Տրանսեվրոպական տրանսպորտային համակարգի ավարտը Եվրամիության և տեղական կառավարությունների համատեղ պարտականությունն է

հունվար 21, 2019 - 10:01        Viewed: 293       

Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթղթով, որը վերաբերում է «Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցին», Անակլիայի խորջրյա նավահանգստի երկրորդ փուլի ֆինանսավորման համար 233 000 000 եվրո է տրամադրվել։ Բացի այդ, նախագծում լրացուցիչ հաշվի է առնվել Անակլիայի նավահանգիստ տանող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և վերանորոգման համար նախատեսված ֆինանսավորումը։

«Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը» Եվրամիության նոր նախագիծն է, որը ֆինանսավորելու է կարևորագույն ենթակառուցվածքային նախագծեր Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ Նախագծի գլխավոր նպատակն այդ վեց երկրներում տնտեսական աճի խթանումն է։

«Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի» արժեքն ընդհանուր առմամբ կկազմի 13 մլրդ եվրո։ Առավել շատ ֆինանսավորում կստանան Ուկրաինան (4,45 րդ եվրո) և Վրաստանը (3,4 մլրդ եվրո)։

«Տրանսեվրոպական տրանպորտային ցանցի» շրջանակում Վրաստանում տասը նախագիծ է պլանավորվում։ Եվ բոլոր տասն էլ ճանապարհների, կամուրջների և հաղորդակցության ուղիների շինարարություն են ենթադրում։ Անակլիայի նավահանգիստն ամենաթանկարժեք նախագիծն է։ Փաստաթղթով նախատեսվում է նախագծերի զարգացման երկու փուլ․ կարճաժամկետ մասը պետք է ավարտվի 2020թ-ին, երկարաժամկետը՝ 2030-ին։

Ընդհանուր առմամբ, այդ ներդրումային նախագծի շրջանակում 6 երկրներում կկառուցվեն ավելի քան 4 800 կմ երկարությամբ երկաթուղային և ավտոմոբիլային մագիստրալներ, կզարգացվի 6 նավահանգիստ և կկառուցվի 11 լոգիստիկ կենտրոն։

Եվրահանձնակատար Յոհանես Խանը, որը պատասխանատու է Եվրամիության բարիդրացիության քաղաքականության համար, ասում է, որ տրանսեվրոպական տրանսպորտային համակարգի գործողությունների ներդրումային պլանի ավարտը Եվրամիության և տեղական կառավարությունների համատեղ պարտականությունն է։ Եվ այդ նախագծի նպատակը տարածաշրջանի բնակչության համար զգալի արդյունքներ ապահովելն է։

Անակլիայի նավահանգիստը Վրաստանի համար կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է։ Այն Կենրոնական Ասիայից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար ճանապարհ կբացի։ Վրացական առաջին խորջրյա նավահանգիստը, որը կառուցվում է Անակլիայում, հավակնություններ ունի Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների նավահանգիստներին լուրջ մրցակից դառնալու։

Ըստ փորձագետների՝ այսօրվա դրությամբ սա Վրաստանում իրականացվող գլխավոր նախագիծն է։ Ոմանք այն կարևորության տեսանկյունից համեմատում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի հետ, որի շինարարությունը սկսվել էր դեռ Շևարդնաձեի կառավարման տարիներին։

Վերլուծաբաններն ակնկալում են, որ Անակլիայի նախագիծը զգալիորեն կակտիվացնի Վրաստանի տնտեսական աճը։ Ինչպես նաև երկրին կվերադարձնի կարևոր տրանսպորտային հանգույցի վաղեմի նշանակությունը (այս նախագիծը մասամբ կրկնում է Մետաքսի ճանապարհը) և Վրաստանը կվերածի հարգված ծովային պետության։

Նախագծի հաջողությամբ հետաքրքրված է ԱՄՆ-ն։ Դրանում շատ են մասնավոր ամերիկյան ներդրումները։

Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը պլանավորվում է իրականացնել 9 փուլով։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 2,5 մլրդ դոլար և նախատեսում է ծովային տարածքի խորացում 16 մետրով։

Շինարարության առաջին փուլը կավարտվի 2020թ-ին։ Հենց այդ ժամանակ էլ Անակլիան կընդունի առաջին նավը։ Անակլիայի նավահանգստի նախագծի առաջին փուլի ավարտից հետո Վրաստանը կարող է Պանամաքս և Պոստպանամաքս տեսակի կոնտեյներային (TEU) 10 հազար նավ ընդունել, որոնք այսօր չի կարող ընդունել վրացական և ոչ մի նավահանգիստ՝ ոչ Բաթումը, ոչ Փոթին։ Պլանի համաձայն՝ 2021թ-ին Անակլիայի նավահանգստի թողունակությունը կհասնի մինչև մեկ մլն TEU կոնտեյներ և 1.5 մլն տոննա չոր խառնալից բեռ։

Օրացույց