Արցախյան բանտում պատիժը կրած ադրբեջանցին ազատ է արձակվել, սակայն նա չի ցանկանում հայրենիք վերադառնալ

փետրվար 08, 2019 - 12:21        Viewed: 139       

Արցախում ազատ է արձակվել Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն։ Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման Լեռնային Ղարաբաղի սահմանը 2017թ-ի փետրվարի 1-ին ապօրինի հատելու համար։ Հուսեյնզադեն ազատ է արձակվել 2019թ-ի փետրվարի 2-ին, քանի որ լրացել է նրա պատժի ժամկետը։

Ձերբակալված ադրբեջանցին, Ադրբեջանի Զինված ուժերի մոտոհրաձգային 157-րդ բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Հուսեյնզադեն, 2017թ-ի փետրվարի 1-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հատվածում ապօրինի հատել էր Արցախի սահմանը։ Զինծառայողը հայտնվել էր հայկական մարտական դիրքերի խրամատներում և ձերբակալվել։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է իրավիճակը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի քաղաքացին կրել է իր պատիժն ու ազատ արձակվել, ինչպես հարկն է իրավական պետությունում. «Մեզ համար բնական է Ադրբեջանի քաղաքացու ազատ արձակումը` օրենքի տառին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Արցախում միայն ազգային պատկանելիության համար մարդկանց չեն պահում կամ տանջում, ինչպես դա արվում է Ադրբեջանում»։

Մամուլի քարտուղարը պարզաբանել է նաև, թե ինչ զարգացում կարող է ունենալ իրավիճակը. «Հիշեցնեմ, որ նա ժամանակին հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան`շատ լավ հասկանալով, թե ինչ է նրան այնտեղ սպասվում։ Սովորաբար նման դեպքերում մարդիկ ընտրում են երրորդ երկիր։ Կարծում եմ` նրա նկատմամբ ևս կկիրառվի նման դեպքերում ընդունված միջազգային պրակտիկան»։

2019թ-ի փետրվարի 5-ին Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց, որ դեռ երկու տարի առաջ Էլնուր Հուսեյնզադեի դեմ քրեական գործ է հարուցվել 274-րդ հոդվածի (պետական դավաճանություն) համաձայն, և նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Հայտարարությունում ասված է նաև, որ զինվորական ծառայություն կրելիս Հուսեյնզադեն աչքի էր ընկնում անկարգապահությամբ և բազմիցս ինքնակամ լքել է իր զորամասը։ Ադրբեջանական կողմն Էլնուր Հուսեյնզադեին փախստակ է համարում` այսինքն կարծում է, որ զինծաջայողը ինքնակամ հայկական կողմն է անցել: Հուսեյնզադեն մինչև հիմա միջազգային հետախուզման մեջ է, և նրան ազատազրկում է սպառնում հայրենիքի դավաճանության համար։

Օրացույց