Քրեական գործ է հարուցվել Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի դեմ

հունվար 18, 2019 - 09:58        Viewed: 197       

Վրաստանի խոշորագույն ТВС բանկի դիտորդական խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեի և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեի դեմ քրեական գործ է հարուցվել։ Չի բացառվում, որ Մամուկա Խազարաձեն բանտում հայտնվի փողերի լվացման մեղադրանքով։ Շատերն են արդեն նրա համար կանխատեսում ռուս օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու ճակատագիրը։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու վերլուծաբանները դատախազության գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեցող, երկրի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի կողմից թելադրված են համարում։

Անհանգստացած են նաև շարքային քաղաքացիները։ Շատերը սկսել են մտածել իրենց խնայողությունները ТВС բանկից հանելու մասին։

Վրաստանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ ТВС բանկի դեմ։ Մեղադրանքը շատ լուրջ է՝ ապօրինի մուտքերի օրինականացում կամ փողերի լվացում։ Խոսքը գնում է 17 մլն դոլարի մասին։ Տեղեկությունն այն մասին, որ դատախազությունը ТВС բանկի փաստաթղթերն է պահաջել և հետաքննում է գործը, լրատվամիջոցներում հայտնվեցին հունվարի 8-ին։ Ավելի ուշ դատախազությունը պարզաբանել էր, որ քննությունը սկսվել է դեռևս նախորդ տարվա մայիսին, իսկ օգոստոսին բանի դեմ քրեական գործ է հարուցվել։

Գործը, որը հետաքննում է դատախազությունը, 2008 թվականի է։ Ինչպես ասվում է դատախազության հայտարարությունում, 11 տարի առաջ ТВС բանկը «Սամգորի Մ» և «Սամգորի Թրեյդ» ընկերություններին 17 մլն դոլար է տրամադրել շրջանառության գումարները համալրելու նպատակով։ Այդ նույն հայտարարությունում կարդում ենք, որ, պարզվում է, փոխառությունը տրամադրվել է արագացված կարգով և ընթացակարգային խախտումներով։

Իսկ հետո հետևյալն է տեղի ունեցել․ բանկի դիտորդական խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեի և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեի հաշիվներին 17 մլն դոլար է փոխանցվել։ Դրանք փոխանցել են այն ընկերությունները, որոնք գումար էին փոխառել ТВС բանկից։ Դատախազությունը պնդում է, որ այդ 17 միլիոնը ТВС բանկին չի վերադարձվել մինչև օրս։

Ավելին՝ 2012թ-ին ТВС բանկն ընդհանրապես ազատել է «Սամգորի Մ»-ին և «Սամգորի Թրեյդին» դրամական պարտավորություններից՝ նրանց թույլ տալով այդ 17 մլն պարտքը փոխանցել օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին։

Դատախազության հայտարարությունից պարզ չէ, թե ինչու է այն այդ գումարները «կանխիկ սև գումար» անվանում։

Քննությունը շարունակվում է։ Եթե մեղադրանքն ապացուցվի, չի բացառվում, որ երկրի ամենահայտնի բանկային պաշտոնյան ճաղերի հետևում հայտնվի։

Եվս մեկ հետաքրքիր տեղեկություն․ «Սամգորի Մ» և «Սամգորի Թրեյդ» ընկերությունները պատկանում են գործարար Ավթանդիլ Ծերեթելիին։ Նրան է պատկանում նաև «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերությունը, որ փոքր է, բայց բավականին հաջողված, հեռարձակվում է միայն Թբիլիսիում և այդտեղ են աշխատում բազմաթիվ հայտնի լրագրողներ, որոնք տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով հեռացել են պետական հեռուստաալիքներից։

ТВС բանկը մեղադրանքները հերքում է և ասում, որ այն, ինչը դատախազությունը «փողերի լվացում» է անվանում «սովորական օրինական բանկային գործարք է», որը բազմիցս ստուգել են պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, միջազգային աուդիտորներն ու անգամ Ազգային բանկը։ Ոչ ոք ոչ մի խախտում այդ գործում չի հայտնաբերել։

ТВС-ին ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ գործը «հնացած է»։ Բանկի փաստաբան Զվիադ Կորձաձեն ասում է, որ 2007-2008թթ-ին Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն վարկատուներից, մասնավոր անձանցից և միջազգային ֆինանսական ինստիտուտներից ընդհանուր առմամբ փոխառել են 80 մլն դոլար՝ բանկի կապիտալի շրջանառությունը ավելացնելու համար։

Նրա խոսքով՝ այդ գումարի մեջ է եղել նաև այդ 17 միլիոնը, որոնք վերցվել են «Սամգորի» ընկերություններից և ծախսվել բանկի կարիքների վրա։

