Ուկրաինական եկեղեցին անկախություն ձեռք բերե՞ց

հունվար 07, 2019 - 08:50        Viewed: 175       

Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ստամբուլյան նստավայրում տեղի է ունեցել տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի կողմից Ուկրաինայի վերաբերյալ տոմոսի ստորագրման արարողությունը։ Տոմոսը հրամանագիր է, որն Ուկրաինայի նոր ուղղափառ եկեղեցու կարգավիճակն է սահմանում։ Այն ճանաչում և հռչակում է վերջինիս անկախությունը։

Կ.Պոլսում կայացած արարողությանը ներկա էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերագույն ռադայի ղեկավար Անդրեյ Պարուբին, տեղի եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Եպիֆանին, նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն և պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը։

Ուկրաինայի վերաբերյալ տոմոսի ստորագրումով ավարտվեց եկեղեցական անկախության ստացման ընթացակարգը։ Եկեղեցական հրահանգի ստորագրումից հետո Կոստանդնուպոլսի պատրիարքը հունվարի 6-ին տոմոսը կփոխանցի միտրոպոլիտ Եպիֆանիին։ Իսկ հունվարի 7-ին այն կհասնի Կիևի Սոֆիայի տաճար, որտեղ այն կարող են տեսնել ցանկացողները։

Ավելի վաղ Ուկրաինայում երեք ուղղափառ եկեղեցի կար՝ Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցին, Կիևի պատրիարքարանի եկեղեցին և Ուկրաինական ավտոկեֆալ եկեղեցին։ Վերջին երկուսը չէր ճանաչում ոչ մի ուղղափառ եկեղեցի, իսկ Մոսվայի պատրիարքարանի եկեղեցին ենթարկվում էր Մոսկվային։

Ուկրաինական եկեղեցին 1686թ-ից հետո առաջին անգամ անկախություն ձեռք բերեց։ Այն ժամանակ Կիևի միտրոպոլիան Տիեզերական պատրիարքարանի մաս էր կազմում։ Սակայն ավելի ուշ ենթարկվեց Ռուս ուղղափառ եկեղեցուն։ Դեկտեմբերի 15-ին Կիևի միավորիչ խորհրդում ստեղծվեց Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին։ Դրա պատրիարք ընտրվեց միտրոպոլիտ Եպիֆանին։

Օրացույց