Ուկրաինական եկեղեցու թեման վրաց եկեղեցու ներսում պառակտում է առաջացրել

փետրվար 01, 2019 - 10:50        Viewed: 244       

Վրաց ուղղափառ եկեղեցին նախկինի պես չի շտապում ճանաչել Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան։ Տիեզերական պատրիարքի ներկայացուցիչների և Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հանդիպումն առանց որևէ արդյունքի է ավարտվել։ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ներկայացուցիչները Թբիլիսի են ժամանել՝ Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիա տրամադրելու մանրամասները քննարկելու։ Հանդիպմանը, որը տևել է մոտ երկու ժամ, ներկա էր Վրաց ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդի մի քանի անդամ, այդ թվում՝ պատրիարքի տեղապահ քահանայապետ Շիոն։

Ինչպես հանդիպումից հետո նշել են Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, Կոստանդնուպոլսի պատրիարքարանի պատվիրակության այցը ոչ մի առանձնահատուկ ազդեցություն չի ունեցել վրաց եկեղեցու վրա․ այն նախկինի պես իր կարծիքին է մնում, և չի շտապում ճանաչել ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան։ Ինչպես հանդիպումից հետո նշել է քահանայապետ Շիոն, այդ հարցը կքննարկվի հերթական նիստին, որը կկայանա գարնանը։ Իսկ մինչ այդ Վրաստանի պատրիարքարանն այդ հարցով որոշումներ չի կայացնելու։ «Շատ կարևոր հանդիպում էր։ Գլխավորն այն է, որ նրանք մեր եկեղեցու հանդեպ կոռեկտ դիրքորոշում են հայտնել, քանի որ այստեղ են եկել՝ մեզ համոզելու ընդունել այս կամ այն որոշումը։ Կարևոր է նաև այն, որ նրանք ըմբռնումով են մոտենում, որ մենք չենք շտապում (որոշում կայացնել)։ Միտրոպոլիտը մի քանի անգամ դա կրկնեց զրույցի ընթացքում», -ասել է քահանայապետ Շիոն։

Լրագրողները Շիոյից հարցրել են, թե որքանով է գործընթացի վրա ազդում Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումն ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիայի վերաբերյալ։ Շիոն պատասխանել է․ «Ցավոք, մեզ մոտ (Վրաստանում) մի կարծիք կա, որ մեր ներկայիս դիրքորոշումն ասոցացվում է ռուսական ազդեցության հետ։ Իրականում այսօր մենք ինքներս ենք լսել Տիեզերական հայրապետի դիրքորոշումն առ այն, որ իրենք համաձայն են մեր դիրքորոշման հետ»։

Կոստանդնուպոլսի պատրիարքարանի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի միտրոպոլիտ Էմանուելը լրագրողներին ասել է, որ պատվիրակության նպատակը ուկրաինական եկեղեցուն ավտոկեֆալիա շնորհելու որոշման մանրամասների մասին վրաց եկեղեցուն իրազեկելն էր, «այլ ոչ թե որևէ ճնշում կամ մեր կարծիքի պարտադրում»։ «Մենք գիտենք, որ Վրաստանի կաթողիկոսը բավականաչափ իմաստություն ունի իմաստուն որոշում կայացնելու համար», -ասել է Էմանուելը։

Միտրոպոլիտը մի քանի անգամ նշել է, որ «այսօր գլխավորն ուղղափառ եկեղեցիների միջև միասնություն պահպանելն է»։

Նրա խոսքով՝ պատվիրակության այցը Թբիլիսի նրանով չէր պայմանավորված, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի և վրաց եկեղեցու միջև տարաձայնություններ կան։ «Մենք Վրաստան ենք այցելել ոչ թե այն պատճառով, որ վրաց եկեղեցու հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել։ Մենք ունենք ընդհանուր կարծիք, ընդհանուր հայացքներ, և սա երկու եղբայրական եկեղեցիների սովորական եղբայրական, բարի հանդիպում էր», – հայտարարել է միտրոպոլիտ Էմանուելը։

Կոստանդնուպոլսի պատրիարքարանի պատվիրակությունը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Հունվարի 5-ին Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը տոմոս է ստորագրել, որը հաստատում է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան։ Դա ռուսական եկեղեցուց անկախություն է նշանակում։ Սակայն վրաց եկեղեցին մինչև այսօր չի շտապում այդ փաստը ճանաչել։

Ուկրաինական եկեղեցու թեման վրաց եկեղեցու ներսում պառակտում է առաջացրել․ սինոդի անդամների մի մասը կարծում է, որ Վրաստանը պետք է ճանաչի ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան։ Մյուս մասը կարծում է, որ Վրաստանը պետք է զգույշ լինի այդ հարցում։ Նրանց գլխավոր փաստարկն այն է, որ, եթե Վրաստանը ճանաչի ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան, Ռուսաստանը կարող է ճանաչել աբխազական եկեղեցու ազատությունը։

Օրացույց