«Փողերի լվացման համար անհրաժեշտ է, որպեսզի ապօրինի մուտքեր լինեն՝ գործարքների միջոցով դրանք օրինականացնելու համար», – ասում է փաստաբան Կորձաձեն։

Մամուկա Խազարաձեի խոսքով՝ «այս ամենը բացասաբար կանդրադառնա երկրի ամենամեծ ֆինանսական ինստիտտւտի հեղինակության և նրա հիմնադիրների հեղինակության վրա»։

Խազարաձեն կարծում է նաև, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Նա ասում է, որ ТВС բանկի գոյության 27 տարվա ընթացքում «ցանկացած քաղաքական ուժի կաառավարման ցանկացած փուլում այն բազմից գրոհի թիրախ է եղել»։

Կատարվածի կապակցությամբ բազմաթիվ վարկածներ են առաջադրվել։ Դրանց բոլորին միավորում է այն, որ ոչ ոք չի հավատում, որ դատախազությունը հանդգնել է «քաշքշել» երկրի գլխավոր ֆինանսական ինստիտուտներից մեկին առանց Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի գիտության և համաձայնության։

Ոմանք կարծում են, որ Իվանիշվիլին Խազարաձեի մեջ քաղաքական մրցակից է տեսնում և մաքրում է քաղաքական դաշտը 2020 թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Մյուսների կարծիքով՝ որոշվել է Խազարաձեին «պատժել» երկրի նախկին վարչապետ, Բիձինա Իվանիշվիլիի երբեմնի ֆավորիտ, իսկ հետագայում՝ նրա հիասթափություն Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ նրա ընկերական կապերի համար; Ենթադրություններ կան, որ Իվանիշվիլին որոշել է ձեռքը գցել ТВС-բանկը;

Զուգահեռներ են անցկացվում 2004թ-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Վլադիմիր Պուտինը գրոհեց իր պոտենցիալ մրցակիցներին, գործարարներին և մեդիամագնատներին՝ Գուսինսկուն, Խոդորկովսկուն և ուրիշներին։ Փորձագետները նաև ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ТВС բանկի դեմ քրեական գործ հարուցելով՝ Իվանիշվիլին «միանգամից երկու նապաստակ է բռնում»՝ ազդեցիկ բանկային պաշտոնյան Մամուկա Խազարաձեին և աճող պոպուլյարություն ունեցող «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի տեր Ավթանդիլ Ծերեթելիին։

Եվ, այնուամենայնիվ, այս գործի գլխավոր վարկածն Անակլիայի նավահանգստի հետ է կապված։ Այս վարկածի համաձայն՝ Իվանիշվիլին նյարդայնացել է, որ հենց ТВС բանկն է ներգրավված Վրաստանի ամենակարևոր նախագծի՝ Անակլիայի նավահանգստի շինարարության իրականացման գործում։ Դա չի թաքցնում ինքը՝ Իվանիշվիլին։

Հարցազրույցներից մեկում քաղաքականություն վերադառնալուց հետո Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում երկու բանկ՝ ТВС բանկն ու «Սաքարթվելոս բանկին» «խժռել են ողջ երկիրը»։

Այդ նույն հարցազրույցում Իվանիշվիլին քննադատել էր այն ժամանակվածի վարչապետ Կվիրիկաշվիլիին այդ բանկերի շահերի լոբբինգն անելու համար։ Իվանիշվիլին նկատի ուներ, որ Անակլիայի նավահանգստի շինարարության մասնակցության տենդերը ТВС բանկը շահել էր հենց Կվիրիկաշվիլիի պաշտոնավարման ժամանակ։

Քաղաքագետ Գիա Նոդիան կարծում է, որ ակնհայտ է «քաղաքականապես մոտիվացված և կազմակերպված արշավը ֆինանսական կազմակերպության դեմ»։ Նրա կարծիքով՝ գլխավոր վարկածն Անակլիայի նավահանգիստն է։ «Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո սպասելի էր, որ Իվանիշվիլին կսկսի պայքարել նաև Խազարաձեի դեմ, որ Կվիրիկաշվիլիի ընկերն է», -ասում է Նոդիան։

ТВС բանկը մի ընկերություն է, որ ներկայացված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, այն Վրաստանի՝ 27-ամյա ստաժով խոշորագույն համակարգային բանկերից մեկն է։ Այն վստահություն է վայելում Վրաստանում։ Առավելապես պոպուլյար է բնակչության միջին շերտերում։

