Հեղուկ գազ Հայաստան չի ներկրվել արդեն երկու շաբաթ

հունվար 16, 2019 - 11:03        Viewed: 78       

Վերին Լարս անցակետում ձյան տեղումների պատճառով Հայաստան չեն կարող հեղուկ գազ ներկրել։ Վարորդները, որոնք իրենց ավտոմեքենաների վրա հեղուկ գազի բալոններ են տեղադրել, չեն կարողանում դրանք լիցքավորել մեկ շաբաթ շարունակ։

Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտն առաջացել է մի քանի պատճառով։ Հիմնականը վատ եղանակն է։ Հեղուկ գազը երկիրը ներկրում է Ռուսաստանից։ Միակ ճանապարհն անցնում է Վերին Լարս անցակետով։ Դեկտեմբերի 31-ից այն հաճախ է փակ եղել ձյան տեղումների պատճառով։ Դժվարանցանելի են նաև Հայաստանի հարավում գտնվող ճանապարհներն, ինչի պատճառով դժվարանում է Իրանից գազի ներկրումը։ Արդյունքում՝ հեղուկ գազ Հայաստան չի ներկրվել արդեն երկու շաբաթ։

Երկրորդ պատճառը հեղուկ գազի պահանջարկի աճն է։ Ավելի ու ավելի շատ վարորդ է իր մեքենայի վրա հատուկ բալոն տեղադրում, քանի որ հեղուկ գազն ավելի էժան է, քան բենզինը

Վարորդներն արդեն մեկ շաբաթ է՝ վառելիքի խնդրի առջև են կանգնած։ Բազմաթիվ գազալցակայաններում «Գազ չկա» գրություն է կախված։ «Այսօր մի քանի տեղ եղել եմ։ Ոչ մի տեղ գազ չկա։ Ստիպված եմ բենզին օգտագործել։ Եվ այս իրավիճակն արդեն մի քանի օր է», -ասում է վարորդներից մեկը։

Գազի բացակայությունը խնդիր է դարձել ոչ միայն վարորդների, այլև երկրի այն բնակիչների համար, որոնց տները գազաֆիկացված չեն։ Նրանք նույնպես չեն կարողանում լիցքավորել գազի բալոնները։

Արդյունքում՝ այն գազալցակայաններում, որտեղ դեռ վաճառվում է հեղուկ գազ, հսկայական հերթեր են գոյանում։

Իրավիճակը, հնարավոր է շուտով լուծվի։ Վերին Լարս անցակետը պարբերաբար բացվում է։ Հայտնի է, որ հեղուկ գազի երկու ցիստեռն արդեն Երևան է հասել, սակայն դեռևս սուր պահանջարկը չի բավարարվել։

Ներկրող ընկերություններից մեկի փոխնախագահ Ժիրայր Աղանեջյանը հաղորդել է, որ սպասվում է ևս 6 ցիստեռն։ «Մենք գազ չենք ստացել դեկտեմբերի 31-ից, քանի որ ճանապարհը փակվել էր։ Վերին Լարսի հետ խնդիրներ միշտ են առաջանում, սակայն այս տարի վատ եղանակն ավելի երկար տևեց։ Եվ մեր բոլոր պահուստներն ավարտվեցին։ Այս ընթացքում մենք ավելացրել ենք մեր գազամբարների քանակը գազ պահելու համար։ Այնպես որ, հետագայում, պետք է որ, նման իրավիճակ չառաջանա»։

Օրացույց