Թեհրանը դժգոհ է վրացական սահմանին իրանցի զբոսաշրջիկների հանդեպ վերաբերմունքից

դեկտեմբեր 14, 2018 - 00:12        Viewed: 110       

«Զերծ մնացեք Վրաստան մեկնելուց, եթե անհրաժեշտություն չկա», -այսպիսի խորհուրդ է տվել Իրանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին այս մասին հայտարարել է դեկտեմբերի 10-ին կայացած բրիֆինգի ժամանակ։

Ղասեմին հայտարարել է, որ Իրանի մի քանի քաղաքացիների հետ վրացական սահմանին անհարգալից են վարվել, որի պատճառով նա խորհուրդ է տալիս Իրանի քաղաքացիներին զերծ մնալ կովկասյան այդ երկիր մեկնելուց։

Սա Ղասեմիի առաջին հայտարարությունը չէ Վրաստանի առնչությամբ։ Մինչ այդ, դեկտեմբերի 3-ին նա հայտարարել էր, որ վերջին ամսում Վրատսանը մերժել է Իրանի քաղաքացիներին մուտք գործել երկիր։

Թբիլիսին արդեն արձագանքել է Իրանի արտգործնախարարության հայտարարությանը։ Ըստ Ազատություն ռադիոկայանի տեղեկատվության՝ ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հաստատել է, որ Թեհրանի և Թբիլիսիի միջև այդ հարցի շուրջ շփումներ են եղել։

Զալկալիանին ասում է, որ «համատեղ միջոցառումներ են նախանշվել» և մոտ ապագայում խնդիրը կլուծվի։

Ինչ վերաբերում է վիճակագրությանն, ապա վրացական կողմն Իրանի քաղաքացիների արտաքսմանը վերաբերող այլ թվեր ունի։

Վրաստանի ԱԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի վիճակագրության համաձայն՝ 2018թ-ի նոյեմբերին․ Վրաստան թույլ չի տրվել մուտք գործել Իրանի 434 քաղաքացու։ Այնուհետև գալիս է Հնդկաստանը (370) և Թուրքիան (46)։ Վրաստանից արտաքսվել է Իրանի 2 քաղաքացի։ Վիզային ռեժիմը խախտել է Իրանի 159 քաղաքացի (Իրանի քաղաքացիները Վրաստանում կարող են առանց վիզայի գտնվել 45 օր)։

Վրաստանի սահմանը հատել է 17 595 քաղաքացի, ինչը 13%-ով ավել է անցյալ տարվա նոյեմբերի ցուցանիշից։

Եթե հաշվի առնենք, որ Իրանն այցելուների թվով առաջին հնգյակում է, ապա Թեհրանի դժգոհությունը լրջորեն կարտացոլվի վրացական տնտեսության վրա։ Ամսական Իրանից Վրաստան են գալիս տասնյակ հազարավոր այցելուներ։ Անցյալ տարի նրանց թիվը կազմել է գրեթե 300 հազար։

Իրանցիները նաև այն այցելուների թվում են, որոնք Վրաստանում ամենաշատ գումարն են ծախսում։ Այդ տեսանկյունից Իրանը չորրորդ տեղում է։ Միջինում Իրանի յուրաքանչյուր ռեզիդենտ Վրաստանում 790 դոլար է ծախսում։

Օրացույց