Քաղաքացիներից շատերը հենց այս բանկում ունեն խնայողություններ և հաշիվներ։ Վրաստանի նորագույն պատմությունը (1990-ական թթ․) հարուստ է բանկերի սնանկացման և մարդկանց խնայողությունների կորստի դեպքերով։ Դրանց մասին հիշողությունները դեռ թարմ են, այդ պատճառով էլ ТВС բանկի դեմ դատախազության գործողություննեը մարդկանց մոտ անկայունության զգացում են առաջացրել։

Վրաստանում ընդհանուր առմամբ 16 առևտրային բանկ կա։ Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է գործող բանկերի 2018թ-ի երրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները։ Անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին ամենաշատ եկամուտն ունեցել է ТВС բանկը՝ 262 մլն լարի, ինչը կազմել է բանկային հատվածի ընդհանուր եկամտի 44%-ը։ ТВС բանկի եկամուտն, ի տարբերություն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի, աճել է 23%-ով։ Վրաստանի առավել եկամտաբեր բանկերի հնգյակում են ТВС բանկը, «Սաքարթվելոս բանկին», «Լիբերթի բանկին», «VTB բանկն» ու «Բազիսբանկը»։

Երկրի բնակչության փորձել է հանգստացնել նաև Ազգային բանկը։

Դրա հատուկ հայտարարությունում ասվում է, որ ТВС բանկն առողջ վարկային կազմակերպություն է, դրա ակտիվները լիկվիդային են և նրա հաճախորդներին ֆինանսական վտանգներ չեն սպառնում։

Տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին, որը մի ժամանակ մոտ էր Իվանիշվիլիին, ТВС բանկի հետ կապված իրավիճակը սաբոտաժ է անվանում։ Նրա խոսքով՝ վտանգված է ոչ միայն բանկն, այլև ողջ երկիրը։ Սակայն միաժամանակ նա կանխատեսում է, որ ТВС բանկի դեմ հարուցված քրեական գործը շուտով կփակվի, քանի որ ոչ մի հեռանկար չունի․

«Բացարձակ անհասկնալի է, թե ինչի հիման վրա է քննությունը խոսում փողերի լվացման մասին։ Այս գործը մեկ այլ խնդիր էլ ունի․ այն հնացած է»։

«Նոր տնտեսական դպրոց – Վրաստան» կազմակերպության փոխնախագահ Գիա Ջանդիերին ասում է, որ ТВС բանկի հետ կապված իրադարձությունները բացասաբար են անդրադառնում երկրի միջազգային իմիջի, հետևաբար նաև ներդրողների տրամադրությունների վրա։

«Երբ ներդրողը տեսնում է, որ բանկային հատվածի նման ուժեղ խաղացողի վրա պետությունը կարող է այսպես բացահայտ հարձակվել, հարյուր անգամ կմտածի, թե արդյոք արժե մեր եկիր գալ իր կապիտալով», -ասում է Ջանդիերին։

Իվանիշվիլիի հետ փչացած հարաբերությունները կարգավորել և իր հավատարմությունն ապացուցել Մամուկա Խազարաձեն փորձել էր դեռ անցած նախագահական ընտրությունների ժամանակ (իր հատուկ հայտարարությունում ТВС բանկը կոչ էր արել իր աշխատակիցներին աջակցել իշխանամետ թեկնածուին)։

Բայց փաստ է, որ Իվանիշվիլիի համար Խազարաձեի այս փորձերը ոչ բավարար էին։

Այսօր Խազարաձեն իշխանությունների համար գրեթե համար մեկ թշնամի է, որի դեմ հզոր տեղեկատվական արշավ է գնում։

Տնտեսական հարցերի փորձագետ Գիա Խուխաշվիլին այդպիսի հնարավորությունը բացառում է։ «Խազարաձեն իշխանությունների հետ համաձայնության չի գնա, որովհետև դա անիմաստ է։ Սակայն ինքն էլ չի սկսի գործել։ Նա կսպասի իրավիճակի զարգացմանը․․․Դատախազությունում այս գործը հեռանկարներ չունի, քանի որ այն աբսուրդային և կեղծված է», -ասում է Խուխաշվիլին։

Նրա խոսքով՝ վերջնարդյունքում այս պատմությունում պարտված կողմը Բիձինա Իվանիշվիլին է լինելու, որը վերջերս հաճախ է պարտություն կրում իր ընդդիմախոսների հետ պայքարում։«Փաստացի շարունակվում է դեգրադացման գործընթացը, Իվանիշվիլին ոչ միայն չի կարող այն կանգնեցնել, այլև, ընդհակառակը․ ամեն ինչ ավելի ու ավելի արագ է զարգանում», -ասում է Խուխաշվիլին։

Օրացույց