Հայաստանի երկրորդ նախագահն ինքն է ներկայացել Ազգային անվտանգության ծառայություն

դեկտեմբեր 08, 2018 - 12:25        Viewed: 96       

Հայաստանի դատարանը որոշել է կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար 2008թ-ի զանգվածային անկարգությունների գործով:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին վճիռը կայացրել է վերաքննիչ դատարանը։ Ավելի ճիշտ, դա այն բանի հետևանք էր, որ բավարարվեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին ավելի վաղ կայացրած վճռի առնչությամբ գլխավոր դատախազի բողոքը։ «Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել կալանքի մասին առաջին ատյանի դատարանի վճիռը։ Մենք բողոքարկելու ենք վճիռը։ Վերաքննիչ դատարանի վճռի համաձայն՝ Քոչարյանը պետք է կալանավորվի», -հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը։

Նախկին նախագահն անձամբ է ներկայացել Ազգային անվտանգության ծառայություն և կալանավորվել։ Դրանից անմիջապես հետո փաստաբանները մամուլի ասուլիս են հրավիրել։ «Ռոբերտ Քոչարյանը որոշել է չսպասել, մինչև դատարանը վճիռն ուղարկի քննիչին, և վերջինս ներկայանա դատավճիռն իրականացնելու։ Նա ինքնակամ է ներկայացել Ազգային անվտանգության ծառայություն», -հաղորդել է Հայկ Ալումյանը։

Մամուլի ասուլիսին փաստաբանները կարդացել են նաև Հայաստանի երկրորդ նախագահի հայտարարությունը։ Դրանում Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, նշում է, որ իր գործը քաղաքական համատեքստ ունի, և վճիռը կայացվել է իշխանությունների խիստ ճնշման տակ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ընդ որում, նրանք դա կանեն Հայաստանի Վճռաբեկ դատարանում վճիռը բողոքարկելուն զուգահեռ։

«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ-ի հուլիսի 28-ին։ Այն ժամանակ համապատասխան որոշում էր կայացրել Երևանի առաջին ատյանի դատարանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել էր Հատուկ քննչական ծառայության կողմից։

Սակայն երկու շաբաթից Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց նախկինում առաջին ատյանի դատարանի վճիռը նրան կալանավորելու մասին։

Օրացույց