Լաբորատոր առումով հաստատվել է «խոզի գրիպով» հիվանդանալու 158 դեպք

հունվար 11, 2019 - 09:05        Viewed: 237       

Տասնմեկ մարդ է զոհվել, մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում են Վրաստանում գրիպի վարակի պատճառով: Նրանց մահվան պատճառը H1N1 վարակն է, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ»։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ համաճարակի մասին խոսք չկա, և որպես ապացույց նշում է վիճակագրությունն․ այսօրվա դրությամբ Վրաստանում հարյուր հազար մարդու հաշվարկով Վրաստանում գրիպով հիվանդ է 256 մարդ, իսկ համաճարակի դեպքում հիվանդների թիվը պետք է հասնի 450-500 դեպքի։

Այնուամենայնիվ, Վրաստանում այժմ իսկական խուճապ է։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ լրատվական ծրագրերը սկսվում են գրիպի մասին նորություններով՝ պատմելով մահացության նոր դեպքերի մասին։ Փողոցներում կարելի է հանդիպել բժշկական դիմակներով մարդկանց, ինչը բնորոշ չէ Վրաստանին։ Դեղատներում մարդիկ նախապես գնում են գրիպի և մրսածության դեմ դեղեր, անգամ թանկարժեք հակավարակային «Տամիֆլու» դեղամիջոցը, որը հիմնականներից մեկն է «խոզի գրիպի» բուժման ժամանակ։ Սակավամարդ են մանկական ամանորյա միջոցառումները․ ծնողները վախենում են իրենց երեխաներին բերել մարդաշատ վայրեր։

Հունվարի 8-ից Թբիլիսիի հինգ հիվանդանոց անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ Կարանտին է հայտարարվել երկրի գրեթե բոլոր բուժհաստատություններում․հիվանդանոցներ մուտք գործելն ու այնտեղ մնալու ժամանակահատվածը խիստ սահմանափակ է։ Արտակարգ ռեժիմով է աշխատում շտապօգնության ծառայությունը։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ այս պահի դրությամբ լաբորատոր առումով հաստատվել է «խոզի գրիպով» հիվանդանալու 158 դեպք, դրանցից տասնմեկը մահացու ելք են ունեցել։ Մեծ մասամբ բարդությունների զոհ են դարձել քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք։

Վրաստանում ձմեռային արձակուրդը մինչև հունվարի 15-ն է։ Սական եթե գրիպի դեպքերը հաճախակի դառնան, չի բացառվում, որ արձակուրդը երկարաձգվի։

Հունվարի 8-ին կայացած պաշտոնական բրիֆինգին Ամիրան Գամկրելիձեն ստիպված էր հորդորել բնակչությանն անուշադրի սպիրտ չօգատագործել «խոզի գրիպի» բուժման համար և «բժշկական» ինքնագործունեության այլ տեսակներով չզբաղվել։

Բանն այն է, որ հենց «խոզի գրիպի» մասին խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որոշ կայքեր, որոնք չստուգված տվյալներ են օգտագործում, սկսեցին այսպիսի «դեղատոմս» տարածել․ եթե ամեն առավոտ սոված ստամոքսին անուշադրի սպիրտ խմել, «խոզի գրիպ» չես ընկնի։

Այս «նորությունը» շատ պոպուլյար դարձավ՝ մի քանի հազար դիտում և տարածում ունեցավ։ Սակայն մեկնաբանություններում մարդիկ բողոքում էին, որ, խմելով անուշադրի սպիրտն, իրենց ստամոքսը սկսել է ցավալ։ Այսպիսով, անուշադրի սպիրտը դարձել է գլխավոր ծաղրանկար և կատակների պատճառ վրացական Ֆեյսբուքի առավել պրոգրեսիվ հատվածի համար։

Որոշ հակաարևմտյան կայքեր գրում են, որ Վրաստանում «խոզի գրիպի» վարակը միտումնավոր են տարածում Լուգարայի անվան ամերիկյան լաբորատորիայի աշխատակիցները՝ դրանով իսկ կենսաբանական զենքի փորձարկում անցկացնելով։

Հասարակության լիբերալ մասը սոցցնցերում ծաղրում է Լուգարա լաբորատորիայի մասին դատողություններն ու այդ տեղեկատվությունը համարում ռուսական պրոպագանդայի հեղինակության, քանի որ հենց ռուս քաղաքական գործիչներն են այդ լաբորատորիայի դեմ հայտարարություններով հանդես եկել։

Համացանցում ծաղրում են նաև վրացի հայտնիներին, որոնք կրկնում են Լուգարայի մասին տեղեկությունները։

H1N1 հիմնական աշխտաիշները համընկնում են սովորական սեզոնային գրիպի աշխատանիշների հետ՝ գլխացավ, ջերության կտրուկ բարձրացում, տենդ, հազ, հազվադեպ՝ հարբուխ։ Հաճախ այդ գրիպն անսպասելի է սկսվում․ ջերմությունը հասնում է 40 աստիճանի, երբեմն փորլուծություն, սրտխառնոց, փորացավ է լինում։

Մեծ մասամբ H1N1-ն առանց բարդությունների է ընթանում, և հիանդն ապաքինվում է մեկ շաբաթից։ Սակայն վտանգն այն է, որ հիվանդության ծանր տեսակը շատ արագ է զարգանում և բարդանում է վարակային թոքախտով, որն, ի տարբերություն բակտերիալ թոքախտի, հնարավոր չէ բուժել հակաբիոտիկներով․ այստեղ անհրաժեշտ է հատուկ և շատ արագ հակավարակային բուժում։ Այդ պատճառով էլ բժիշկները զգուշացնում են, որ գրիպի առաջին իսկ աշխտանիշների դեպքում պետք է արագ դիմել որակյալ բուժօգնության։ Վերջին անգամ այս վարակը տարածվել էր 2009թ-ի մարտին-ապրիլին։ Այն ժամանակ «խոզի գրիպից» մահացավ մոտ 20 հազար մարդ։ Եվ սա միայն լաբորատոր կերպով հաստատված տվյալներն են, իրականում մահացության դեպքրն ավելի շատ էին։

Օրացույց