայի միջև հավասարակշռության ձգտել։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր Ռուսաստանն ու Պուտինը փոխվել են, նրանք այնպիսին չեն, ինչպես 2005թ-ին, երբ Վրաստանը բանակացություններ էր վարում Ռուսաստանի հետ ռազմական բազաները դուրս բերելու շուրջ։

«Չեմ կարծում, որ այսօր Պուտինը կհամաձայներ բազաները դուրս բերել։ 2008թ-ի պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Ռուսաստանը որպես անկախ պետություն ճանաչեց Վրաստանի երկու օկուպացված շրջաններ, և դա ծածկում է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած հնարավորություն», -ասում է Զուրաբիշվիլի։

Նրա խոսքով՝ 2005թ-ին, երբ ինքը գլխավորում էր Վրաստանի ԱԳՆ-ն, Թբիլիսիի համար պայմաններն ավելի ձեռնտու էին, քան հիմա։ «Այսօրվա պայմաններում, հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ տրամադրվածությունը, Վրաստանը չի կարող նրա հետ դեմ առ դեմ մնալ։ Մենք պետք է մեր գործընկերների հետ էլ ավելի մոտ լինենք, զգանք նրանց ներկայությունը մեր թիկունքին», -ընդգծել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ Վրաստանը չպետք է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ միայնակ մտնի, դա պետք է անել արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ միայն։

Զուրաբիշվիլին պատրաստվում է ակտիվ լինել ոչ միայն Վրաստանի սահմաններից դուրս, այլ նաև երկրի ներսում, հայտարարել է նա Բի-Բի-Սիին։ Եվ այնուամենայնիվ, առաջին բանն, ինչում նա տեսնում է իր առաքելությունը, միջազգային քաղաքականությունն է։ «Իմ նպատակն աշխարհի քարտեզի վրա Վրաստանն առավել նկատելի դարձնելն է», -ասում է Զուրաբիշվիլին։ «Իմ նախագահության այս վեց տարիները շատ կարևոր կլինեն Եվրոպային և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման տեսանկյունից։ Այս փուլում մենք պետք է առավելագույնս մերձենանք Եվրոպայի հետ։ Ես միշտ հիշում եմ, թե ինչպես է Լատվիայի 1999-2007թ-ի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան իր երկիրը տարել դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ», -հայտարարել է Զուրաբիշվիլին։

Ինչ վերաբերում է երկրի ներսում Սալոմե Զուրաբիշվիլիի ակտիվությանն, ապա, առաջին հերթին, նա անհրաժեշտ է համարում փոխել խորհրդային մտածելակերպը, փոխարինել այն եվրոպականով։ «Ես մեծացել եմ Եվրոպայում։ 30 տարի որպես ֆրանսիացի դիվանագետ եմ աշխատել։ Ես լավ գիտեմ, թե ինչպես է պետք միավորել հասարկությունն ու շարժվել դեպի Եվրոպայի կողմ», -հայտարարել է Զուրաբիշվիլին բրիտանական հեռուստաընկերությանը։

Նրա խոսքով՝ նախագահության ամենաբարդ փուլն առաջին շաբաթներն ու ամիսներն են, մինչ հասարակությունը հանդարտվում է աղմկոտ և որոշակի առումով նվաստացուցիչ նախընտրական արշավից։

Օրացույց