Գյուղատնտեսական նշանակության հողը կարող է միայն պետության սեփականություն լինել

դեկտեմբեր 21, 2018 - 17:09        Viewed: 93       

Վրաստանի Սահմանադրական դատարան հայց էին ներկայացրել Հունաստանի քաղաքացիներ Պրոկոպի Սավվիդին ու Դիանա Շամանիդին։ Նրանք չէին կարողանում սեփականաշնորհել Վրաստանում ժառանգություն ստացած հողակտորը, քանի որ գործում էր արտասահմանցիների համար գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման մորատորիում։ Նրանք պահանջում էին, որ դեռևս գործող սահմանադրության 21-րդ հոդվածին հակասող սահմանափակումը չեղարկվի։

21-րդ հոդվածն ասում է․ «Ժառանգության և սեփականության իրավունքը ճանաչված է և անձեռնմխելի։ Անթույլատրելի է սեփականության, դրա ձեռքբերման, վաճառքի կամ որպես ժառանգություն ստանալու համընդհանուր իրավունքի լուծարումը»։

Դեկտեմբերի 16-ին կայացավ Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությունը։ Արարողությունից հետո ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը, որն, ի տարբերություն նախորդի, արգելում է գյուղատնտեսական նշանակության հողերն արտասահմանցիներին որպես սեփականություն փոխանցելը։

Նոր սահմանադրությունում գրառում կա․ «Գյուղատնտեսական նշանակության հողը որպես հատուկ նշանակության ռեսուրս կարող է միայն պետության, ինքնակառավարվող միավորի, Վրաստանի քաղաքացու կամ Վրաստանի քաղաքացիների միավորման սեփականություն լինել»։ Իսկ բացառությունները պետք է սահմանվեն հիմնարար օրենքով։ Օրգանական օրենքի նախագիծն արդեն նախապատրաստվել է խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Օթար Դանելիայի կողմից։

Օրինագծի համաձայն՝ ուրիշ երկրի քաղաքացի ֆիզիկական անձը չի կարող Վրաստանում գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերել։ Ավելին, արտասահմանյան քաղաքացիները հողի գրանցման իրավունք չեն ստանա, անգամ եթե ամուսնանան Վրաստանի քաղաքացու հետ։

Հողի գրանցման իրավունք կստանան միայն ատրասահմանյան այն քաղաքացիները, որոնք Վրաստանում հող կժառանգեն։ Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նրանք իրավունք կունենան հող ձեռք բերել միայն այն դեպքում, եթե ընկերության սեփականատերերից մեկը Վրաստանի քաղաքացի է կամ մի խումբ քաղաքացիներ են։ Սահմանադրությունում նման գրառում կատարելու նախաձեռնողն իշխող կուսակցությունն է։

Արտասահմանցիներին գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի սահմանադրական արգելքն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ։

Արգելքի կողմնակիցների գլխավոր փաստարկն այն է, որ առանց խիստ կարգավորումների էժան վրացական հողը հարուստ արտասահմանցիների ձեռքում կհայտնվի։

Տարածված փաստարկ է նաև այն, որ եթե արտասահմանցիները զանգվածաբար գնեն վրացական հողերը, Վրաստանում վրացիները փոքրամասնություն կկազմեն։

Ըստ հակառակորդների՝ արտասահմանցիներին հողի վաճառքի արգելքի պատճառով կկրճատվի երկրում ներդրումների ծավալը։ Այդ արգելքով երկիրը իրեն զրկում է որակավորված ներդրողներից և երկրում գիտելիքների, փորձի և գյուղատնտեսության զարգացման համար ժամանակակից տեխնոլոլգիաների ներդրումից, ինչպես նաև հողը լավագույն ձեռքերում հայտնվելու հեռանկարից։

Բացի այդ, եթե երկիր չգան հարուստ գնորդներ, հողի արժեքը շուկայում կընկնի, ինչն, իր հերթին, կվնասի գյուղացիներին, կարծում են արգելքի հաառակորդները։

Օրացույց